Thursday, August 11, 2011

Radikal. Թալեաթը համբուրում էր Զոհրապին, իսկ 2 օր առաջ ստորագրել էր նրա ձերբակալման հրամանը

Panorama.am. 10-8-2011- Թուրքական «Radikal» թերթի սյունակագիր Օրալ Չալըշլարը «Թալեաթ փաշայի մահվան համբույրը» հոդվածում անդրադարձել է հայ նշանավոր գրող, Գրիգոր Զոհրապի լուսավոր կերպարին և ողբերգական մահվանը: Նշելով, որ Զոհրապը Օսմանյան խորհրդարանի պատգամավոր էր, ազդեցիկ անձնավորություն, ուժեղ գրչի տեր և հազվագյուտ իրավաբան, հոդվածագիրը մեջբերում է սպանդի ճանապարհին ասված Զոհրապի հետևյալ խոսքերը. «Ես սոցիալիստ եմ, հավատացյալ սոցիալիստ: Սոցիալիստը ոչ պարտիզանն է, ոչ էլ տեռորիստը...»:
Այնուհետև թուրք հեղինակը պատմում է Ստամբուլում 1915-ի ապրիլի 24-ի գիշերը հայ մտավորականներ ձերբակալելու և աքսորի ճանապարհին սպանելու մասին: Եվ թե ինչպես էր այդ ժամանակ Զոհրապն իր անմեղ ազգակիցներին ազատելու համար
Դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային, բայց` ապարդյուն:
Օրալ Չալըշլարը Զոհրապի կենսագրությանը նվիրված Նեսիմ Օվադյա Իզրաիլի «1915թ. մի մահվան ճամփորդություն. Գրիքոր Զոհրապ» գրքից հիշատակություններ է անում իր հոդվածում: Մասնավորապես Զոհրապի ձերբակալման գիշերվա մասին գրված է հետևյալը. «1915 թվականի հունիսի 2, գիշեր: Զոհրապը «Cercle d’Orient» ակումբում Թալեաթ փաշայի և Հալիլ բեյի հետ էր: Կեսգիշերին Զոհրապը վեր կացավ` տուն գնալու: Այդ ժամանակ ոտքի կանգնես նաև Թալեաթ փաշան, մոտեցավ Զոհրապին ու համբուրեց այտը...»:
Այդ դրվագը հիշեցնելով` թուրք հեղինակը շեշտում է, որ հետո պիտի պարզ դառնար, դա մահվան համբույր էր, քանի որ երկու օր առաջ արդեն Թալեաթը ստորագրել էր Գրիգոր Զոհրապին և մյուս հայ պատգամավոր Վարդգես Սերենգյուլյանին ձերբակալելու հրամանը: Այդպես էլ եղավ: Հենց այդ գիշեր թուրքերը Զոհրապի տուն խուժեցին և ձերբակալեցին և Սերենգյուլյանի հետ բռնի տեղահանելով տարան մի ճանապարհով, որը ճամփա էր առանց տունդարձի: Իր կնոջն ուղարկած վերջին նամակում Զոհրապը գրում է. «Ինձ դատելու համար Ստամբուլից Դիարբեքիր ուղարկողները ոչնչացնելու համար են ուղարկում: Դիարբեքիրում սարսափելի բաներ են կատարվում: Աստված գիտի, չնայած անմեղ եմ, բայց այնտեղից ողջ դուրս չեմ գա»:
Վկայակոչելով հիշյալ գիրքը թուրք հոդվածագիրը պատմում է, թե ինչպես տանջամահ անելով գազանաբար սպանել Զոհրապին, իսկ նրա ձեռքի ժամացույցն ու մատանին էլ Ուրֆայի շուկայում վաճառքի հանել: Նշվում է նաև, որ հրեշավոր սպանությունը փորձ արվեց թաքցնել. Ուրֆայի քաղաքապետարանի բժիշկը զեկույց կազմեց, ըստ որի Զոհրապը իբր մահացել է սրտի կաթվածից:
Դատապարտելով հիշյալ ոճրագործությունները` թուրք հեղինակը ընդգծում է, որ Զոհրապի ստեղծագործությոնները 22 հատորով հրատարակվել են, թարգմանվել 26 լեզուներով, մինչդեռ Թուրքիայում նրա մասին բավականաչափ չգիտեն: Հոդվածում և Զոհրապին նվիրված հիշյալ գրքում կարևորվում է նրա անձի ու գործունեության հանրային իրազեկումը` որպես օսմանյան շրջանի լուսավոր գործիչների մեկը:
«520 էջից բաղկացած այդ արժեքավոր հետազոտությունը մեր պատմության դառնության հետ մեր իսկ առերեսման տեսակյունից շատ կարևոր է»,- եզրափակում է հոդվածագիրը:

No comments: