Wednesday, August 17, 2011

Ղարաբաղի ճանաչումը գերտերությունների կողմից հասունանում է. Գագիկ Մինասյան

Tert.am. 17-8-2011- «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր ասուլիսում նշեց, որ Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացում՝ միջազգային հանրությունն այսօր առավել ներգրավված պիտի լինի, իսկ Ղարաբաղի ճանաչումը գերտերությունների կողմից հասունանում է։
Նա հիշեցրեց, որ Հարավօսական կոնֆլիկտի մասին Դմիտրի Մեդվեդևի հարցազրույցում հնչեցրած «Ավելի լավ է երկար բանակցություններ, քան հնգօրյա պատերազմ» միտքը «մեծ վայնասուն» առաջացրեց Բաքվում։ Մտավորականները տեղի օրաթերթերում մտավախություն հայտնեցին, որ այս պարագայում միջազգային հանրությունը կարող է հայտարարել, թե Ադրբեջանի ռազմատենչ դիրքորոշման պահպանման դեպքում կճանաչի Ղարաբաղի անկախությունը։
«Տարիներ շարունակ Ալիևների կլանը Ադրբեջանի հասարակությանը պատրաստել է, թե ոչ մի դեպքում չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Մի կողմից սա էական խոչընդոտ է, մյուս կողմից էլ ոչ վատ զինատեսակ Ալիևի համար բանակցությունների սեղանի մոտ։ Նա միշտ կարող է ասել, թե իր ժողովուրդը, ահա, պատրաստ չէ անկախության ճանաչմանը»,- հիշեցրեց նա։
Սակայն, ըստ Մինասյանի, այս խորամանկությունն արդեն դժվար թե օգնի Ադրբեջանին, քանի որ արդեն Դովիլում պետությունների ղեկավարները պատվեր ստացան պատրաստել իրենց ժողովուրդներին փոխզիջումների։ «Կարծում եմ, այս գործընթացի տրամաբանական զարգացում պիտի լինի այն, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, այդ երկրները ճանաչեն Ղարաբաղը»,- նշեց նա։
Ըստ բանախոսի, սակայն՝ առավել կարևոր է միջազգային հանրությանը պատրաստել։ Այսինքն՝ նրան ներկայացնել այն, որ եթե Ադրբեջանը ռազմատենչ է, և օգտագործում է նման զինատեսակներ, ապա որպես հակազդում պետք է ընտրել այն միջոցը, ինչն արդեն կիրառել է Հայաստանը՝ ճանաչել Ղարաբաղը։ Այս պարագայում, Մինասյանի կարծիքով, մեծածաված աշխատանքների կարիք կա։

No comments: