Sunday, August 28, 2011

Գոդֆրին զարմացել է՝ որքան հեշտ են Հայաստանում ներում բանակում սպանություն կատարողներին. Wikileaks

Tert.am. 27-8-2011- «Հայաստանի վճռաբեկ դատարանը զարմանալի կերպով չեղյալ հայտարարեց դեկտեմբերի 22–ի աղմկահարույց սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայողների դատավճիռը», – ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված նամակում գրում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար էնթոնի Գոդֆրին և հավելում, որ զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը ցմահ ազատազրկման էին դատապարտվել Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում երկու զինծառայողի սպանության գործով։
Wikileaks կայքի կողմից գաղտնազերծված փաստաթղթում նշվում է, որ վերոնշյալ փաստի առթիվ առաջին ատյանի դատարանը Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել, իսկ վերաքննիչ դատարանը՝ 15 տարվա ազատազրկումը փոխել էր «ցմահ բանատարկության»։
Դիվանագետն այուհետև զարմանքով գրում է, որ Գերագույն դատարանը վճռեց, թե իբր չկա մի ապացույց, որը կհաստատի զինծառայողների մեղքը։ «Դատավորը, որի որդին ԱՄՆ դեսպանատանն է աշխատում, մեզ ասաց, որ Սարգսյանը և նրա զինակիցները շարունակվում են մեղադրյալի կարգավիճակում մնալ՝ այդ հանցագործության համար, սակայն ազատ են արձակվել ՀՀ Քրեական օրենսգրքի այն դրույթի համաձայն, որը, դատավորին թույլ է տալիս գործը գլխավոր դատախազին ուղարկել՝ կրկնակի քննություն անցկացնելու համար, եթե համարում է, որ առաջին քննությունն օրենքին համապատասխան չի անցկացվել»,– գրում է դիվանագետը։
Փաստաթղթի վերջում դիվանագետը նշում է, որ, ի տարբերություն դատավորի, լրատվամիջոցներն այլ բան են գրում. դրանք հավաստիացնում են, որ զինվորները պաշտոնապես արդարացվել են։
Հիշեցնենք, որ 2003թ. դեկտեմբերի 24–ին «Մատաղիս»-ի զորամասում 2 զինվոր (Ռոման Եզիազարյան ու Հովսեփ Մկրտումյան) սպանվեցին։ Սպանության համար մեղավոր ճանաչվեցին նույն զորամասի 3 զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը ու Արայիկ Զալյանը։

No comments: