«Ադրբեջանում ընդդիմությունն իսպառ վերացված է: Այն փոքր ցույցերը, որ կազմակերպում է «Մուսաֆաթ»-ը, դրանք երբևիցե քաղաքական քիչ թե շատ կարևոր դերակատարում չեն կարող ունենալ: Եվ այս պայմաններում Ադրբեջանում ստեղծվել է տոտալիտար մի համակարգ, որի հիմքերը բավական ամուր են և այն հաղթահարելու համար պետք է իրականացնել ոչ թե քաղաքական հեղափոխություն, այլ կրոնական»,- այսօր անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նաև նշեց, որ Ալիևի համար լուրջ խնդիր են գաղափարական առումով Իրանից սնվող կրոնական հոսանքները, որոնք կազմակերպչական առումով բավական արդյունավետ են: Իսկ քաղաքացիական ներուժ, որպես այդպիսին, Ադրբեջանում գոյություն չունի: Այնտեղ տեղի ունեցած ցույցերի մասնակիցների առավելագույն թիցը 100-150 հոգին է, ըստ որում, նրանք բոլորն էլ «Մուսաֆաթ» կուսակցության ակտիվիստներ են եղել:
Անդրադառնալով Ադրբեջանի հասարակության վիճակին, Հ. Մելիք-Շահնազարյանն ասաց. «Վերջերս Գանձակից դուրս եկած մի ադրբեջանցու հետ հարցազրույց եղավ, որտեղ վերջինս պատմում էր, թե ինչպես են այդ տարածքները բնակեցնում քրդերով և քրդերն ինչ անօրինություններ են իրականացնում ադրբեջանցիների նկատմամբ և ոչ ոք չկա, որ պաշտպանի նրանց իրավունքները: Նախիջևանում մարդկանց ցուցադրաբար փայտերով ծեծում են կոմունալ վարձերը չվճարելու համար, որպեսզի մյուսներին դաս լինի»:
Այնուհետև խոսելով տեղեկատվական պայքարի մասին, բանախոսը նշեց, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղեկատվական պատերազմ չկա: Կա ինչ-որ վիրտուալ տարածք, որն ստեղծել են ադրբեջանցիները, այնտեղ իրենք կռվում են և իրենց հասարակությանը ներկայացնում են, թե` տեսե´ք, այստեղ էլ հաջողության հասանք: Բայց իրականության մեջ` 6 ամիս շարունակ նրանց քարոզչությունը միայն հերքում է ՀՀ նախագահի հայտարարությունները: Այսինքն զբաղված են զուտ հերքումներ տալով»
«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մենք հնարավորություններ ունենք անմիջական տեղեկատվություն հասցնելու Ադրբեջանի բնակչության ավելի քան 300 հազար քաղաքացիների` ազդելով նրանց տրամադրությունների վրա: Այսօր հայկական կողմն ունի այդ հնարավորությունը»,- հայտարարեց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքերով` Հայաստանը փոքրամասնությունների վրա ազդող կապեր ունի և´ թալիշների, և´ ավարների, և´ լեզգիների շրջանում: Բացի այդ, խոսքը գնում է հեռուստա-ռադիոեթերի և լրատվական կայքերի միջոցով ազդեցություն տարածելու մասին: «Այս ամենը պատրաստվում է հնարավոր պատերազմի դեպքում»,- վստահեցրեց քաղաքագետը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment