Sunday, September 4, 2011

Եղնիկների լռություն-2

«Լրագիր» 3-9-2011- Այսօր կեսօրից հետո ՊՆ քննչական վարչությունը տարածեց, որ զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան գործով ձեռբակալված միակ սպան կալանավորված է և որ նրան մեղադրանք է առաջադրվել 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այսպիսով, չնայած զինդատախազը շուտափույթ բացահայտում է խոստանում, ՊՆ նախարարը` պատիժ մեղավորներին, իսկ ՊՆ փոխնախարար Վովա Գասպարյանը հայտարարում է, որ հանցագործությունը բացահայտված է, այսօր, դեպքից 8 օր անց ոչ սպանող, ոչ մարմնական վնասվածք հասցնող, ոչ էլ գոնե խոշտանգող չկա: Այլ կա ընդամենը իշխանությունը չարաշահող, որի անունը, նրա անվտանգությունից ելնելով, թաքուն են պահում:
Մինչդեռ գոնե զորամասի հրամանատարությունը հենց առաջին օրը պետք է իմանար, թե ինչ է կատարվել իրականում: Մանավանդ, որ «Եղնիկներում» ամեն ինչ աչքի առաջ է: Քաղաքացիական բնակչությունը փոքր է, մի 7-8 տուն ունեցող Տոնաշեն փոքրիկ գյուղակն է հարևանությամբ, և սպաները հաճախ ստիպված են ապրել հենց զորամասում, զինվորների հետ կողք կողքի, կամ նրանցից քիչ հեռու գտնվող շինությունում` «Սպիտակ տանը»:
Իսկ եթե հրամանատարները չգիտեն, թե ինչ է եղել իրենց քթի տակ օգոստոսի 26-ի երեկոյան, ուրեմն միանշանակ թաթախված են զինվորի խոշտանգման գործում։
Աղասի Աբրահամյանի մահից հետո «Եղնիկներ» քնքուշ անունով զորամասում, կարելի է ասել, արտակարգ դրություն է: Անցուդարձը, որը կատարվում է Տոնաշենի միջով, այս օրերին խիստ սահմանափակ է։ Օգոստոսի 26-ից մինչև այսօր ոչ ոքի արձակուրդ չեն թողել։
«Երեխեքը իրանց ծնողներին էլ չեն զանգում։ Կարանտին ա», - պատմում է ծառայությունից մի քանի ամիս առաջ եկած մի երիտասարդ, որը «Եղնիկներում» ընկերներ ունի։
Ռեժիմի խստացումը կապված է բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունների հետ։ Արդեն 7-րդ օրն է տեղում, «շատ ակտիվ և բազմածավալ քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ են կատարվում», ինչպես ասում է զինդատախազ Կոստանյանը։ Ու չնայած պաշտոնյաները ամեն օր ելույթ են ունենում թեմայի շուրջ, դեպքի վերաբերյալ ավելի շատ խոստումներ կան, քան տեղեկություններ, որոնք սակավ են և հակասական։
Այսպես, օգոստոսի 30-ին զինդատախազությունից հայտնեցին, որ ձերբակալվել է մեկ սպա, նույն օրը ՊՆ մամուլի խոսնակը այլ թիվ հրապարակեց՝ մեկ սպա և մեկ զինվոր։ Ստեղծված տեղեկատվական վակուումում ոչ հավաստի աղբյուրները ձերբակալվածների անուններ են նշում` ֆելդշեր Նվեր Միրզաբեկյանի, որը ձերբակալվել է սխալ բժշկական եզրակացություն տալու համար, սպաներ Սուրեն Թադեւոսյանի, Արսեն Աֆյանի: Բռնվածների թիվ է նշվում`6-7 հոգի և մեղավորների շրջանակ, որոնց թվում է ՀՀ նախագահի սանիկը:
Գործը հարուցվել է դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու փաստով, ոչ սպանության, ինչպես ակնկալում էր հանրությունը, իսկ զինդատախազը հորդորում է չկենտրոնանալ հոդվածի վրա։ Մինչդեռ հոդվածների մեջ տարբերությունն ահռելի է և էական մեղավորների համար: Անզգուշությամբ մահ պատճառելը /Քր. Օր-ի 112 հոդված, 14 կետ/ ենթադրում է 5-ից տասը տարի ազատազրկում, իսկ առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը պատժվում է ցմահ ազատազրկմամբ:
«Ի՞նչ անզգուշությամբ հասցրած վնասվածք: Տղայիս սպանել են դաժան ձեւով: Գլուխը ջարդած էր, գանգոսկրի վրա բժիշկը 7 սանտիմետրանոց կարծրատիպ ջարդվածք է տեսել և գրանցել», - վրդովվում է Աղասիի հայրը` Գեղամ Աբրահամյանը: Երբ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը շոշափել է Աղասիի երիկամների հատվածը, մեջքը «փոս է գնացել»: «Հետո բացեց, տեսավ, որ տրաքել երիկամները»:
Երկար արյան բծեր են եղել նաև հետույքի մասում: «Իմ կարծիքով նրան քարշ են տվել գետնով, բայց ամենասարսափելին գլուխն էր, ահավոր մեծացած, սարսափելի չափերի», - չի կարողանում մոռանալ հայրը: Նա պատմում է, որ Աղասիկին զորամասում սիրում էին: Մինչդեռ Ղարաբաղից, նաև մամուլից նրան «ժողովրդական» լուր է հասել, թե որդուն ծեծելով սպանել են նրա համածառայող զինվորները:
Ըստ այդ լուրերի, Աղասիկը միզել է մի ծառի տակ, որի համար զինվորներից մեկը նրան դիտողություն է արել, ինքն էլ մատ է թափ տվել դիտողություն անողի վրա: «Մինչև բանակ գնալը Աղասը ապրել է իր բարեկամների մոտ Ռոստովում և կինգբոքսինգ է պարապել: Փոքրամարմին է, բայց ուժեղ տղա էր: Վիզը գլխի չափ, պարապած եկավ ստեղ: Բացի դա, 7-8 տարի էլ ֆուտբոլ է պարապել: Պիսառ -էրեխա չէր, որ մատ թափ տալու համար ճնշեին», - պատմում է հայրը: Նա չի հավատում «մի կաթիլ մեզի» վարկածին և համոզված է, որ որդուն մի քանի հոգով դաժանաբար սպանել են:
Սյուզան Սիմոնյան

No comments: