Tuesday, August 30, 2011

Գոչունյան. Թուրքիայի` ազգային փոքրամասնություններից բռնագրաված ունեցվածքը վերադարձնելու որոշումը շատ դրական եւ կարեւոր է

News.am. 29-8-2011- Թուրքիայի վարչապետի կողմից ստորագրված որոշումը, որով 1936 թվականին հաշվառված եւ 1974 թվականի Վճռաբեկ դատարանի որոշմամբ Թուրքիայի ազգային փոքրամասնություններից բռնագրաված ունեցվածքը վերադարձվելու է իրենց տերերին, շատ դրական եւ կարեւոր որոշում է. դրան հասնելու համար Թուրքիայի ազգային փոքրամասնությունները պայքար են մղել տասնամյակներ շարունակ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։
Նրա խոսքով, առգրավված կալվածքների հանդեպ սեփականության իրավունքի վերականգնման, դրանք վերադարձնելու հայտ ներկայացնելու համար Թուրքիայի ազգային փոքրամասնությունների համայնքներից յուրաքանչյուրն այս պահից սկսած՝ մեկ տարի ժամանակ ունի։
«Բայց թե ե՞րբ հայտ կներկայացնենք մենք՝ հայ համայնքի ներկայացուցիչներս, պարզ կլինի ավելի ուշ։ Ռամադանի տոնի ավարտից հետո համայնքային կառույցները քննարկումներ կկազմակերպեն, որոնց ընթացքում էլ համապատասխան որոշում կկայացվի»,- ասաց Արա Գոչունյանը։
Նա միաժամանակ նշեց, որ Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնություների ներկայացուցչությունները իրենց կալվածքների վերադարձի գործընթացի ուղղությամբ վերջին տարիներին բավական զգալի նախապատրաստական աշխատանքներ են տարել՝ թղթաբանության, ցուցակագրումների առումով։
Անդրադառնալով Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակի հայտարարությանը, թե թուրքական կառավարության ընդունած վերոնշյալ որոշումը «ծխածածկույթ» է եւ հայ համայնքին վերադարձվելու է Հայոց ցեղասպանության ընթացքում եւ դրան հաջորդած տասնամյակներին բռնագրավված եկեղեցիների եւ նրանց ունեցվածքի մեկ տոկոսից էլ պակասը, «Ժամանակի» խմբագիրն ասաց. «Չէի ցանկանա մեկնաբանել ուրիշ լծակների կարծիքները, մանավանդ որ այստեղ չգտնվող մարդիկ միշտ էլ հեռավորության վրա չեն կարողանում առողջ գնահատել մթնոլորտը»:
Նշենք, որ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը համոզմունք է հայտնել, որ քրիստոնեական եւ հրեական համայնքների` 1936 թվականին բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու որոշումը պաշտոնական Անկարան կայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կորուստներից, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառվող` Թուրքիայում քրիստոնեական համայնքների նկատմամբ ճնշումների վրա ուշադրություն հրավիրող օրինագծերի բացասական հետեւանքներից խուսափելու նպատակով:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը հայտարարել է, որ «Հայերի, հույների եւ ասորիների դեմ գործադրված ցեղասպանությունից 96 տարի անց, այս հրամանագիրը ծխածածկույթ է` խուսափելու համար այդ վայրագությունների շատ ավելի մեծ հետեւանքներից»։
Շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց օրենսդրական փոփոխությանը, որը Թուրքիային կոչ է անում վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները եւ վերջ տալ քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ ճնշումներին:
Կոնգրեսում դեմոկրատների խմբակցության անդամ, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովարդ Բերմանի եւ հանրապետական կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինիի առաջարկած այս ուղղման հիմքում ընկած են ավելի վաղ Բերմանի եւ հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսի ներկայացրած «Եկեղեցիների վերադարձը» թիվ 306 բանաձեւի նախագծի ձեւակերպումները:
Հիշեցնենք, որ ամենամեծ թվով՝ շուրջ հազար կալվածքների Թուրքիայում տիրապետում են հույները, հայերի կալվածքները թվով երկրորդն են՝ մոտ 100 միավոր։

No comments: