Wednesday, August 31, 2011

ԻՆՉԻ՞Ց ԵՆ ԶԳՈՒՇԱՑԵԼ

«ԱԶԳ», 31-08-2011 - Ադրբեջանի էքս-վարչապետ Փանահ Հուսեյնը ընդդիմադիր հանրային պալատի նիստում հանդես է եկել նախաձեռնությամբ, որի իմաստը Թուրքիայի հետ իր երկրի համադաշնություն ստեղծելն է: Մինչ այդ էլ, իհարկե, «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը կար: Բայց այլ բան է երկու թուրքական պետությունը, բոլորովին այլ` երկու թուրքական պետությունների համադաշնությունը: Համադաշնությունն, ի վերջո, ենթադրում է պետական ինքնիշխանության որոշակի սահմանափակում: Իսկ այս դեպքում հասկանալի է, որ համադաշնության ձգտող ադրբեջանական ընդդիմությունը, եթե դա նաեւ իշխող վերնախավի տրամադրությունների անուղղակի արտահայտություն չէ, փաստորեն հայցում է Թուրքիայի` որպես ավելի զորեղ երկրի հովանավորությունը:
Տրամադրությունների մասին կարելի է ենթադրություն անել այնքանով, որ Փանահ Հուսեյնի առաջարկած գաղափարն արժանացել է էքս-պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեի ծավալուն մեկնաբանությանը, որը փոխանցում է «Ենի մուսավաթ»-ը: Նա հատկապես կարեւորել է նախկին վարչապետի հետեւյալ միտքը. «Ադրբեջանն ստիպված է հենվել աշխարհաքաղաքական մի ուժի: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ հանրային պալատը պետք է ուշադրության կենտրոնում ունենա Թուրքիայի հետ համադաշնություն ստեղծելու հարցը»: Գուլուզադեն գտնում է, որ այդ գաղափարը «միշտ էլ օրակարգում է», եւ ավելացնում, որ դրա համար բոլոր հիմքերը կան` «միեւնույն ազգ, միեւնույն ճակատագիր եւ պատմություն», ինչից էլ բխեցնում է, որ Թուրքիա- Ադրբեջան «համադաշնությունը իրական հեռանկար է»: Գուլուզադեի գնահատմամբ` «համադաշնությունը հավասարազոր կլինի ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցությանը: Չորս կողմից թշնամիներով շրջապատված Ադրբեջանը ամեն տեղ վտանգների է հանդիպում: Այս տեսանկյունից, իրավիճակից դուրս գալու համար դա խիստ անհրաժեշտություն է: Թուրքիան էլ դրանից շահ ունի: Ստեղծվելիք համադաշնությունը Թուրքիային Կասպից ծով դուրս գալու աշխարհաքաղաքական հնարավորություն կընձեռի: Ադրբեջանը ոչ Անդորրա է, ոչ Լիխտենշտեյն, որոնց Եվրոպան պաշտպանում է»:
Նշանակու՞մ է սա արդյոք, որ Ադրբեջանում սկիզբ է առնում «արժեքների վերագնահատման գործընթաց», թե՞ Բաքվում պարզապես «թուլություն են խաղում»` քողարկելու համար իշխող վերնախավի իրական մտադրությունները, այն է` Հարավային Կովկասում «դառնալ կամք թելադրող», այս պահին դժվար է կանխագուշակել: Ամեն դեպքում, սակայն, Գուլուզադեի ասածըՙ «չորս կողմից թշնամիներով շրջապատված լինելու» մասին, կարծես թե համահունչ չէ Ադրբեջանի պետական քարոզչությանը: Մնում է ենթադրել, որ պաշտոնական Բաքուն իրոք բոլորի հետ խնդիրներ ունի, այդ թվում եւ` Իրանի: «Մեզ անհրաժեշտ է մշտական միություն»,- ասում է Գուլուզադեն: Իսկ դա նշանակում է, որ հարեւանների հետ լուրջ խնդիրներ ունենալովՙ Ադրբեջանը դրանք իր պատկերացրած տարբերակներով լուծելու համար պարզապես առանց Թուրքիայի հովանավորության ոչինչ անել չի կարող:
Ընդ որում, Գուլուզադեն այդ «համադաշնության ստեղծումը» համարում է «հարյուր տարի առաջ թույլ տված սխալներն ուղղելու հնարավորություն», որին ինքը հավատում է: Ընդգծելով, որ «բոլշեւիկյան բռնազավթման ժամանակ Թուրքիան վճռական դերակատարություն է ունեցել Ադրբեջանի պետականության կարգավիճակի պահպանման գործում», Գուլուզադեն ասում է. «Վստահ եմ, որ այդ համադաշնությունը գլուխ է գալու: Անկախությունից ի վեր այդ նպատակն օրակարգից դուրս չի գալիս: Դա ցույց է տալիս, որ գաղափարը չափազանց հրատապ է»:
Նախկին պետական խորհրդականը մի շատ էական հանգամանք է մատնանշում. «1920թ. Աթաթուրքի զորքերն Ադրբեջանից դուրս են եկել պայմանով: Պայմանն այն է եղել, որ բոլշեւիկները պետք է Ադրբեջանին հարգանքով վերաբերվեն: Եթե Ադրբեջանում թուրքական զորքեր չլինեին, ռուս բոլշեւիկներն Ադրբեջանին ինքնավարություն էին տալու ընդամենը: Այսօր էլ մենք պետք է վստահ լինենք, որ եթե մի բան տեղի ունենա, Թուրքիան մեզ պաշտպանելու է»:
Խոստովանենք, որ այս վերջին դիտարկումը հատկապես հետաքրքրական է: Կա՞ իրական վտանգ, որ Ադրբեջանը կարող է կորցնել պետական անկախությունը: Եվ որտեղի՞ց է այն տեսնում նախկին պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն: Եվ պատահակա՞ն է արդյոք, որ այդ խիստ զգուշավոր մարդը, որ երկար տարիներ սպասարկում է իշխող վերնախավի շահերը, հանկարծ համերաշխություն է հայտնում ընդդիմադիր ճամբարից հնչած առաջարկությանը:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: