Friday, August 26, 2011

Wikileaks. Մարի Յովանովիչը Պետդեպին պատմել է ընդդիմության հանրահավաքներից իր տպավորությունը

Tert.am. 25-8-2011- Հայտնի սկանդալային Wikileaks կայքը հրապարակել է 2009 թվականի մայիսի 11-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի գաղտնի նամակը՝ ուղղված ԱՄՆ Պետդեպարտամենտին: Նամակում մասնավորապես ասվում է. «Ոստիկանական ուժերի վերահսկողությամբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը 2009 թվականի մայիսի 1-ին` Երևանի ավագանու ընտրություններից մեկ ամիս առաջ, կազմակերպեց ՀԱԿ երկրորդ հանրահավաքը: Իր ելույթում նա նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրեց իշխանությունը պահելու համար միջոցներ չխնայելու մեջ (անգամ Ցեղասպանության ուրացման գնով)»: Դրա ապացույցը, ըստ Լևոն Տեր Պետրոսյանի, հայ–թուրքական հարաբերությունների նորմալացման վերաբերյալ ապրիլի 22–ի՝ Թուրքիայի հետ համատեղ հայտարարությունն էր։
Նամակում Յովանովիչը նկատում է, որ չնայած ընդդիմության պնդումներին առ այն, թե տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել հանրահավաքին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների գնահատմամբ մարդկանց թիվը կազմել է 6-8 հազար:
Ընդդիմության կողմից ճանապարհների փակ լինելու վերաբերյալ բողոքների առնչությամբ Յովանովիչը խոսել է Ոստիկանապետի հետ, որը հերքել է այդ փաստը՝ նշելով, որ ոստիկանությունն իր սովորական ստուգումներն է անցկացնում՝ ապօրինի զենք հայտնաբերելու համար։ «Ոստիկանությունը վերջերս մեկամսյա գործողություն է սկսել՝ ապօրինի զենք ու զինամթերքի տեղափոխման դեմ, ինչը գրեթե ճշգրտորեն համընկնում է նախընտրական քարոզչության շրջանի հետ»,– գրում է Յովանովիչը։
«Թեև ոչ ոք չի կարող խանգարել խորամանկ նախկին նախագահին, այդուհանդերձ, նրա հանրահավաքների մասնակիցների թվի նվազումը ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանի համախոհները կորցնում են իրենց վստահությունն ընտրություններում հաղթանակ տանելու նրա հնարավորությունների նկատմամբ»,-գրում է Մարի Յովանովիչը:

No comments: