Wednesday, August 3, 2011

Facebook սոցցանցում Ալեքսանդր Արզումանյանի արձագանքը Տեր-Պետրոսյանի ելույթին

Tert.am. 2-8-2011- Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար, 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը Facebook սոցիալական ցանցի 3Ա խմբում, անդրադառնալով օգոստոսի 2-ին Ազատության հրապարակում հնչեցված ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, գրառում է թողել այն մասին, որ առաջին նախագահի ելույթի տեսագրության և մամուլին ՀԱԿ-ից ուղարկված ելույթի տեքստի միջև որոշակի տարբերություններ կան: Ձեզ ենք ներկայացնում 3Ա խմբում Ալեքսանդր Արզումանյանի գրառումն առանց խմբագրման:
«Հարգելի համա3Ացիներ, եթե համեմատեք Լ. Տ-Պ-ի այսօրվա ելույթի տեսագրությունը տարածված տեքստի հետ, ապա որոշակի տարբերություն կնկատեք: Ստորեւ ներկայացնում եմ ելույթի նախաբանի առաջին մի քանի նախադասությունների տառադարձությունը: Դրանք տեղ չեն գտել տպագիր տեքստում.
“Սիրելի հայրենակիցներ,
Հասկանալի է, որ ներկա պահին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից իրադարձությունը Հայ ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված ֆորմալ երկխոսությունն է` անկախ դրա նկատմամբ տրվող տարբեր գնահատականներից: Եկեք մի բան արձանագրենք. այս երկխոսությունից դեռեւս ոչ իշխանությունը, ոչ էլ Հայ Ազգային Կոնգրեսը, ոչ էլ մեր ժողովուրդը ոչինչ չի շահել: Բայց շահել է մեր երկիրը, մեր պետությունը: Միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է Հայաստանի հեղինակությունը որպես քաղաքակիրթ երկիր, քաղաքակիրթ պետություն: Ինչ կուզեք ասեք, այս երկխոսությամբ նաեւ ուժեղացել են Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Մի բան, որ մենք այս իշխանություններին երեք տարի շարունակ ասում էինք եւ նրանք չէին հասկանում, եւ այդ պատճառով է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը հասել է այս անմխիթար վիճակին: “

Փաստորեն, մենք երեք տարի պայքարել ենք, որպեսզի անսահմանորեն բարձրացնենք Ավազակապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում` այն ներկայացնելով որպես քաղաքակիրթ պետություն: Նաեւ, երեք տարի շարունակ մենք ավազակապետերին հորդորում էինք գնալ զիջումների Ղարաբաղյան հակամարտության հարցում, բայց նրանք չէին հասկանում…»:

No comments: