Tuesday, August 9, 2011

Հակամարտության կարգավորման ակնկալիքներ չկան...

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումները Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ կրելու են պատերազմը կանխող բնույթ: Այսպիսի կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Հիշեցնենք, որ այսօր կայանալու է Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպումը, իսկ Աստանայում օգոստոսի 12-13–ին` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահը կհանդիպի նաև Հայաստանի իր գործընկերոջը` Սերժ Սարգսյանին: «Չեմ կարծում, որ նախագահների կազանյան եռակողմ հանդիպումից հետո կողմերի դիրքորոշումներն այնքան են փոխվել, որ առաջիկայում ղարաբաղյան հակամարտության շուրջ ակնկալենք լուրջ տեղաշարժ: Առաջիկա հանդիպումների ժամանակ խոսքը կարող է գնալ այնպիսի պայմանավորվածությունների մասին, որ կամրապնդեն կայունությունը սահմանների առաջին գծում և զերծ կպահեն անհարկի լարվածությունից: Ակնհայտ է, որ Կազանից հետո ադրբեջանական կողմի դիրքորոշումները չեն փոխվել, և նրանք զբաղված են նոր մեթոդոլոգիա մշակելով` բանակցությունների ներկա փուլը տապալելու համար»,- նկատեց ռազմական փորձագետը:
Եթե Ադրբեջանը գնա պատերազմի, ապա Հայաստանը կստանա իր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի լուրջ աջակցությունը: Դավիթ Ջամալյանը այդ համոզմանն է` հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, ինչպես նաեւ Ռուսաստանի Զինված ուժերի բարձրագույն ղեկավարության, այդ թվում նաև ՌԴ ՊՆ օպերատիվ շտաբի պետ, գեներալ Անդրեյ Տրետյակի հայտարարությունները: Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր, թե Ռուսաստանը կկատարի Հայաստանի նկատմամբ իր ռազմական պարտավորությունները:
Ըստ Դ. Ջամալյանի` 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը նվազեցրել է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը, քանի որ այն առաջին հերթին ձեռնտու չէ Ռուսաստանին: «Դա փաստ է, և ՌԴ-ն երբեք թույլ չի տա պատերազմ Հարավային Կովկասում, ինչը բացեիբաց է ասվում: Իսկ եթե, այնումանայնիվ, Ադրբեջանը գնա ռազմական արկածախնդրության, ապա Հայաստանին Ռուսաստանի կողմից աջակցություն կլինի, ընդ որում` շատ լուրջ: Որևէ կասկած դրանում չունեմ. դա հայտարարվում է և' ռազմական, և' դիվանագիտական ասպարեզում»,- ասաց ռազմական փորձագետը:
Ըստ նրա` Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ունեն քարոզչական բնույթ: «Բաքվում սթափ են գնահատում իրենց ունակությունները և խնդիրը: Հասկանում են նաև, որ ներկայում պատերազմի վերսկսման նպաստավոր իրավիճակ չէ' աշխարհաքաղաքական և ռազմական հնարավորությունների տեսանկյունից»,- նկատեց Դ. Ջամալյանը: Իսկ ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների հեռանկարը` ստատուս քվոյի պահպանումն է, որը հայկական կողմը պետք է առավելագույն կերպով օգտագործի, ամրապնդելու իր հաղթանակը և վերաբնակեցնելու ազատագրված տարածքները:

No comments: