Tuesday, August 2, 2011

Ադրբեջանի մեծ ռազմական ծախսերը ուրախության առիթ չեն. Deutsche Welle

News.am. 1-8-2011- Լեռնային Ղարաբաղի շուրջ չկարգավորված իրավիճակը Ադրբեջանի «ամենացավոտ կետերից է», կարծում է «Վեստնիկ Կավկազա» տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վլասովը, որի խոսքը «Ադրբեջան. Ժառանգական ավտոկրատիան նավթադոլարի թիկունքում» հոդվածում մեջբերել է Deutsche Welle-ն:
2011թ. հունիսին ելույթ ունենալով ազգային բանակի օրվան նվիրված շքերթում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հպարտության զեկուցել է երկրի ռազմական պոտենցիալի մասին, 2011թ. ռազմական ծախսերի համար հատկացվել է պետբյուջեի հինգերորդ մասը` 3,3 մլրդ դոլար: Այդ գումարը գերազանցում է Հայաստանի բյուջեն, ինչի մասին շտապել է ասել Ալիեւը: Սակայն անհամաչափ բարձր ռազմական ծախսերն ուրախության առիթ չեն, կարծում է Ալեքսեյ Վլասովը: «Այդ ահռելի գումարները կարող էին գնալ բոլորովին այլ նպատակների»,- վստահ է նա:
Հոդվածում նշվում է, որ նավթի եւ գազի արտահանումից ստացվող եկամուտներն ադրբեջանական գանձարան են սկսել հոսել 90-ականների վերջից, ինչը թույլ է տվել հանրապետությանն առաջատար դիրք զբաղեցնել հետխորհրդային երկրների ցանկում տնտեսության զարգացման առումով, նաեւ առանց ցնցումների վերապրել ֆինանսական ճգնաժամը: 2010թ. Ադրբեջանն արտահանել է մոտ 32 միլիոն տոննա հում նավթ` 13 միլիարդ եվրո արժեքով:
Բայց նավթի պաշարները երկրի կյանքում միայն դրական դեր չէ, որ խաղում են: «Նավթադոլարները թույլ են տալիս թաքցնել խնդիրները»,- կարծում է ադրբեջանական «Կավկազ» համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Ֆարհադ Մեհդիեւը. «Անհասկանալի է, թե որ հատվածը կարող է ինքնուրույն ոտքի կանգնել, իսկ որը` ոչ: Այդկերպ ընկնում է կառավարման արդյունավետությունը»: Փորձագետը որպես մեկ այլ խոշոր խնդիր մատնանշել է որակյալ կադրերի բացակայությունը բացառությամբ նավթաքիմիական արդյունաբերության: «Մենք գումարներ ունենք, սակայն մարդկային կապիտալը թույլ է»,- հավելել է Մեհդիեւը:

No comments: