Tuesday, August 2, 2011

ԱՐՑԱԽ . ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻՑ ` ՈՉ ՄԻ ԹԻԶ

Bnaban.am, 2-8-2011- Ներկայումս կարևորագույնը Արցախի հիմնախնդիրն է: Այն որքան ճակատագրական է հայերիս առաքելության մեջ, նույնքան էլ կարևոր է մեր թշնամիների ծավալապաշտական նկրտումներում՝ Հայության Պատմական Հայրենիքը հիմնավորապես «սեփականաշնորհելու», նաև՝ գերտերությունների աշխարհա-քաղաքական շահերի տեսանկյունից: Խնդիրն ավելի քան բարդ է քաղաքականապես՝ հատկապես մեր հակառակորդների համար: Մենք դարերի երկար սպասումից հետո խոսում ենք հաղթողի դիրքից, ուստի թելադրող կողմ ենք, ինչքան էլ ոմանք փորձեն նսեմացնել այդ բացահայտ ճշմարտությունը: Եվ հակառակն ապացուցողը պարզապես թուրք է, որը բացի թշնամու կերպարից, մեզ համար նաև հայհոյանք է... մեզ համար նույն թուրքն է նաև՝ որևէ երրորդ պարտադրող կողմ: Արցախի հարցի քննարկումն իսկ Ադրբեջանի կազմում կամ «ընդհանուր պետության» սահմաններում՝ անընդունելի է, որքան էլ «լավագույն» տարբերակներ առաջարկվեն: Եթե նույնիսկ Միացյալ Արցախի գաղափարն առաջարկվի (ԼՂՀ+Դաշտային Արցախ (Գանձակ, Շահումյանի շրջան և այլն)) Ադրբեջանի կազմում: Որևէ զիջում, այդ թվում՝ ազատագրված տարածքներից, կհամարվի դավաճանություն: Փախստականների, տարածքների, փոխզիջումների մասին զրույցները պետք է զրույցներ էլ մնան:
Արցախը Համայն Հայության հարցն է: Եվ այստեղ էլ հակառակը պնդողն ուղղակի ներազգային հակամարտություն առաջացնելու, Հայոց Պետականությունը թուլացնելու միտում ունի, ուստի նույնպես մեզ թշնամի է...
Արցախը, ազատագրված և ազատագրվելիք (Հայկական Բարձրավանդակ) միասնական տարածքը Հայ Ազգի Արարչական Բնօրրանն է և Հայկական (Նահատակ Նախնյաց) Արյան սնուցիչ «Մարմին»-ը: Այն Հավաքական Հայրենիք է, և ոչ մեկ անհատի՝ առավել ևս ստոր դավաճանի սեփական օգտագործման հողակտորը չէ: Արցախը և ազատագրված տարածքները հայրենատիրության լոկ առաջին քայլերն են՝ Դաշտային Արցախ, Նախիջևան, Ջավախք և Արևմտյան Հայաստան վրիժառության ճանապարհին...
Ուստի այլևս ոչ մի թիզ Հայրենի Հող չպետք է զիջվի, այլ պետք է լինի հակառակը: Իսկ Միացյալ Արցախը չզիջելու բոլոր հիմքերը կան: Պատմականորեն (ոչ միայն Հայոց պատմությամբ) փաստն անժխտելի է, ինչքան էլ թուրք-ազերիները իրենց սրա-նրա ժառանգորդը հռչակեն, այստեղ էլ ամեն ինչ ավելի քան հստակ է: Բարոյական ու հոգեբանական հաղթական գործոնները նույնպես մեր կողմն են, և մնում է ամրագրել իրավաբանական հաղթանակը: Բոլոր ազգերը փայփայանքով, նախանձախնդրորեն են վերաբերում իրենց ծագմանն ու հայրենիքին, բայց ահա թյուրքական տարրը վայրենաբար հրաժարվում է դրանցից ու իր այլ սրբություններից՝ այլասերելով նաև՝ այլոց սրբությունները... Ուստի սրանց ապացուցելու, հետները բանակցելու միտումներն ունայն են, ստեղծված համատեղ հանձնաժողովներն էլ՝ անիմաստ... լուծումը կտան Հայ Ազգայնականները՝ Հայրենապաշտները: Իսկ առայժմ մեր խնդիրը Հայաստանի հզոր բարեկամներին հիմնավորումներ տրամադրելն է և հարցը օրակարգում հայանպաստորեն պահելը...

- ՄԱԿ-ի նախորդը՝ Ազգերի Լիգան (ԱԼ) 1920թ. իրավացիորեն մերժել է Ադրբեջանի ԱԼ ընդունվելու դիմումը՝ պատճառաբանելով, որ այդ հանրապետությունը չունի. «կայուն կառավարություն և չի վերահսկում այն տարածքները, որոնց հավակնում է»: ԱԼ-ն ուրվագծել է նաև «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի սահմանները, որոնց խնդիրը պետք է կարգավորվեր Փարիզի Խաղաղության համաժողովում: Ըստ ԱԼ-ի քարտեզի «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի մեջ էին մտնում ոչ միայն ԼՂՀ-ն ու այսօրվա ազատագրված շրջանները, այլև Գանձակը, Դաշքեսանը, Խանլարը, Նավթալանը, Գեդաբեկը և այլ տարածքներ: Այսինքն, եթե նույնիսկ պատմականորեն շատ հեռու չգնանք, էլի ակնհայտ է, որ առ այսօր ԼՂՀ-ն (հայությունը) փորձել է վերականգնել իր՝ պատմական-օրինական՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, իսկ Ադրբեջանն իր կարճ գոյության ընթացքում երբևիցե միջազգայնորեն ճանաչված հաստատուն սահմաններ չի ունեցել: «Խորհրդային ժառանգությունից» էլ ինքնակամ հրաժարվել է: Միայն այսքանով ԼՂՀ-ն իրավունք ունի անկախ գոյատևման, որին վաղուց է հասել ու մոտ քսան տարի է (1989թ. դեկտեմբերի 1-ին)՝ հայտարարել է Մայր-Հայաստանին միանալու իր վճիռը:

- 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(Բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի որոշումը՝ Արցախի բռնակցումը Ադրբեջանին, նույնպես որևէ լուրջ իրավական հիմք չի տալիս խորհրդային ժամանակներից եկած, այժմ էլ իբր ԼՂՀ-ն Ադրբեջանի անբաժան մաս դարձրած այդ փաստաթուղթը ճանաչելու և միջազգայնորեն ընդունված տարածքային անձեռնմխելիության իրավունքով առաջնորդվելու համար: Իսկ եթե, այնուամենայնիվ փորձ է արվում բանակցություններում դա համարել կատարված փաստ, ապա ԼՂՀ-ն ներկայումս «դե ֆակտո և դե յուրե» անկախ է, նույնիսկ ավելի՝ քան աշխարհի շատ «իրական» պետություններ: 1991թ. սեպտեմբերին հռչակվել է որպես ԼՂՀ՝ նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքներում, մոտ 207,7հզ. բնակչությամբ և 5հզ.քառ.կմ տարածքով, իսկ մինչ այդ Հայաստանին վերամիավորվելու փաստն ավելի խոսուն է: Մի խոսքով, դեռ ավելի վաղ ԼՂԻՄ-ի պատգամավորական խորհուրդն իր՝ 1988թ. փետրվարի 20-ի որոշման համաձայն, հենվելով ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի վրա, ԼՂԻՄ-ը դուրս է բերել Ադրբեջանի կազմից և հայտարարել միացված Հայաստանին՝ որպես նրա անբաժան մաս: Իսկ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում ԼՂՀ-ն հռչակվեց անկախ պետություն, շուրջ 108.6հզ. մասնակիցներից 108.5հզ.-ն վճռաբար «այո» են ասել (ընդամենը 21-ը՝ ոչ): Համոզված ենք, որ գոնե սա կովբյուրոի կամայական որոշումից առավել իրավական քայլ է, եթե չասենք՝ զուտ իրավական:

- Իրավաբանական «ճեղքվածք» կա սույն հարցում ևս, Ադրբեջանը հրաժարվել է «խորհրդային իրավական անցյալից» և իրեն համարել է 1918-1920թթ. մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը: Նույն թվականներին Արցախում իշխանությունը Հայոց Ազգային Խորհրդի ձեռքում էր: 1920թ. ապրիլի վերջերին մարզում հաստատվեցին խորհրդային կարգեր, 1921թ. հուլիսին եղավ կով.բյուրոյի տխրահռչակ որոշումը, և միայն 1923թ. հուլիսի 7-ին Արցախի լեռնային մասը հռչակվեց ինքնավար մարզ՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում: Սրանով Ադրբեջանի հանրապետության հռչակագիրը (նաև արդեն նշված Ազգերի Լիգայի դիրքորոշումը) մեզ է «վերադարձնում» Արցախը (նաև՝ Նախիջևանը), կամ գոնե իրենից իրավացիորեն «հեռացնում» է մեր պատմական տարածքները, նաև՝ Դաշտային Արցախը: Իսկ ինչ մնում է խորհրդային ժամանակների անօրինականություններին, լենին-ստալինյան ստոր բռնարարքներին, ապա դրանք լավագույնս հայտնի են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին ու ՆԱՏՕ-ին և միջազգային դատարաններում ու այլ ազդեցիկ ատյաններում արդարացի քննարկումների կարիք ունեն դեռևս...

No comments: