Wednesday, August 24, 2011

Ադրբեջանցի քաղաքագետ. Ադրբեջանական իշխանությունները շատ են վախենում Ռուսաստանից

Nesws.am. 24-8-2011- «Ադրբեջանական իշխանությունները շատ են վախենում Ռուսաստանից: Ղարաբաղի խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է: Բացի այդ, Ադրբեջանի ավելի քան 2 միլիոն քաղաքացի բնակվում է Ռուսաստանում: Ռուսաստանը Ադրբեջանին ոչնչացնելու 100-ավոր ուղիներ ունի»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն «Ազագլըգ»-ին տված հարցազրույցում:
Քաղաքագետը մասնավորապես անդրադարձել է Սոչիում կայացած Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպմանը եւ նշել, որ Մեդվեդեւի` «մենք Ալիեւի հետ բաց ենք խոսել» արտահայտությունը նպատակ ունի ահաբեկել Ալիեւին. «Նման հայտարարությունները կարծես զգուշացնում են, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, ապա Ռուսաստանը կարող է մեզ Վրաստանի օրը գցել: Դա ակնհայտ հակաադրբեջանակ ուղերձ է»:
Պատասխանալով այն հարցին, թե ինչու է Ադրբեջանում հակառուսական հիստերիայի փոխարեն հակաամերիկյան հիստերիա սկսվել` քաղաքագետը ասել է. «ԱՄՆ-ը մեզնից շատ հեռու է եւ փորձում է օժանդակել մեր ժողովրդավարական ձեռնարկումներին: Սակայն Հարավային Օսիան եւ Աբխազիան լավ դաս էին Ռուսաստանի հարեւանների համար: Ռուսաստանը դեռեւս առաջնահերթությունը տալիս է արտաքին քաղաքականության այդ գծին»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Արբեջանի նախագահների հանդիպումը տեղի էր ունեցել օգոստոսի 9-ին Սոչիում: Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, նաեւ միջազգային բնույթի հարցեր` մասնավորապես կապված համաշխարհային տնտեսական խնդիրների հետ:

No comments: