Wednesday, August 3, 2011

Հայ գործարարները նախընտրում են իրենց բիզնեսը տեղափոխել Վրաստան. НГ

Tert.am. 3-8-2011- Վրաստանն արմատապես փոխվել է, ինչի մասին է վկայում այն հանգամանքը, որ հայ գործարարներն իրենց բիզնեսը տեղափոխում են հարավկովկասյան այդ երկիր։ Այս մասին է գրում «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը՝ անդրադառնալով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ օրեր առաջ Հարավային Օսեթիայի վերաբերյալ արած հայտարարությանը։
Հիշեցնելով Պուտինի հայտարարությունը, թե «Հարավային Օսեթիայի միացումը Ռուսաստանին կախված է լինելու օսեթ ժողովրդից», «Նեզավիսիմայա գազետան» գրում է. «Այդ խոսքերը հնարավոր է՝ ուղղված լինեն միանգամից մի քանի հասցեատերերի, այդ թվում՝ Թբիլիսիին։ Նախ, այդ խոսքերը հնչեցին ԱՄՆ Սենատի կողմից Վրաստանի վերաբերյալ ընդունված օրինագծից հետո, որում Ռուսաստանը ներկայացվում է որպես Աբխազիան և Հարավային Օսեթիան բռնազավթած երկիր։ Վարչապետի խոսքերում կարելի է տեսնել ակնարկ այն մասին, որ Վաշինգտոնն իր բանաձևերով չի կարող թելադրել Մոսկվային. կարելի է անընդհատ պահանջել, սակայն զորքերը վրացական նախկին ինքնավարություններից դուրս չեն բերվելու։ Ամեն դեպքում Միացյալ Նահագների պահանջով»։
Նշելով, որ Պուտինի խոսքերը կարող են ուղղված լինել նաև նախագահական ընտրություններին պատրաստվող Աբխազիային, պարբերականը գրում է. «Աբխազիայում նախընտրական քարոզարշավի ժամանակ պարբերաբար հնչում են խոստումներ հանրապետության իրական անկախության մասին հոգալու վերաբերյալ։ Այս ենթատեքստում Վլադիրմիր Պուտիի խոսքերը կարելի է որակել և որպես նախազգուշացում, և որպես առաջարկ»։
Ըստ «Նեզավիսիմայա գազետա»-ի՝ չի բացառվում, որ Պուտինի խոսքերն ուղղված լինեն նաև պաշտոնական Թբիլիսիին։
«Ամենահետաքրքիրն այն է, որ ՌԴ վարչապետի խոսքերը կարող են ուղղված լինել հենց Թբիլիսիին. օսեթ ժողովուրդն ազատ է և կարող է չցանկանալ միանալ Ռուսաստանին։ Այստեղ շատ բան, եթե ոչ բացարձակապես ամեն ինչ, կախված է Մոսկվայից։ Իսկ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն օրեր առաջ Ուկրաինայում Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի հետ հանդիպմանը վստահեցրել էր, որ «Վրաստանի պատրիարքը կանոնիկ իրավասություն ունի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքների նկատմամբ»։ Կիրիլի այդ հայտարարությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց վրաց հասարակության կողմից»։
«Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ հակառակ ամեն ինչին, վրաց ժողովրդի հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ շարունակում է աճել, իսկ Վրաստանը՝ արմատապես փոփոխվել։

«Այսպես կոչված «իրազեկված աղբյուրները» նշել են, թե հնարավոր է Ռուսաստանի և Վրաստանի միջև վերացվի այցագրային ռեժիմը։ Այդ աղբյուրներն ասում են, թե նման բան հնարավոր է, եթե Վրաստանն իրոք պետք լինի Ռուսաստանին... Իսկ ինչպիսի՞ Վրաստան է պետք Ռուսաստանին։ Վերջին տարիների ընթացքում այդ հարավկովկասյան երկիրը արմատապես փոփոխվել է։ Իսկ այդ փոփոխությունների ամենավառ օրինակն այն է, որ Հայաստանի գործարարները նախընտրում են իրենց բիզնեսը տեղափոխել Վրաստան կամ հենց այդ երկրում նոր գործ սկսել։ Այս ամենը շատ բանի մասին է խոսում՝ հաշվի առնելով հարևանների բազմադարյա մրցակցությունը։ Դժվար է պատկերացնել, որ Վրաստանը կհրաժարվի իր ձեռքբերումներից, ասենք, հանուն ռուսական պայմաններով Ռուսաստանի հետ իր հարաբերությունների վերականգնման։ Մի խոսքով, Պուտինն ասել է, և Թբիլիսում մտածելու բան ունեն»,– գրում է «Նեզավիսիմայա գազետան»։

No comments: