Sunday, September 4, 2011

Դավիթ Ջամալյան. «Այնպես պետք է անենք, որ Ադրբեջանում տեսնեն՝ մենք մեր հաղթանակին մինչև վերջ տեր ենք կանգնելու»

7Or.am. 3-9-2011- Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ղարաբաղյան զարգացումներին՝ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հայտարարել է, թե մենք ունենք կայացած պետականություն, և Ադրբեջանի հավակնությունները գնալով անհեթեթ են դառնում:
–Բոլորիս հուզում է խնդրի կարգավորման հեռանկարը, հարց է առաջանում, թե երբ է այն լինելու: Երբ որ մենք հետազոտում, ուսումնասիրում ենք այսպիսի կոնֆլիկտները, ապա տեսնում ենք, որ նման կոնֆլիկտները չունեն այլընտրանք` վաղ թե ուշ այդ անկախությունը ճանաչվում է: Միջազգային փորձը հուշում է, որ այդ ճանաչման պրոցեսը երկար ժամանակ է պահանջում: Արցախյան հարցը կկարգավորվի աստիճանաբար: Տևական ժամանակ է պետք Ադրբեջանի էթնոքաղաքական դիրքորոշումների խորքային տրանսֆորմացիայի համար: Այսօր ադրբեջանական հանրույթը և առավելևս քաղաքական էլիտան պատրաստ չեն այդ փոփոխություններին,–ասել է նա:
Ըստ Դավիթ Ջամալյանի՝ Ադրբեջանում առկա իրողությունների հետ աստիճանաբար հաշտվելու գործընթաց է տեղի ունենում:
–Նրանք հասկանում են, որ մենք իրենց ոչինչ չենք զիջում: Մենք պետք է վճռական լինենք մեր հաղթանակի պահպանման մեջ: Սեպտեմբերի 21–ի զորահանդեսը դրան կնպասի: Այսինքն` այնտեղ կներկայացվեն այնպիսի զինատեսակներ, որոնք ցույց կտան Ադրբեջանին, որ անիմաստ է խոսել ռազմական գերազանցություն ունենալու մասին: Այսինքն` մենք այնպես պետք է անենք, որ Ադրբեջանում տեսնեն, որ մենք մեր հաղթանակին մինչև վերջ տեր ենք կանգնելու,–ըդգծել է նա:

No comments: