Tuesday, August 2, 2011

Ինչ է ստացվել ու չի ստացվել Կոնգրեսում

«Լրագիր» 1-8-2011- Երեք տարի առաջ, Մատենադարանի հարթակում, ստորագրվեց Հայ ազգային կոնգրեսի հռչակագիրը, որի տակ իրենց ստորագրությունը դնող ուժերը հայտարարում էին Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման գաղափարի շուրջ միասնական կառույցով պայքարելու իրենց պատրաստակամության մասին:
Անցել է երեք տարի, Կոնգրեսը չի հասել սահմանադրական կարգի հաստատման, բայց այդ մասին դիտարկումներին ի պատասխան հիշեցնում է լեհական Սոլիդարնոստի մասին, որը Լեհաստանում պայքարեց 9 տարի: Այդ համեմատությունն իհարկե տեղին չէ հենց սկզբից, քանի որ Լեհաստանի եւ Հայաստանի իրավիճակները տարբեր են ելակետային առումով, տարբեր են միջավայրերը, տարբեր են տարածաշրջանները:
Այնպես որ, շատ դժվար է ասել, թե որքանով է երեք տարվա ընթացքում գլխավոր նպատակին չհասնելը օրինաչափ, ու որքանով է դա ձախողում: Բայց, խնդիրը թերեւս ամենեւին էլ այն չէ, թե արդյոք Կոնգրեսը հասել է սահմանադրական կարգի հաստատման, կամ իշխանափոխության, թե չի հասել: Կարեւորը թերեւս այն է, թե արդյոք Կոնգրեսը կարողացել է այս տարիների ընթացքում հասնել նրան, որ երկրում ձեւավորվի սահմանադրական կարգի գիտակցում, եւ այդ գիտակցման վրա խարսխված այլընտրանքային քաղաքացիական համակարգ:
Այդ տեսանկյունից, արդյունքը թերեւս հարաբերական է: Բանն այն է, որ որպես քաղաքական կառույց, քաղաքական համակարգ, Կոնգրեսը զգալիորեն կայացել է, անկախությունից ի վեր Հայաստանի համար արձանագրելով քաղաքական աննախադեպ արդյունք: Այդ արդյունքն էլ ավելի էական եւ կարեւոր է հատկապես այն աննախադեպ դաժանության ֆոնին, որով փորձ արվեց 2008 թվականին ճնշել Կոնգրեսի հիմքը հանդիսացած ժողովրդական շարժումը:
Բայց քաղաքացիական համակարգի առումով, Կոնգրեսը լինելով նաեւ Հայաստանում քաղաքացիական ակտիվության կարեւոր խթանիչ, այդուհանդերձ կարծես թե չկարողացավ լինել այն համակարգային առանցքը, որի շուրջ կձեւավորվեր քաղաքացիական Հայաստանը: Ակնհայտ է, որ Կոնգրեսի շրջանակի առանցքից դուրս մնաց քաղաքացիական մի զգալի շերտ, կամ մի զգալի շերտ ի դեմս Կոնգրեսի չտեսավ կոնսոլիդացնող համակարգային առանցք: Դրա պատճառը թերեւս այն է, որ ձեւավորվելով սահմանադրական կարգի հաստատման գաղափարի շուրջ, Կոնգրեսն ինքը սկսեց գործել “սահմանադրական” կարգից դուրս, առավելապես ավտորիտար կարգին եւ մեխանիզմներին բնորոշ գործունեությամբ` լինի դա առօրյա քաղաքական գործունեության, թե առօրյա քարոզչական գործունեության ճակատում:
Այդ տեսանկյունից, Հայաստանի քաղաքական դաշտում լինելով թերեւս աննախադեպ եւ զգալիորեն հաջողված ինստիտուտ իր քաղաքական նախապատմության եւ ընթացքի իմաստով, Կոնգրեսը չի կարողացել դառնալ աննախադեպ համակարգ իր քաղաքացիական ընդգրկունության իմաստով, որտեղ քաղաքականությունը կծառայեր քաղաքացիությանը, ոչ թե հակառակը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: