Sunday, August 21, 2011

Ադրբեջանն ակտիվորեն համակիրներ է փնտրում հայկական երկու պետություններում և Սփյուռքում. փորձագետ

Tert.am. 20-8-2011- «Մենք նկատում ենք, որ ադրբեջանական դիվանագիտությունը և քարոզչությունը մի նոր մարտավարական ուղղություն են որդեգրել. բացի Արցախի ադրբեջանցիներից, ովքեր կռիվների շրջանում ստիպված են եղել թողնել իրենց բնակավայրերը, և որոնց՝ որպես Արցախի ադրբեջանական համայնք, վաղուց օգտագործում են դիվանագիտորեն, Ադրբեջանը հիմա փորձում է օգտագործել նաև արցախահայերին՝ ստեղծելով Արցախի հայի պրոադրբեջանական կերպար»,- այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Ըստ նրա՝ հայի այս կերպարը պիտի հանդուրժի, նորմալ համարի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ընդգրկելը։ Դրա համար ադրբեջանական քարոզչամեքենան հարմար մարդիկ է փնտրում Արցախում և Սփյուռքում։ «Իրենք այս մարդկանց հետ փորձում են կոնտակտ հաստատել. այս մարդկանց կարոտախտը իրենց բնակավայրերի հանդեպ, իրենց կենցաղային խնդիրները և Ադրբեջանում՝ իրենց համեմատաբար ապահովված վիճակի մասին հուշերն օգտագործել և ներգրավել իրենց ծրագրերում»,- ասաց նա։
Ադրբեջանի՝ օրերս արած հայտարարությունը («Թրենդ» գործակալության տվյալներով, արտերկրում Ադրբեջանը սկսելու է լայնածավալ քարոզչական աշխատանք) Ջամալյանի կարծիքով, նշանակում է, որ մեծ քարոզչական արշավ է պատրաստվում, որն ուղղված կլինի ոչ միայն արտերկրի ադրբեջանցիների ազգապահպանման կամ միջազգային հանրության կարծիքն իրենց շահավետ ուղղությամբ շրջելուն, այլև՝ Արցախյան պատերազմի արդյունքում արտագաղթի ճանապարհը բռնած, ունեցվածքը կորցրած, դժվարությունների միջով անցնող հայերին՝ համոզելով նրանց, որ Ադրբեջանի կազմում կարող են ապրել խաղաղ ու ապահով։
Նա ընդգծեց, որ ադրբեջանական քարոզչությունն ուղիղ չէ, այլ կիրառում է բազմաթիվ մանիպուլյատիվ միջոցներ։ «Փառք Աստծո, այսօր Արցախում շատ վճռական տրամադրություններ են, բայց քարոզչությունը, որ գուցե տվյալ պատմական ժամանակահատվածում անիմաստ է թվում, սակայն ճիշտ կիրառում է տեխնիկական ժամանակակից միջոցները, ապագայում կարող է տալ անկանխատեսելի արդյունքներ»,- զգուշացրեց փորձագետը։
Ըստ նրա՝ ԱՊՀ տարածքում գտնվող փախստականներն այսօր առավել կտրված են ազգայինից և խոցելի են ադրբեջանական քարոզչության համար. «Արցախը կայուն է, պինդ է, ոգեղեն է, վճռական է, սակայն թշնամին այդ գաղափարական մոնոլիտությունը քանդելու համար միջոցներ է ձեռք առնում։ Ու եթե Արցախում այս պահին նա հաջողելու հնարավորություններ չունի, որովհետև այստեղ ձևավորված է հաղթանակած, ազատ երկրի քաղաքացիական հանրություն, ապա արտագաղթած հայերի մոտ ձեռքբերումների զգացողությունները շատ ավելի թույլ են, և նրանք շատ ավելի խոցելի են նաև այդ առումով»,- նշեց նա։
Դավիթ Ջամալյանի դիտարկմամբ՝ այսօր անհրաժեշտ է առավել հետևողական իրականացնել ադրբեջանական քարոզչությունը դիմակազերծող տեղեկատվական գործունեություն թե´ հայկական երկու պետություններում, թե´ հայկական նոր Սփյուռքում և թե´ միջազգային կառույցներում՝ հնարավորինս պարզ և մատչելի բացատրելով Ադրբեջանի քարոզչական գործունեության նպատակները, կանխելու համար հայորդիների՝ ադրբեջանական քարոզչության գործիք դառնալը։
Ադրբեջանը նաև միջազգային կառույցների միջոցով փորձում է շրջանառել հայ ադրբեջանական միացյալ հասարակության, և միասին արժանապատիվ խաղաղությամբ ապրելու գաղափարները, բայց, ըստ փորձագետի՝ «արժանապատիվ խաղաղությունը լավ է, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ ագրեսոր կողմը ընդունում է մյուս կողմի անկախ գոյության իրավունքը. իսկ Ադրբեջանի էթնոքաղաքական տրամադրությունների տրանսֆորմացիան նման միտումներ այսօր չունի»։

No comments: