Wednesday, August 17, 2011

Հայաստան է ներխուժել Ալյա Այաթ աղանդավորական կառույցը, որը մարդկանց «բուժում» է ինքնահրկիզմամբ

Tert.am. 17-8-2011- Անձին, ում խաբելով ու զոմբիացնելով ներքաշել են աղանդավորական կառույց, նորմալ կյանքին վերադարձնելու համար կպահանջվի 2-7 տարի և ահռելի մեծ ֆինանսական միջոցներ: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, իրենց կենտրոնը վերջին հինգ տարվա ընթացքում կարողացել է նման աջակցություն ցույց տալ ընդամենը 10-15 մարդու:
Նրա գնահատմամբ` Հայաստանում շատ են ակտիվացել կրոնական կառույցները, հատկապես «Եհովայի վկաներ»-ը: Աղանդի ներկայացուցիչները տարբեր հայցերով դիմում են դատարան: Փորձում են իրենց ճնշվողի դերում ներկայացնել:
Կրոնական գրեթե բոլոր կառույցների արմատներն Ամերիկայի Միացյալ Նահանգներ են տանում: Դրանք «սնվում» ու միջոցներ են ստանում հենց ԱՄՆ-ից: Քիչ կազմակերպություններ են եվրոպական կամ միջին ասիական: Վերջերս Հայաստան է ներխուժել Ալյա Այաթ անվանումով կրոնական կառույցը, որը մարդկանց «բուժում» է ինքնահրկիզմամբ: Այն սկզբնավորվել է Ղազախստանում:
Հայաստանում գլուխ է բարձրացրել բողոքական ճյուղը, խարիզմատիկ եկեղեցին, եւ երկրում սկսել են անպատժելի իրավիճակում գործել:
Խարբերդում «Աստծո զինվորներ» կառույցը ղեկավարում է Շողեր անունով մի կին, իսկ կառույց մուտք գործել չի կարող ոչ իրավապահ մարմնի, ոչ էլ պետական մարմնի ներկայացուցիչ, եթե անկոչ հյուր է: Ալեքսանդր Ամարյանի խոսքերով` եթե ուսումնասիրվի տիկնոջ գործունեությունը, հնարավոր է քրեական գործ հարուցել օրենսգրքի առաջինից մինչև վերջին հոդվածով:
Եկեղեցու դերն աղանդի դեմ պայքարում Ամարյանը համարում է ավելի փոքր, քան ժողովրդի ու կառավարության դերը: Ըստ նրա` կրոնական կառույցները հսկող օրենսդրություն պետք է լինի, պետք է պատրաստվեն փորձաքննություն կատարող մասնագետներ, կրոնագետ-հոգեբաններ, կրոնագետ-իրավաբաններ: Կրոնական դրդապատճառներով կատարվող սպանության դեպք է արձանագրվել, երբ դատախազությունը բանիմաց մասնագետ չի կարողացել տրամադրել: «Կրոնական կառույցներով զբաղվող իրավապահ մարմին է անհրաժեշտ: Աղանդներն աղաղակում են, որ իրենց ճնշում են, որը բացառվում է»,-համոզված է Ալեքսանդր Ամարյանը:

No comments: