Monday, August 22, 2011

ՀՅԴ անկեղծության պահը

«Լրագիր» 22-8-2011- Հայաստանում, եւ “Հայկական աշխարհում” ընդհանրապես, հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, որոնք կարելի է բնորոշել որպես երկրում ձեւավորված քրեա-օլիգարխիկ համակարգի ապամոնտաժում: Այս գործընթացն արդեն իր տարածումն է գտնում նաեւ հայկական սփյուռքում, որի արտահայտությունն էր ԱՄՆ Դաշնակցական կազմակերպության Հայտարարությունը:
Եթե նախկինում սփյուռքից Հայաստանի իշխանության հասցեին հնչում էր քննադատություն Ցեղասպանության ու Ղարաբաղյան կարգավորման հարցերով, ապա ՀՅԴ ամերիկյան կազմակերպության հայտարարության մեջ արդեն խոսք է գնում Հայաստանի ներքին կյանքի կարեւորագույն խնդիրների վերաբերյալ:
Հայ Յեղափոխական դաշնակցության Հայաստանի կառույցը, պարբերաբար գործարքի գնալով իշխանությունների հետ, դարձավ ներկայիս համակարգի հենասյուներից մեկը: ՀՅԴ ստացավ քվոտաներ քաղաքականության ու տնտեսության մեջ, նրա վերնախավն իր ապրելակերպով ու կարողությամբ գրեթե չի զիջում օլիգարխներին:
ՀՅԴ հայաստանյան կառույցը նույն քաղաքականությունը վարեց նաեւ Ղարաբաղում, հեղաշրջում կատարելով ՀՅԴ Արցախի կազմակերպության ղեկավարության մեջ եւ գործարքի գնալով նախագահներ Ղուկասյանի ու Սահակյանի հետ:
ՀՅԴ հայաստանի ղեկավարությունից դժգոհությունը մշտապես առկա է եղել թե սփյուռքում, թե Արցախում, եւ թե Հայաստանում: Սակայն ԱՄՆ դաշնակցության հայտարարությունը, թեեւ վերաբերում էր Հայաստանի իշխանության վարած քաղաքականությանը, ուղղված էր առաջին հերթին ՀՅԴ հայաստանի ղեկավարության դեմ, ով եղել է այդ քաղաքականության կցորդը:
Իհարկե, ՀՅԴ վարած քաղաքականության արդյունքում նրա ցանկացած քայլ Հայաստանում հակված են ընկալել որպես թատրոն, “սարքած խաղ” եւ այլն, նոր պայմաններում ՀՅԴ դերն իշխանության համար բարձրացնելու եւ նոր քվոտաներ ստանալու նպատակով: Այդպես բազմիցս եղել է անցյալ տասնամյակում, եւ հասարակության նման արձագանքը ՀՅԴ նախաձեռնություններին լիովին արդարացված է: Սակայն հայտնի ճշմարտություն է` խոսքը հենց այնպես, անհետեւանք չի լինում: Եւ ամեն մի ասված խոսք ունենում է իր ազդեցությունը:
ՀՅԴ-ն, որպես համակարգի հենասյուներից մեկը, կամ “կապամոնտաժվի”, կամ ինքն իր ներսում կապամոնտաժի ղեկավարությանը կամ նրա վարած քաղաքականությունը:
Հայաստանում ակնհայտորեն կիրառվում է քաղաքական չափազանց բարդ տեխնոլոգիա, որին նույնքան ակնհայտորեն համարժեք չեն հայաստանյան քաղաքական ուժերը: Եւ դա լավ է, որովհետեւ ավանդական “շուստրիությունն” արդեն չի անցնելու:

Հայկ Արամյան

No comments: