Tuesday, August 9, 2011

Ադրբեջանում խոշտանգված նախկին հայ գերին դիմել է Եվրոպական դատարան

Panorama.am. 9-8-2011- Շուրջ երկու տարի ադրբեջանական կողմում գերության մեջ հայտնված քաղաքացիական անձ Արթուր Բադալյանին խոշտանգումների ենթարկելու և անմարդկային վերաբերմունք ցույց տալու գործով այսօր, օգոստոսի 9-ին հայց է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ռազմավարական դատավարությունների կենտրոն իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Էդմոն Մարուքյանը:
Վերջինը դեռ մայիսին էր Panorama.am-ին տեղեկացրել, որ իրենք պատրաստվում են համապատասխան փաստաթղթեր հավաքելուց և Ադրբեջան հարցումներ կատարելուց հետո դիմել Եվրոպական դատարան:
«Գործն այսօր արդեն ուղարկվել է: Այս ամբողջ ընթացքում աշխատում էինք, տեղեկություններ, ապացույցներ էինք հավաքում, ապացուցելու այն, որ Արթուր Բադալյանը քաղաքացիական անձ է եղել, երբ հայտնվել է գերության մեջ, ինչքան ժամանակ ու որտեղ է պահվել Ադրբեջանում ու ինչ առողջական վիճակում է այժմ նա», -հստակեցրեց փաստաբան Մարուքյանը` հավելելով, որ այդ բոլոր ապացույցները հավաքված ու ուղարկված են ՄԻԵԴ:
Նա ասաց, որ Ադրբեջան կատարած բոլոր հարցումները մնացել են անպատասխան: «Երբ Եվրոպական դատարանն արդեն գործը վարույթ ընդունի, անհրաժեշտ տեղեկատվությունը դատարանի պահանջով Ադրբեջանը ստիպված կբավարարի», -նշեց փաստաբանը:

Ռազմավարական դատավարությունների կենտրոն իրավապաշտպան կազմակերպության նախագահը վստահ է, որ ՄԻԵԴ-ը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների հիման վրա պետք է խախտում ճանաչի Արթուր Բադալյանի դեմ իրականացված խոշտանգումները: Փաստաբանի համոզմամբ, այդ ամենը ապացուցելու համար կարևորագույն փաստ է նաև այն, որ Արթուր Բադալյանը ադրբեջանական դատարաններում չի կանգնել և նրան ազատազրկել են առանց որևէ դատարանի որոշման, չի կարողացել օգտվել իրավական պաշտպանության միջոցներից, պահվել է ոչ թե քրեակատարողական հիմնարկներում, այլ զորամասերում:
Էդմոն Մարուքյանի խոսքով, Արթուր Բադալյանի առողջական վիճակն այժմ շատ ծանր է ու հոգեբանական լուրջ խնդիրներ ունի: «Նրա մարդկային արժանապատվությունն է ոտնահարվել, հիմնականում սոված է պահվել և անընդհատ նրա խցի դուռը բացել-փակել են, այդ ձայները դեռ նրա ականջում են: Ըստ էության, նա դեռ չի կարողանում ինտեգրվել նորմալ կյանք», -պատմեց փաստաբանը:
Արթուր Բադալյանը գերության մեջ է ընկել 2009 թվականի մայիսի իննին, և այս տարվա մարտի 5-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության շրջանակներում Բադալյանը մարտի 17-ին վերադարձվել էր Հայաստան: Հիշեցնենք, որ եռակողմ ընդունված հայտարարության համաձայն կողմերը պատրաստակամություն էին հայտնել «ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը»:

No comments: