Tuesday, August 23, 2011

ՀՀԿ. Հայաստանի ՀՅԴ-ն պետականամետ է

«Լրագիր» 22-8-2011- ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ ՀՅԴ հայաստանյան ու ամերիկյան կառույցների միջեւ հակասություններին: Նրա կարծիքով, ՀՅԴ հայաստանյան կառույցի պահվածքը պետականամետ դիրքորոշման հետեւանք է: Սահակյանը նշեց, թե հայ իրականության մեջ պետք է կարողանալ հստակ ամրագրել, որ պետության հիմնական սիմվոլներն են դրոշը, գերբը, օրհներգը, նախագահի ինստիտուտը, եւ դրանք պետք է, անկախ քաղաքական հայացքներից, հարգել:
- Այս պարագայում, եթե Ամերիկայի կառույցը որոշել է չմասնակցել այդ ճաշկերույթին, իրենց խնդիրն է: Ինչ վերաբերում ՀՅԴ հայաստանյան կառույցի գնահատականներին, ապա անկախ ընդդիմադիր հայացքներից, գալիս է մի իրավիճակ, երբ պետք է վեր կանգնել իշխանություն-ընդդիմություն հարթակից ու ցուցաբերել պետականամետ մտածելակերպ: Ոչ թե իշխանամետ, այլ` պետականամետ: Այս պարագայում ՀՅԴ-ն գործել է որպես պետականամետ քաղաքական ուժ,- ասաց Սահակյանը:
Ըստ նրա` ընդդիմադիր լինելը չի նշանակում սեւացնել ամեն ինչ, այլ հարկավոր է լավին ասել լավ, վատին` վատ:


Մեր դիտարկմանը, թե ՀՅԴ սփյուռքի կառույցները նախկինում անդրադառնում էին արտաքին քաղաքական թեմաներին` Հայ դատ, Ցեղասպանություն, հայ-թուրքական հարաբերություններ, ԼՂ խնդիր, իսկ հիմա նրանք նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքին են գնահատականներ տվել, Սահակյանը դա պայմանավորեց առաջիկա ընտրություններով:

- Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ՀՅԴ-ն բոյկոտեց, դուրս եկավ կոալիցիայից, ասաց իր ասելիքը: Դա այդ քաղաքական ուժի որոշելիքն է: Մենք հարգեցինք ու լսեցինք իրենց կարծիքը: Երբ նաեւ դրսում կազմակերպում էին ցույցեր, երբեմն իրենց դրսեւորումներում անցնում էին չափը, բայց մենք հանգիստ ու հանդուժողական վերաբերվեցինք նրանց: Իսկ թե ինչու են հիմա ներքաղաքական իրավիճակին անդրադառնում, գնահատականներ տալիս, պարզ է, որովհետեւ առջեւում ընտրություններ են, ու հիմա նրանց ուղղվածությունը պետք է փոխվի: Դա բնական եմ համարում, որովհետեւ ընդդդիմադիր թեւերի ներկայացուցիչները հատկապես հիմա պետք է ցույց տան իրենց ընդդիմադիր կեցվածքը, որ որոշակի ձայներ ստանան,- ասաց ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:

No comments: