Sunday, August 14, 2011

Ինչու է ստում գեներալ-ոստիկանապետը

«Լրագիր» 14-8-2011- ՀՀ փաստաբանների պալատը տարածել է մի հայտարարություն, որով դատապարտել է ոստիկանների հակաօրինական գործողությունները կապված օգոստոսի 9-ին ՀԱԿ ակտիվիստների ձերբակալության հետ: Հայտարարությունը նոր մանրամասներ է ներկայացնում թե ակտիվիստների և թե փաստաբանների նկատմամբ կիրառված ոստիկանական բռնությունների մասին` ամբողջացնելով կատարվածի ողջ պատկերը:
Եվ նորից ու կրկին ամաչում ես քո երկրի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար: Ինչու է ստում գեներալ ոստիկանապետը: Շատ ամոթ է և ավելի վատ բան չկա, քան ուրիշի փոխարեն ամաչելը:
Արմենիա հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալի հոգեբանությամբ ու տրամաբանությամբ ոստիկանապետն իր հրավիրած ասուլիսում առաջինն է ներկայացնում կատարվածը` գլխիվայր շրջելով դեպքերի իրական պատկերը ու հիմա, ականատես փաստաբանների վկայությունից հետո, պարզվում է ոստիկանապետը ասուլիս էր հրավիրել ելնելով հարձակումը լավագույն պաշտպանությունն է սկզբունքից:
«Ինչ պատմում եմ, իրողություն է… Որեւիցե մեկին մատով չի կպել ոչ մի ոստիկան» և գրված է ոստիկանապետի ձեռքով ցուցմունք տվող վկաների նմանությամբ հայտարարում էր ոստիկանապետը: Իր պատկերացրած «իրողությունը» Ալիկ Աարգսյանը ներկայացնում էր կրքոտ ու էմոցիոնալ ձևով` ներդնելով իր պրովինցիալ արտիստիզմը` փորձելով չքմեղանալ հանրության առաջ` հալածյալի կերպարի մեջ մտնել: Նույնիսկ բառ էր հորինել` ոստիկանաորս:


«Երբ անձին բերման են ենթարկում, քաշքշուկի ժամանակ մեկի մոտ մի թեթեւ կապտուկ է առաջացել… Դուք դա համարում եք մարմնական վնասվա՞ծք», հարցնում էր ոստիկանապետը: Իսկ ո՞րն է ոստիկանապետի պատկերացմամբ մարմնական վնասվածքը:
Նույն սուտը մենք լսեցինք նաև Վահան Խալաֆյանի մահվան դեպքից հետո, երբ ոստիկանապետը հերթական ասուլիսով պնդում էր, թե «որևիցե մարմնական վնասվածք նրա վրա չկա, որևիցե ոստիկան նրա վրա ձեռք չի բարձրացրել, չի վիրավորել և չի հարվածել”, սակայն դատաբժշկական եզրակացության հրապարակումից հետո, պարզվեց, որ 24-ամյա երիտասարդին ոստիկանությունում ուղղակի տանջանքների են ենթարկել և հասցրել մահվան դուռը:
Այդ անգամ նա ներողություն խնդրեց Խալաֆյանի հարազատներից, ու պարզվեց, որ գեներալին սխալ են զեկուցել, այսինքն, հերթական սուտ «իրողությունն» են պատմել իրենց ղեկավարին, իսկ վերջինս էլ` պարզաբանումների սպասող հանրությանը:
Ինչպես անվանել պաշտոնապես հայտարարվող սուտը նախարարի մակարդակով, երբ այն պարբերաբար կրկնվում է և այդ սուտը վերաբերում է մարդկանց ֆիզիկական կեցությանը: Ասում է ոստիկանը մատով չի կպել ու ուզում է անցկացնել այս սուտը, բայց իրականում ոստիկանապետն ուզում էր ասել պիտի ծեծենք ու բռնություն գործադրենք, իսկ դուք պիտի վստահեք մեզ:
Հանրությունը կարող է ձեզ վստահել այն օրը, երբ հերթական ասուլիսով և նույն կրքոտությամբ լրագրողներին ներկայացնեք ոստիկանների անօրինական գործողություններն ու դատապարտեք նման գործելակերպը: Սակայն այս մասին խոսելն անհեռանկար է, և ուրեմն անհեռանկար է նաև ոստիկանապետին վստահության արժանացնելու հարցը:
Միայն մեկ հարց կա, որ արժե տալ ոստիկանապետին. ինչու եք դուք և ձեր գլխավորած համակարգն այդքան ատում մարդկանց, ձեր քաղաքացիներին, առավելևս երիտասարդներին:
Միայն նրա համար, որ ձեր տեսակից չեն:
Ժաննա Ալեքսանյան



No comments: