Monday, August 15, 2011

PKK-ի առաջնորդի ձերբակալման մասին կեղծ լուրը խառնաշփոթ է առաջացրել Թուրքիայում

News.am.15-8-2011- Թուրքական TRT հեռուստաընկերությունը օգոստոսի 13-ի երեկոյան տեղեկություն է հաղորդել, թե PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը ձերբակալվել է Իրանի կողմից: Այս տեղեկությանն անմիջապես արձագանքել է PKK-ն` հայտարարելով, թե TRT սուտ լուր է տարածում:
Թուրքիայում մեծ իրարանցում առաջացրած այս տեղեկությունը տարածեցին թուրքական բոլոր լրատվամիջոցները` վկայակոչելով Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաադին Բուրուջերդին: Այս լուրին անմիջապես արձագանքում է մեկ այլ քրդական լրատվամիջոց` ROJ TV-ն` կրկին հերքելով Քարայըլանի ձերբակալման մասին լուրը:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին եւս չի հաջողվել հստակ պատասխան ստանալ իրանական կողմից: Իրանի ԱԳ նախարարը նշել է թե իրենք չեն կարող հաստատել Քարայլըանի ձերբակալման մասին տեղեկությունը, քանի որ իրենց ձեռքում փաստեր չկան:
Իրանում Թուրքիայի դեսպանը կապնվել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաադին Բուրուջերդիի հետ, ով հերքել է այտ տեղեկությունը` շեշտելով, թե ինքը նման բան երբեք չի ասել:
Նշենք, որ թուրքական մամուլում տարիներ առաջ եւս տեղեկություններ էին հայտնվել, թե Մուրադ Քարայըլանը ձերբակալվել է եւ բերվել Թուրքիա:
Հիշեցնենք, որ Մուրադ Քարայըլանը հանդիսանում է «Քուրդիստանի հասարակությունների միության» (KCK) խորհրդի նախագահը եւ Աբդուլլահ Օջալանից հետո հանդիանում է PKK-ի 2-րդ առաջնորդը:

No comments: