Wednesday, August 3, 2011

Ի՞նչ է կատարվում Թուրքիայում. բանակը զիջում է իր դիրքերը

Panorama.am. 3-8-2011- ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում անդրադարձել է թուրքական վերնախավում ու բանակի ղեկավար կազմում դիտարկվող վերջին փոփոխություններին ու, մասնավորապես, նշել. «Ժամանակակից Թուրքիայի ճարտարապետ Աթաթուրքի բնորոշումը, թե «բանակն է Թուրքիայի Հանրապետության պահապանը», այլևս չի համապատասխանում իրականությանը: Եթե բնորոշելու լինենք սկսվող նոր փուլը, ապա պետք է ընդգծել, որ գերակայող է դառնում քաղաքական իշխանությունը: Եթե մինչ այժմ պետության քաղաքական կյանքը ռազմական իշխանության ազդեցության ներքո էր, ապա հիմա ճիշտ հակառակն է:
…Այն բանից հետո, երբ Թուրքիայում իշխանության եկավ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» իսլամամետ կուսակցությունը, քեմալականների դիրքերը հետզհետե թուլացան, իսկ իսլամիստները հետևողականորեն ամրապնդեցին իրենց քաղաքական ազդեցությունը: Վերջին երեք խորհրդարանական ընտրությունների ժամանակ քեմալական բոլոր կուսակցությունները պարտվել են: Էրդողանը կարողացավ այս տարիների ընթացքում քեմալականներին հեռացնել և՛ գիտական ու կրթական, և՛ դատական ոլորտներից: …Թուրքիայի քաղաքական ընդդիմությունը վաղուց է ահազանգում, որ ժողովրդավարության քողի տակ Էրդողանը ոչ միայն խարխլում է աշխարհիկ պետության հիմքերը, այլև ամրապնդում է իր ավտորիտար կառավարման համակարգը: Լիակատար իշխանություն ունենալուն խանգարում էր միայն բանակը: Հիմա տեսնում ենք, որ բանակում ևս քեմալականները թուլացել են, և գեներալիտետը արդեն չի կարողանում իր վերահսկողության տակ պահել քաղաքական իշխանությունը: Քաղաքացիական իշխանությունը արագ ուժեղանում է, բայց նույնքան արագ էլ իսլամանում է»:

No comments: