Saturday, September 3, 2011

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը ԼՂՀ հռչակման 20-ամյակի առիթով

Սեպտեմբերի 2-ին, Արցախում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումներին:
Ստորև ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը` ասված Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի առիթով:

«Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության տիար Բակո Սահակյան,

Մեծարգո վաստակյալ նախագահներ տիար Ռոբերտ Քոչարյան և տիար Արկադի Ղուկասյան,
Հարգարժան պետական այրեր,
Գերաշնորհ և հոգեշնորհ հոգևոր հայրեր,
Սիրելի հավատավոր ժողովուրդ.
Լուսավոր ու պայծառ օր է այսօր, պարծանքով ու հպարտության զգացումով, Հայրենյաց սիրով, նոր հույսերով ու տեսիլքներով լեցուն օր, որի խորհուրդը Արցախի ազատ երկնքի ներքո համախմբել է մեզ և միավորել է համայն մեր ժողովրդին: Այսօր տոնական խնդությամբ է համակված հայության հոգին` միավորված ու միասնական ինչպես Արցախի ազատագրության օրերին, այնպես և այս սուրբ ու նվիրական հողում ծնունդ առած Հանրապետության պաշտպանության ու զորացման հետագա տարիներին:
1988թ. Արցախը արտահայտեց իր ազատ հողում ազատ ապրելու կամքը մեր ժողովրդի: Արցախյան պայքարով զարթնեց ու ամրապնդվեց հաղթանակելու և իր նոր կյանքը կառուցելու մեր ժողովրդի հավատը: Արցախում պարզված ազատության դրոշը առաջնորդեց մեր ժողովրդին դեպի ազգային պետականության նոր առավոտի լույսը, որպեսզի այլևս երբեք չխամրի մեր ազատ կյանքի այգաբացը: Այս հավատով, սիրելիներ, փառք ենք մատուցում առ Բարձրյալն Աստված, որ արժանացրեց մեզ այս բարի օրվան և ուրախությանը: Գոհություն ենք հայտնում Տիրոջը, որ պարգևեց ազգիս հայոց արիություն, կամք և զորություն` հաղթահարելու փորձություններն ու դժվարությունները, պարգևեց համբերություն` դիմանալու նեղություններին, կորուստներին ու ցավին, օրհնեց մեր ժողովրդի նվիրումն ու ջանքերը` հանուն իր երկրի ազատության, խաղաղության ու բարօրության: Փառք Ամենակալին, բյուր փառք և գոհություն, որ անհնարին թվացողը իրականություն դարձավ, անհավանականը` հավանական, և այսօր մեր ժողովուրդը տոնում է Արցախում և Հայաստանում իր վերածնված պետականության 20-ամյա տարեդարձը` հպարտ իր ձեռքբերումներով:
Սիրելի հայորդիներ, սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, այսօր մենք նորոգում ենք մեր ուխտը, մեր կամքն ու հավատքը` ամրագրելու, անշրջելի դարձնելու և բազմապատկելու այդ ձեռքբերումները` իրականություն դարձնելու համար այն հույսերը, որոնք միայն մեր սերունդը չէ, որ փայփայել է: Անցած 20 տարիները նույնպես վկայեցին, որ ազգի ուժն ու կարողությունը նրա հոգևոր զորության մեջ է, նրա զավակների միասնականության: Արցախը դարձավ միասնության այն կիզակետը, որտեղ կենտրոնացան աշխարհասփյուռ մեր ժողովրդի սատարումն ու աջակցությունը, որտեղ թևեր առան մեր ժողովրդի հայրենասիրությունն ու նվիրումը, զոհողությունների պատրաստ հանձնառությունը, որտեղ աշխարհասփյուռ ազգս հայոց բռունցքվեց, դարձավ արցախցի, և կերտեցինք ազատ անկախ, հզոր Արցախը: Միաբանության ու եղբայրսիրության ոգին, խաղաղասիրության, արդարության ու ճշմարտության արժեքները, սիրելիներ, մեր հոգուն միշտ զորություն են տալու, մեր բազկին` ուժ և մտքին իմաստություն: Այդ արժեքներով պիտի շենացնենք մեր Հայրենիքը, պիտի բարօր ու առաջընթաց դարձնենք աշխարհասփյուռ մեր կյանքը և հակառակ բոլոր խոչընդոտների` ճանաչում պիտի գտնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետությունների ու միջազ•ային կառույցների կողմից:
Մեր բոլոր հույսերն ու ձգտումները նոր հաղթանակներով կյանքի կոչելու համար ամուր և միասնական մնանք առ Հայրենին սիրո մեջ և լինենք աննկուն մեր հավատքով ու աստվածապավինությամբ, որով երբեք չդադարեցինք պայքարել ազատ ապրելու մեր իրավունքի համար: Տիրոջից մեզ շնորհված հաղթությունը բազմապատկենք ու ամրապնդենք հայրենաշեն ու ազգանվեր մեր գործերով, մեր աշխատանքի ու ծառայության մեջ պատասխանատվությամբ, մեր երկրի հանդեպ հոգածությամբ: Հանուն մեր պատմության, մեր ներկայի, մեր պապերի ու հայրերի, մեր որդիների ու սերունդների` կերտենք մեր երկիրը հզոր ու բարգավաճող, մեր գալիքը` խաղաղ ու երջանիկ:
Այս տոնական օրը Բարձրյալի աջակցությունն ենք հայցում Ձեզ` մեծարգո Նախագահ տիար Բակո Սահակյան և մաղթում ենք նոր կորով ու եռանդ, նոր ձեռքբերումներ քաջարի Արցախին ծառայության Ձեր բարձր պաշտոնում:
Աղոթք ենք բարձրացնում, որ Ամենակարող Աստված խաղաղ պահի մեր Հայրենիքը և համայն մեր ժողովրդին, Իր Աջի հովանու ներքո առաջնորդի մեզ` հաջողությամբ պսակելու մեր հույսերը` ի սեր մեր երկրի և մեր ժողովրդի պայծառ գալիքի:
Թող միշտ հիշվի սխրանքը Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների և հանապազ աղոթք բարձրանա նրանց հոգիների համար:
Թող միշտ կեցցեն Հայրենիքը պաշտպանողների, շենացնողների, զորացնողների գործերն ու անունները:
Եվ հավերժ թող ապրի Արցախը ու նրա հերոս ժողովուրդը` աշխարհասփյուռ հայության հետ, հայոց պետականության հովանու ներքո:
Օրհնյալ ու հաղթական երթ դեպի նոր դարեր ու հազարամյակներ հավերժի ճամփորդ մեր ժողովրդին: Ամեն:

No comments: