Tuesday, August 2, 2011

ՀԱՀԳԲ (ԱՍԱԼԱ). Հայ դատը եւ լեգենդ դարձած մարտիկները

«Ահաբեկչությունը ես չեմ արդարացնում, բայց հայ տղաներին պետք է հասկանալ…»: Խոսե Գուրիարա՝ իսպանացի լրագրող, «Ռումբը» գրքի հեղինակ

1983թ. նոյեմբերին ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանը հանդիպում էր Վանաձորի (Կիրովականի) կուսակցական վերնախավի հետ: Թեման Հայ դատն էր: Ներկաներից մեկի այն հարցին, թե “Հայկական հարցն ունի՞ արդյոք ժամանակակից նշանակություն”, – պատմաբան նախարարը պատասխանեց՝ “շնորհիվ սփյուռքահայության պայքարի, հատկապես ԱՍԱԼԱ-ի, Հայկական հարցը քննարկվում է միջազգային տարբեր կազմակերպություններում: Ես նոր եմ վերադարձել Լոնդոնից, որտեղ հյուրանոցի իմ համարում ԱՍԱԼԱ-ի տղաները մի սեւամորթ երեխայի ձեռքով գրություն հանձնեցին ինձ. այնտեղ ընդամենը մի նախադասություն կար. “Պարոն Կիրակոսյան, պաշտպանեք մեր դատը…”: Գրությունը ԱՍԱԼԱ-ից էր: Երեւան վերադառնալով՝ գտա հաստափոր մի աշխատություն՝ ստացված Թուրքիայից: Անկարայի համալսարանի թուրք պրոֆեսորը ջանում էր ապացուցել, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել, եւ ԱՍԱԼԱ-ի զինված պայքարը հրահրվում է օտար ուժերի կողմից՝ նպատակ ունենալով քայքայել Թուրքիայի ամբողջականությունը:

…Ներկաներից շատերի մոտ տարակուսանք առաջադրեց ԱՍԱԼԱ-ն:

Ո՞վ է, ի՞նչ է ԱՍԱԼԱ-ն: Օտար պետությունների հզոր հովանավորությունը վայելող գաղտնի կազմակերպությու՞ն, թե՞ մի բուռ սրբազան խենթեր, ովքեր դուրս են եկել անձնազոհ պայքարի՝ նպատակ ունենալով ճեղքել լռության այն պատը, որ գոյություն ուներ Հայ դատի հանդեպ տասնյակ տարիներ շարունակ:

Ցեղասպանության ճանաչում եւ հայկական մշակույթի հուշարձանների պահպանություն՝ Թուրքիայում: Այն պահին, երբ ԱՍԱԼԱ-ն ելավ պայքարի (1975թ.)՝ այս երկու հարցերն էլ հրատապ էին: Առաջինը մոռացության էր մատնված Թուրքիայի եւ նրա դաշնակիցների հետեւողական աշխատանքի շնորհիվ, իսկ երկրորդը անխնա կերպով ավերվում էր… Այն բանից հետո, երբ Հայկական հարցը թաղվեց Լոզանի կոնֆերանսում (1923թ.), իսկ հետագայում ընդհանրապես հանվեց Ազգերի լիգայի օրակարգից (1929թ.), երկար ժամանակ մոռացության մատնվեց, քանզի մենք՝ հայերս, հնարավորություններ չունեինք բարձրացնելու մեր հարցը առանց ԽՍՀՄ քաղբյուրոյի համաձայնության:

Անհետեւանք մնաց նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Չորեքչյանի հայտնի նամակը՝ ուղղված Պոտսդամի կոնֆերանսի մասնակից հաղթող պետությունների ղեկավարներին (29.11.1945թ.), որով խղճմտանքի եւ արդարության կոչ էր արվում՝ հանուն Հայկական հարցի արդարացի լուծման…
Սակայն արդարություն, խիղճ եւ նման բարոյական չափանիշները, մոռացված նորմեր են իրենց շահերից դուրս ոչինչ չտեսնող քաղաքագետների համար: Ըստ Լլոյդ Ջորջի պատկերավոր արտահայտության, հայերը դարձել էին՝ “հաղթանակի զոհասեղանին բարձրացված զոհը”: Հետո տիրեց լռություն, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր խորհրդային ղեկավարների Թուրքիայից տարածքային պահանջներ չունենալու հայտարարություններով: Խրուշչովյան հալոցքի տարիները որոշ հույսեր ներշնչեցին հայերին: …1961թ. մայիս: Երեւանում հյուրընկալվող ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ն. Ս. Խրուշչովը հանդիպում է սփյուռքահայության հետ: ՍԴՀԿ գործիչ Կուժունին դիմում է խորհրդային ղեկավարին.
- Պրն Խրուշչով, մենք գիտենք, որ դուք հայասեր մարդ եք, խնդրում ենք Թուրքիայի կառավարությանը համոզել, որ Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի ավերակները վերադարձվեն Հայաստանին (ՀԽՍՀ-ին), մանավանդ, որ այն նախատեսված էր նաեւ Մոսկվայի մեծ պայմանագրով (16.03.1921թ.):
Խրուշչովը մի պահ լռեց եւ դառնալով Ջոն Կիրակոսյանին՝ պահանջեց թարգմանել առանց որեւէ բառ բաց թողնելու.
- Սիրելի բարեկամ, ես տարեց մարդ եմ, երկու պատերազմ եմ տեսել, կորցրել մեծ թվով հարազատներ, չէի ցանկանա այս սքանչելի քաղաքի ավերակների դիմաց ստանալ Անիի ավերակները…
Մեկ տարի անց սփյուռքահայության Հայկական կոնգրես կազմակերպությունը նմանօրինակ խնդրանքով դիմեց ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիին, ում պատասխանը հակիրճ էր. “Օրինակ վերցրեք հրեաներից, գնացեք տնտեսապես հզորացեք, հարստացեք եւ նոր միայն եկեք ինձ մոտ”: Ցավալի իրողություն էր, բայց հողային հարցերը խնդրանքով ու բարի կամքի արտահայտությամբ չէ, որ լուծվում են…
Իսկ ինչ վերաբերում է հայկական մշակութային հուշարձաններին, ապա այդ բնագավառն էլ ողբերգական վիճակում էր: Այն բանից հետո, երբ 1958թ. Թուրքիայի խորհրդարանը որոշում ընդունեց “Աշխարհագրական անունների փոփոխության մասին”, սկսվեց հայկական հուշարձանների նոր ողբերգությունը: Եթե մինչ այդ անխնամ մնացած հայկական հուշարձանների գլխավոր հակառակորդը ժամանակի անողոք ձեռքն էր, ապա հիմա գործի մեջ մտավ նաեւ թուրքի ավերիչ ձեռքը: Նախ փոխվեցին բոլոր այն անունները, որոնք հիշեցնում էին Արեւմտյան Հայաստանի բնիկներին, հետո սկսեցին ամենաբարբարոսական միջոցներով ավերել վանքերն ու եկեղեցիները, քանի որ ակնհայտ էր դրանց հայկական (քրիստոնեական) ծագումը: Հաճախ դրանք դառնում էին թուրքական բանակի հրետանավորների հիմնական թիրախը՝ ամառային զորավարժությունների ժամանակ (հիշենք՝ վերջերս Նախիջեւանի հայկական խաչքարերն էին դարձել ադրբեջանական զինվորականների թիրախ): Որպես կանոն՝ Թուրքիայի նախագահն ամեն տարի օգոստոսի 30-ը (թուրքական բանակի գլխավոր տոնը) անցկացնում է արեւելյան վիլայեթներում, ու նրա եւ հրամանատարների աչքի առջեւ պայթեցվում են հայկական տաճարները, հուշարձանները: Այսպես, օրինակ՝ 1960-ականների կեսերին ավերվեց Խծկոնքի տաճարային համալիրը, որը գտնվում է Ախուրյան գետի վտակ Տեկորի ափին՝ Արգինայի ձորում: Ամենացավալի կորուստը Տեկորի տաճարի (5-րդ դար) ավերումն էր, որի վրա կար առաջին հայերեն արձանագրությունը քարի վրա:

Ո՛չ Իտալիայի նախագահ Անդրիոտիի բողոքները ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ո՛չ էլ Միլանի ճարտարագիտական ինստիտուտի աշխատակից Ալպագո Նովելիի ջանքերը՝ կասեցնելու հայկական հուշարձանների մեծամասշտաբ ավերումը, հաջողություն չունեցան: Արեւմուտքը հիմնականում լռել է նման հարցերում՝ կամա թե ակամա հովանավորելով դաշնակից Թուրքիային: Իսկ Թուրքիան հարուստ փորձ ունի միջազգային պարտավորությունները ոտնահարելու բնագավառում: Դեռ 1964թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիային ֆինանսական միջոցներ տրամադրեց՝ 1-ին համաշխարհային պատերազմին վերաբերող արխիվային նյութերի հրատարակման եւ պատմական հուշարձանների պահպանության նպատակով: Սակայն Թուրքիան այդ միջոցները ոչ նպատակային ծախսեց, ու դա էլ անտեսվեց…

Խորհրդային Միությունը ոչինչ չձեռնարկեց ոչ միայն Թուրքիայի, այլեւ իր կազմի մեջ մտնող Ադրբեջանի նկատմամբ, որի տարածքում նույնպես ավերվում էին հայկական հուշարձանները, մշակութային այլ կոթողներ: Ավելին, երբ 1968թ. Մարտիրոս Սարյանը պատմական հուշարձանների պահպանության խնդրանքով դիմեց ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Կոսեգինին, պատասխանը հետեւյալն էր. ” Մենք ձեր քարերի պատճառով չպետք է գժտվենք թուրքերի հետ”: Ոչնչով չի տարբերվում 1915թ. հայկական կոտորածների ժամանակ անգլիացիների արտահայտած՝ “մեր նավերը չեն կարող հայկական լեռները բարձրանալ” մտքից:

Թվում էր, թե ելք չկա: Սակայն ինչպես գրում է անվանի բանաստեղծը. “Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար…”:

Հիրավի, 1970-ականներին սկիզբ առավ ինքնաբուխ ժողովրդական մի շարժում, որի նպատակը բռնազավթված Հայրենիքի պատմական հուշարձանների պահպանումն էր եւ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը…

Ու այդ շարժման ռահվիրան եղավ 78-ամյա Գուրգեն Յանիկյանը: Նրա արձակած կրակոցներին հետեւեցին ուրիշ նվիրյալներ, ովքեր անմնացորդ սիրում էին իրենց Հող-Հայրենին, սիրում էին խենթի պես: Այդ նրանք էին, որ ճեղքեցին 60-ամյա լռության պատը եւ ստիպեցին այս աշխարհի հզորներին հաշվի նստել իրենց արդարացի պահանջների հետ: Արգելափակված Գուրգեն Յանիկյանը այդ մասին գրեց. “Ստեղծվել է մի բռունցք, որ կոչվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ: Այդ բռունցքն է գործ կատարողը այսօր, ու միակ հույսը նրա վրա է…”: Սկսած 1975թ.-ից հետեւում էին Թուրքիայի ռազմական եւ տնտեսական հիմքերը ցնցող հարվածները՝ աննախադեպ հարգանք ու ցնծություն առաջացնելով հուսահատության եզրին հասած սփյուռքահայության շրջաններում:
Հայրենի երկրի հայությունը կցկտուր տեղեկություններ էր ստանում, ու ծնվում էին լեգենդներ մերօրյա ֆիդայինների մասին: Շշուկով, բայց հպարտությամբ էին հնչում նահատակների անունները. Րաֆֆի Բալյան, Հակոբ Տարագչյան, Զոհրապ Սարգիսյան, Լեւոն Էքմեքչյան, Մկրտիչ Մադարյան, Եղիա Քեեշիշյան…

Հատկապես տպավորիչ էր “Կարին” գործողությունը՝ իրականացված ԱՍԱԼԱ-ի “Խրիմյան Հայրիկ” խմբակի կողմից: 1982թ. օգոստոսի 7-ին, ժամը 11:30-ին վրիժառուական հարձակում կատարվեց Անկարայի “Էսենբողա” օդանավակայանի վրա… “Թշնամին կուտա ավելի քան 40 զոհ, որից 8-ը՝ սպա:
Ֆեդայի Զոհրապ անձնասպան կըլլա գործողության վերջը, իսկ Լեւոն Էքմեքչյան կախաղան կբարձրանա…”, – կարդում ենք ՀԱՀԳԲ-ի պաշտոնաթերթ “Հայաստանի” էջերում: Պարզ վիճակագրություն ներկայացնող այս մի քանի տողի տակ ի՛նչ գաղափարախոսություն եւ արյան բաղադրության հետ միասին գեներով փոխանցվող ինչպիսի նվիրվածություն կա…

Նվիրյալ մարտիկների գեներով ժառանգված հայրենասիրությունը լրացվել էր ԱՍԱԼԱ-ի ճամբարներում ստացված վեհ գաղափարայնությամբ: “Կարին” գործողությունը անձնասպանական էր, եւ Զոհրապը գերի չընկնելու համար ինքնասպան եղավ:

Լեւոնը մահացու վիրավոր վիճակում գերի ընկնելուց հետո 1983թ. հունվարի 29-ին կախաղան բարձրացվեց Անկարայի “Մամաք” բանտում: Մահապատիժը նախատեսված էր հունվարի 27-ին, ճիշտ այդ օրը (1973թ.) Գուրգեն Յանիկյանը արձակեց իր պատմական կրակոցները, սակայն Լեւոնը այդ օրը վատառողջ էր, իսկ թուրքական օրենքներով՝ եթե մեկը ինքնուրույն չի կարող մոտենալ կախաղանի օղակին, մահապատիժը հետաձգվում է:

Կարդում ես Լեւոնի եւ Զոհրապի՝ գործողության մեկնելուց առաջ հրաժեշտի խոսքերը եւ պատկերացնում նրանց անձնազոհության ու գաղափարայնության մեծությունը… “Բարեւներս կուղղեմ բոլոր հայ ժողովրդին եւ մասնավոր ընտանիքիս, մայրիկիս… եւ քույրիկիս՝ Մանուշին, Հովիկին, Մարալին, Սիդային… եւ Բեգլարին եւ Հայրիկիս… Ձեր սիրելի տղան Զոհրապ… հպարտ եղեք…”: “Կը կոչվիմ Լեւոն Էքմեքչյան, բարեւներս հայ ժողովրդին, վերջին կոչս կուղղեմ աշխարհի ամբողջ տարածքի համայն հայության…”:

Վրիժառուական գործողություններ (այդ թվում մեծ արձագանք գտած “Վան” գործողությունը՝ 24.09.1981թ. Փարիզի թուրքական դեսպանատան գրավումը) ստիպեցին աշխարհին վերադառնալ Հայոց ցեղասպանության խնդրին: Այսօր էլ վրիժառուներից շատերը մեր կողքին են ու… էլի պայքարի մեջ:

ԱՍԱԼԱ-ն իր հավատարիմ նվիրյալները ուներ նաեւ հայրենի երկրում, որոնք պաշտամունքի աստիճան սիրում ու երկրպագում էին նահատակ ու ողջ հերոսներին: Վկա՝ Պարույր Սեւակի ՀԱՀԳԲ-ի ծնունդը փառաբանող բանաստեղծությունը “Օ~, կնատարազ այրերի քենից դողացեք անվերջ / եւ սահմռկեցեք վրեժի՜ց նրանց…” եւ Սիլվա Կապուտիկյանի “Գիշերային ռեքվիեմ” բանաստեղծությունը՝ նվիրված Լեւոն Էքմեքչյանին (առաջին անգամ տպագրվել է “Գարուն” ամսագրում, 1983թ.): Վկա նաեւ ներքոհիշյալ ներբողը գրված հայ աշակերտուհու կողմից՝ նվիրված ԱՍԱԼԱ-ի մարտիկներին. “Սիրելի Լեւոն եւ Զոհրապ, մենք հպարտ ենք Ձեզնով՝ աշխարհի համայն հայության առյուծ զավակներով: Դուք կաք մեր հոգիներում, կաք իբրեւ ողջության հեռանկար, իբրեւ արյան բաղադրություն, իբրեւ հայրենի հողի արգասաբեր բույր ու քարի կայծ, կաք իբրեւ շոշափելի նպատակ, իբրեւ լույս աշխարհ չեկած արու զավակ, որ պիտի ծնվի զույգ-զույգ ու հզոր՝ վրեժ լուծելու եւ խեղաթյուրվածը ուղղելու: Ձեզ համար լաց չկա, ողբ չկա: Ձեզ համար մի ցանուցիր եղած ժողովրդի ջերմորեն ու կորովի տրոփող մի մեծ ու անչափելի սիրտ կա, որ հավերժ է, քանի դեռ հավերժ է հավատամքը” (7 օգոստոս, 1990թ.):

Հակոբ Մանջյան

«Հայ Արիներ» Թիվ 46, հոկտեմբեր, 2004թ.

No comments: