Tuesday, August 2, 2011

«Goldman Sachs». Թուրքիայի բանակի բարձրագույն ղեկավարության հրաժարականը կօգնի ժողովրդավարության հզորացմանը

News.am. 1-8-2011- Թուրքիայի Զինված ուժերի չորս բարձրագույն ղեկավարների հուլիսի 29-ի հրաժարականը ցույց է տալիս, որ վարչապետ Էրդողանը մեծացնում է քաղաքացիական համախմբումը երկրում: Այդ մասին ասվում է «Goldman Sachs» միջազգային ներդրումային ընկերության վերլուծաբաններ Ահմեթ Աքարլիի եւ Կլեմենս Գրաֆեի ուսումնասիրությունում, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Նրանց կարծիքով, այդ հրաժարականներին, ի նշան բողոքի կարող են հաջորդել մյուսները, սակայն թափուր տեղերն անմիջապես կզբաղեցնեն կառավարության առաջադրած թեկնածուները:
«Քիչ հավանական է, որ քաղաքական աղմուկը վերաճի քաղաքական ճգնաժամի: Իշխող կուսակցությունն (Արդարություն եւ զարգացում) ընդամենը հասկացնում է, որ սահմանադրությամբ` բանակը ենթարկվում է քաղաքացիական իշխանությանը»,– կարծում են վերլուծաբանները:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին հրաժարական տվեց Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ըշըք Քոշաները, որն այդ պաշտոնում մնաց մեկ տարուց էլ քիչ: Նրա հետ պաշտոնները լքել են ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարները: Զինվորականները դժգոհություն են հայտնել մի շարք բարձրաստիճան զինվորականների հակապետական դավադրության մեղադրանքով կալանովորելու դեմ: Քոշաներն ու Էրդողանը մի քանի հանդիպումներ ունեցան, սակայն համաձայնության չհասան:
Էրդողանի կառավարության եւ Զինված ուժերի այս հակասությունները կարող են դրդել վարչապետին կազմել նոր սահմանադրության նախագիծը, ինչը կստիպի իշխող կուսակցությանը «մի շարք հակասական հարցերի, այդ թվում էթնիկ, կրոնական իրավունքների եւ մարդու ազատությունների վերաբերյալ, վերջապես, ընդունել հստակ դիրքորոշում»:
Էրդողանի կուսակցությունը խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն: Սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ կլինի կամ ազգայնականների, կամ քուրդ քաղաքական գործիչների աջակցությունը: Սակայն նրանք էլ կփորձեն «առաջ տանել սեփական քաղաքական առաջնահերթությունները, կամ առաջարկել փոխզիջումներ, որոնք ընդունել դժվար կլինի», կարծում են «Goldman Sachs»-ի վերլուծաբանները:

No comments: