Saturday, August 6, 2011

Արցախցի երիտասարդներ. Մադրիդյան սկզբունքները ստորագրելը հավասարազոր է Արցախի կապիտուլյացիայի մասին ակտի ստորագրմանը

«ՀԵՏՔ» 6-8-2011- Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումները գնալով ակտիվանում են, մանավանդ Կազանյան հանդիպումից հետո: «Հետքի» հետ զրույցում հիմնախնդրի մասին իրենց կարծինքներն են հայտնել արցախցի երիտասարդները:
Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Գրիգորյանն այն կարծիքին է, որ ոչ մի կերպ չի կարելի «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածը կամ էլ դրա հիման վրա ստեղծված որևէ փաստաթուղթ ստորագրել: Ըստ նրա` դա կնշանակի կապիտուլյացիայի ակտ ստորագրել, որը կլինի պատմության մեջ այն հազվագյուտ դեպքը, երբ հաղթող կողմն իր կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ է ստորագրում:
«Մեզ համար թվացյալ շահավետ կետերը Մադրիդյան սկզբունքներում, որտեղ խոսվում է Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին, միայն խամբկանք է: Ադրբեջանին տարածքները վերդարձնելուց և փախստականների վերդարձից հետո Ղարաբաղի ինքնորոշման համար որևէ հանրաքվեի մասին խոսելն արդեն ավելորդ կլինի: Բացի դրանից, ազատագրված տարածքները զիջելով, Ադրբեջանը կկարողնա Արցախը մեկ օրում գրավել` կազմակերպելով մի փոքր պրովոկացիա»,-ասում է Տիգրանը:

Պատերազմի վերսկսումը Տիգրանը բացառում է` ասելով, որ եթե Ադրբեջանը համոզված լիներ իր հաղթանակում, ապա վաղուց այն կսկսեր: Իլհամ Ալիևին ձեռնտու է ստատուս քվոյի կարգավիճակը`այդ կերպ արդարցնելով Ադրբեջանում կենտրոնցված պետություն ստեղծելը:

Խոսելով հայկական դիվանագիտության մասին` զրուցակիցս ասում է, որ շատ բացթողումներ կան: «Առաջին հերթին խոսվում է ադրբեջանական փախստականների մասին, բայց համարյա չի խոսվում հայ փախստականների մասին: Այս պարագայում Ադրբեջանը շատ հմտորեն իր փախստականերին դարձրել է քաղաքկան ուժ `հակամարտության գործընթացում օգտագործելով որպես ազդակ»,-ասում է Տիգրանը: Նա հավելում է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում փախստականները կենտրոնացված չեն և որպես քաղաքական ուժ օգտագործել հնարավոր չէ:

Երկրորդ բացթողումն, ըստ ապագա քաղաքագետի, այն է, որ հայկական կողմը չի բարձրացնում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախին պատկանող տարածքների հարցը:

Ղարաբաղի բանակցային կողմ չլինելը, Տիգրանի հավաստմամբ, չի խանգարի որևէ էական փաստաթղթի ստորագրումից հետո անգամ այն իրականացնել առանց Ղարաբաղի անմիջական մասնակցության: Միայն տվյալ տարածքում ապրող ժողովուրդը իրավունք ունի կողմնորոշել իր ապագան, ինչն էլ միջազգայնորեն ամրագրված է:

«Հարկ եղած դեպքում, եթե Աստված մի արասցե, Արցախին ոչ ձեռնտու փաստաթուղթ ստորագրվի, մենք մանևրելու հնարավորություն կունենանք` չընդունելով այդ փաստաթուղթը: Իսկ եթե ուզում են իրոք արդյունքի հասնել, ապա բանակցային սեղանին պիտի տեղ տրվի նաև Արցախին, քանի որ 1994թ. զինադադարը կնքելու ժամանակ Ադրբեջանը կարծես թե դեմ չէր բանակցել ղարաբաղյան կողմի հետ»,-մանրամասնում է Տիգրանը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արցախցի երիտասարդների տեղեկացվածության մակարդակի մասին` Տիգրանը նշեց, որ աճն ակնհայտ է, չնայած այն պատշաճ մակարդակի չի հասել: Ստեղծված մի շարք հասարակական կազմակերպություններ փորձում են երիտասարդներին ներգրավել այդ գործընթացում: Նա համոզված է, որ հարկ եղած դեպքում Արցախի ողջ ժողովուրդը ոչ միայն փողոց դուրս կգա, այլև զենքը ձեռքին կգնա` պաշտպանելու իր հողը:

Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի ուսանող Նարինե Ներսիսյանը անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքը և, ըստ նրա, հայկական կողմը պետք է կտրականապես հրաժարվի այդ և նմանատիպ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց:

«Արցախը հաղթող կողմ է, իսկ հաղթողներին չեն պարտադրում: Մենք որևէ միջնորդ երկրների խորհուրդների կարք չունենք: Բանակցային գործընթացում Արցախը պետք է հանդես գա որպես լիիրավ կողմ»,-համոզված է Նարինեն:

Ըստ նրա` հիմնախնդրի լուծումը խաղաղ ճանապարհով չի լինի, քանի որ Արցախն ամբողջությամբ դեռ ազատագրված չէ:

Նույն համալսարանի ապագա քաղաքագետ Արտակ Բեգլարյանի կարծիքով, բանակցային գործընթացը փոքր քայլերով առաջ է գնում, և միջնորդ կողմերի հիմնական ռազմավարությունն այն է, որ յուրաքանչյուր մանր քայլ վերջում հանգեցնի մի խոշոր քայլի, որից հնարավոր չի լինի հետ դառնալ:

«Եթե գորտին մտցնեք եռման ջրի մեջ, նա իսկույն դուրս կցատկի: Իսկ եթե նրան մտցնեք սառը ջրի մեջ և այդ սառը ջուրը աստիճանաբար տաքացնեք, ապա գորտը դուրս չի ցատկի, և եռման աստճանի հասած ջրում նա պարզապես կսատկի: Նույնն էլ Ղարաբաղի հարցն է. երբ արդեն հասնենք վերջնական կետին, հետդարձի ճանապարհ էլ չի լինի: Դրա համար չեմ կարծում, որ պետք է սպասենք վերջին քայլին, որը չենք էլ նկատելու, այլ մոտակա պահին մեր վճռորոշ ձայնը բարձրացնենք: Այնպես պետք է անենք, որ առանց մեր կարծիքի որևէ որոշում չկայացվի»,- ասում է Արտակը:

Ինչ վերաբերում է գործնթացի լուծման ուղղությամբ կատարված փոքր քայլերի շահավետությանը, ապա զրուցակիցս ասում է, որ ինքը` որպես հայկական կողմ, գտնում է, որ իր օգտին չէ և անընդունելի է գործընթացի նման զարգացումը:

«Ընդունելի չէ այն պարզ պատճառով, որ Հայաստանը, ուղղակի թե անուղղակի, հասկացրել է, որ պատրաստ է տարածքներ զիջել, ինչի դիմաց կստանանք ընդամենը ինքնորոշման իրավունք, այն էլ խիստ կասակածելի է»,- բացատրում է Արտակը:

Արցախցի քաղաքական գործիչներն հիմնախնդրին պասիվ են արձագանքում: Արտակն ասում է, որ այս պարագայում Ղարաբաղը չեզոքացված է, իսկ քաղաքական գործիչներն էլ` պասիվ: Չնայած այն օբյեկտիվ պատճառին, որ Արցախը բանակցային կողմ չէ, այնուամենայնիվ, Ղարաբաղը կարող է անուղղակի մեսիջներով բանակցությունների վրա որոշ չափով ազդեցություն ունենալ:

Արցախի պետհամալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Հարութ Հարությունյանը պատմում է, որ համացանցում շատ է շփվել ադրբեջանցի երիտասարդների հետ և այնպիսի տպավորություն է ստացել, որ ադրբեջանցիների երևակայության մեջ գոյություն ունի այն համոզմունքը, որ Արցախը իրենցն է: Այդ իսկ պատճառով միջնորդ երկրներն ու կառույցները ինչքան էլ ջանք թափեն, չեն կարողնա հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Հարութը համոզված է, որ տարիներ շարունակ ադրբեջանցու աչքն այս հողի վրա է ու միշտ էլ կլինի:

«Ամենամեծ սխալը Ղարաբաղին բանակցային գործընթացից հանելն է եղել: Եթե Ղարաբաղն ուզում են ճանաչել որպես ազատ պետություն, ապա Ղարաբաղին պիտի նորից տեղ տրվի բանակցային սեղանի շուրջ, որովհետև մեր խնդիրները մենք ավելի լավ կիմանանք, քան մնացածները: Այս հարցը պետք է հնարավորինս շուտ լուծվի, քանի որ Ադրբեջանը կամաց-կամաց մոտենում է իր ուզածին»,-համոզված է Հարութը: Նա ավելացնում է, որ ոչ մի զիջման մասին խոսք անգամ չի կարող լինել:
Քնար Բաբայան

No comments: