Sunday, August 28, 2011

Համերներ, համարանիշեր եւ օլիգարխներ

«Լրագիր» 27-8-2011- WikiLeaks կայքում տեղադրվել է ԱՄՆ դեսպանատան հեռագիրը հայաստանյան փողոցների վերաբերյալ: “Համերներ, համարանիշեր եւ օլիգարխներ. Ով ով է Հայաստանի փողոցներում” խորագրով նամակում նշվում է, որ երբեմն զուտ սնափառությունից, երբեմն էլ ճանապարհային ոստիկանության դեմ որպես հմայիլ օգտագործելու համար, հայաստանցիները պատկառելի գումարներ են ծախսում շողշողուն համարանիշների վրա, որը մի կողմից ՃՈ ոչ ֆորմալ եկամտի կայուն աղբյուր է, մյուս կողմից մանր կոռուպցիային աջակցելու հայ հասարակության պատրաստակամությունը:
Նամակում նշվում է, թե հիերարխիան ինչպես է արտացոլված մեքենաների համարներում: Նախագահը, խոսնակը եւ վարչապետը երթեւեկում են համապատասխանաբար 001 UU 01, 001 OO 01, 001 LL 01 համարները կրող մեքենաներով: Նշվում են հայ օլիգարխների հերթական համարները:
“Գագիկ Ծառուկյանը Մուլտի Գրուպի, Երեւանի առաջին Համերի, այժմ նաեւ Երեւանի առաջին Ռոլս Ռոյսի սեփականատերը փաստացի ձեռք է բերել 8 թվանշանի եւ տառերի զանազան կոմբինացիաներով տարբերակների բացառիկ իրավունքը իր, իր ընտանիքի, աշխատակազմի եւ թիկնազորի համար”, կարդում ենք նամակում:
Նշվում է, որ “Սամվել Ալեքսանյանի` Երեւանի երկրորդ համերի եւ Հայաստանի շաքարավազի մոնոպոլիայի հպարտ տիրոջ” 6 թվանշանով տարբերակների, “Հայաստանի երրորդ Համերի տիրոջ` Ռուբեն Հայրապետյանի” 5 թվանշանի նախընտրության մասին:
05 XX 555 համարանիշը (պատկանում է Մանվել Գրիգորյանին, պաշտպանության փոխնախարար, նախկին բեռնատարի վարորդ եւ Ղարաբաղի պատերազմի հերոս, ժամանակին մեղադրվել է Էջմիածնում հանրային ծառայություններից “ատկատներ” վերցնելու համար) “նույնքան լավ է, որքան կարմիր [դիվանագիտական] համարները”, ասում է դեսպանատան վարորդն ու նախկին պետավտոտեսուչը:
“Չորրորդ Համերը, որը պատկանում է նախագահ Քոչարյանի որդուն, կրում է 07 UU 007 համարանիշը, թեեւ տուրք տալով ժողովրդավարությանը (կամ երեւի Ջեյմս Բոնդին), լավ կապեր ունեցողները 007 կոմբինացիայի տարբերակները դեռեւս կարող են ձեռք բերել 2000-3000 դոլարով, որը վճարվում է Ճանապարհային ոստիկանության պետին,” պատմում է ԱՄՆ դեսպանատան հեռագիրը:
“Հավանաբար հայերը հակված են ընդունել (եւ աջակցել) այս համակարգը, քանի որ այն պարզապես ավելի է հստակեցնում նեպոտիզմի եւ ֆավորիտիզմի ծանոթ համակարգերը: Առնվազն միշտ գիտես թե ով է առաջդ կտրում …”, մեկնաբանում է ԱՄՆ դեսպանատունը: Այս գրությունը թվագրվում է 2004 թվականին:

No comments: