Saturday, August 20, 2011

Թուրքագետ. Թուրքիայում Ռամադանի տոնի ավարտից հետո քրդական հարցի հետ կապված նոր իրավիճակ է ստեղծվելու

News.am. 20-8-2011- Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը համոզված է, որ Թուրքիայում Ռամադանի տոնի ավարտից հետո քրդական հարցի հետ կապված նոր իրավիճակ է ստեղծվելու։ Օգոստոսի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասի հայտարարեց ինքը՝ թուրքագետը՝ հիշատակելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռամադանի ժամանակ արտահայտած այն միտքը, թե քրդերը «դանակը ոսկորին են հասցրել»։
Նկատելով, որ հաեւան երկրում վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում ներքաղաքական իրավիճակն զգալիորեն սրվել է, Անուշ Հովհաննիսյանը առանձնացրեց հատկապես քրդական հարցի հետ կապված իրավիճակը։ «Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Թուրքիան հայտարարում է, որ չի զիջելու։ Ուժային մեթոդներ հարցի լուծման ժամանակ անպայման կլինեն, սակայն գործը քրդական ցեղասպանության չի հասնի»,- լրագրողներից մեկի հարցին ի պատասխան համոզմունք հայտնեց թուրքագետը։
Անդրադառնալով նրան, թե ի՞նչ կերպ կարող է Հայաստանն օգտվել թուրք-քրդական խնդրից եւ թե հակամարտության լուծման ո՞ր տարբերակն ամենաշահեկանը կլիներ մեր երկրի համար,Հովհաննիսյանը նկատեց. «Քրդական հարցն ի օգուտ մեր շահերի ծառայեցնելու համար Հայաստանը, նախ, շատ հզոր երկիր պետք է լինի։ Սակայն կարծում եմ, որ միջամտելու կարիք դեռեւս չկա, քանի որ դեռեւս հայտնի չէ՝ ինչ ուժեր են կանգնած հարցի հետեւում եւ ինչ ակնկալիքներ ունեն»,- նշեց նա։
Ամփոփելով՝ թուրքագետը համոզմունք հայտնեց, որ քրդական հարցի մոտալուտ լուծում չի ակնկալում։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, հանդես գալով իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության ստեղծման տասնամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ, խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդական աշխատավորական կուսակցությանը» (PKK)։ Էրդողանը 20 հազարանոց բազմությանն հայտարարել էր. «Ժողովուրդը հիշում է սուրբ Ռամադան ամսին նահատակյալ թուրք զինծառայողներին։ Ահաբեկչական անջատական խմբավորումների նկատմամբ համբերատարություն դրսեւորվում է միայն սուրբ ամիսներին։ Դանակն արդեն հասել է ոսկորին, Ռամադանից հետո «խաղաղ գործողությունները» կստանան այլ բնույթ»։

No comments: