Friday, September 23, 2011

Բաքուն 10 միլիոն դոլար է վճարել «Լոնդոն 2012» օլիմպիական խաղերում 2 ոսկե մեդալ ստանալու համար

Tert.am. 23-9-2011- BBC Newsnight-ի աղբյուրները նշում են, որ գումարը ստացվել է 2012 թ.-ի
Օլիմպիական միջազգային բռնցքամարտի մրցաշարի արդյունքները փոփոխելու դիմաց:
BBC Newsnight-ը փաստեր է հայտնաբերել միլիոնավոր դոլարների գաղտնի վճարումների վերաբերյալ, որոնք տրվել են Ադրբեջանից բռնցքամարտի միջազգային կազմակերպությանը` World Series Boxing-ին (WSB):
Ըստ աղբյուրների, WSB-ի ղեկավարը պնդում է, որ գումարները ստացվել են այն երաշխիքի դիմաց, որ Ադրբեջանի բռնցքամարտիկները կնվաճեն երկու ոսկե մեդալ Լոնդոնում 2012թ.-ի օլիմպիական խաղերի ժամանակ:
Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA), որը կազմակերպում է օլիմպիական մենամարտերը, ընդունում է, որ Ադրբեջանի քաղաքացին 9 մլն դոլար է վճարել մրցաշարերից մեկի հիմնադրամին:
Սակայն, AIBA-ն հերքում է մեդալների հետ կապված գործարքների առկայությունը:
AIBA-ի փաստաբանները BBC -ին հայտնել են, որ ցանկացած նման հայտարարություն «անհեթեթ է և իրականությանը չհամապատասխանող»:
Նույն տեսակետը պաշտպանել է նաև AIBA -ի նախագահ Ching-Kuo Wu-ն, ով Newsnight-ին ասել է, որ պայմանավորված մենամարտերի մասին հայտարարությունները «բացարձակ սուտ են և անհեթեթ»: Նա ավելացրել է, որ «WSB-ն գործում է միանգամայն թափանցիկ»:
Բռնցքամարտի կազմակերպության աղբյուրները կապ էին հաստատել Newsnight-ի հետ մեղադրանքներ հնչեցնելով WSB-ի գործադիր տնօրեն Իվան Հոդաբախշի հասցեին:
Հայտնի է, որ WSB -ն ԱՄՆ - ում ֆինանսական խնդիրներ ունի և այդ պատճառով նրան գումար է անհրաժեշտ:
Ըստ աղբյուրների, Հոդաբախշն ասել է, որ գաղտնի գործարք է կնքված`Ադրբեջանից ֆինանսավորում ստանալու դիմաց: Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարի ընթացքում ադրբեջանական բռնցքամարտիկների ոսկե մեդալները կապահովվեն:
Newsnight-ի աղբյուրը ասել, որ «Իվանը պարծենում էր մեզանից մի քանիսի մոտ, որ գումարների առկայության հարցում բռնցքամարտի համաշխարհային սերիան անհանգստանալու կարիք չի ունենա: Հենց ադրբեջանցիները մեդալներ ստանան` WSB-ն էլ կստանա կանխիկ գումարը»:
Մեկ այլ աղբյուրի համաձայն Հոդաբախշը մտել է սենյակ և ասել`
«Մենք արդեն ապահով ենք` ադրբեջանցիները եկել են, դրա համար մենք իրենց պետք է մեդալներ տանք»:
«Նա խոսել է Լոնդոնում ոսկե մեդալների մասին, որի փոխարեն միլիոնավոր դոլարների գաղտնի վճարումներ կլինեն: Մեդալները այսպես բացեիբաց վաճառվում են, դա ապշեցուցիչ է». - ավելացրել է աղբյուրը:
Սակայն Հոդաբախշը Newsnight -ին ասել է, որ ցանկացած տեսակի պնդում կապված Ադրբեջանի հետ ինչ - ինչ պայմանավորվածությունների մասին` բացարձակ սուտ է:
AIBA -ն ավելի վաղ հաստատել է, որ Ամերիկայում WSB-ի կողմից ստացված փողը շվեյցարական մասնավոր ընկերության հշվից է, սակայն Newsnight-ին հասանելի դարձած փաստաթղթերը վկայում են, որ Հոդաբախշի AIBA-ի գործադիր տնօրեն Հո Կիմի և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադդին Հեյդարովի միջև հաղորդագրությունների փոխանակումը 10 մլն դոլար վարկային ներդրումային համաձայնագրի առկայության մասին է վկայում:
Փաստաթղթերի թվում առկա է մի նամակ, որով Հոդաբախշը դիմում է Ադրբեջանի նախարարությանը հետևյալ խնդրանքով` «Խնդրում ենք հնարավորինս արագ ներդրումային գումարները փոխանցեք «WSB America»-ի հաշվին»:
Newsnight հաղորդումը Շվեյցարիայում սեպտեմբերի սկզբին հարցազրույց էր վերցրել Իվան Հոդաբախշից WSB-ի գրասենյակում և հարցրել էր նրան փողի աղբյուրի մասին:
«Փողը «WSB America»-ի համար ստացվել է ներդրումային ընկերությունից, որը հիմնված է Շվեյցարիայում», - ասել է նա:
Այնուամենայնիվ, իրավաբանները, որոնք ներկայացնում են AIBA-ն և WSB-ն, հաստատել են, որ, թեև գումարը վճարվել է շվեյցարական ընկերության միջոցով, ըստ էության, նրանք ստացվել են Ադրբեջանից: Սակայն նրանք ժխտում են, որ գումարը ստացվել է Ադրբեջանի կառավարությունից:
Նրանք ասում են, որ Ադրբեջանի նախարարը WSB-ին է ներկայացրել ադրբեջանական մասնավոր ներդրողի, և որ նախարարն ու իր օգնականը հանդես են եկել որպես միջնորդ երկու կողմերի միջև, քանի որ ներդրողը վատ է տիրապետել անգլերենին:
Newsnight-ի թղթակիցները փորձել են կապ հաստատել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադդին Հեյդարովի հետ իր գրասենյակի միջոցով, սակայն պատասխան չեն ստացել:
Ներկայումս «WSB America»-ի հաշվին անանուն ներդրողի կողմից արդեն իսկ փոխանցված է 9 մլն. ԱՄՆ դոլար:

No comments: