Saturday, September 3, 2011

Հայաստանին սպասում է նոր փուլ

«Լրագիր» 2-9-2011- Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱՄՆ կողմից ՆԱՏՕ-ին փոխանցված ռադարը տեղադրվելու է Թուրքիայի հարավ-արեւելքում: Քաղաքագետ Իգոր Մուրադյանին խնդրեցինք մեկնաբանել, թե այս իրադարձությունն ինչպես կանդրադառնա հարավային կովկասի իրավիճակին:
- Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ ռազմավարական խնդիրը այդ երկրի արտաքին քաղաքական հավակնությունները զսպելու քաղաքականություն վարելն է, ասել է քաղաքագետը: - Տվյալ քաղաքականությունը ներառում է ճնշման եւ համագործակցության մոտեցումներ եւ հնարքներ, որոնք ԱՄՆ ահռելի քանակով տիրապետում է շատ տարածաշրջաններում: ԱՄՆ, նպաստելով ու նախաձեռնելով Թուրքիայի գեոտնտեսական շրջափակումն ու մեկուսացումը բոլոր ուղղություններով, իհարկե չի պատրաստվում սահմանափակել լծակների կիրառումը Թուրքիայի վերահսկողությունն ապահովելու համար, եւ այդ նպատակի համար ունի լավ մշակված քաղաքականություն:
Վաղ նախազգուշացման ռադարի տեղակայումը ոչ միայն համագործակցության, այլեւ Թուրքիայի վերահսկողության տարր է: Պետք է նշել, որ մի քանի տարի հետո, երբ նկատվում էր թուրք-ամերիկյան հարաբերության վատթարացում, Անկարայում հասկացան, որ նեոօսմանիզմի քաղաքականության հաջողությունն անհամատեղելի է ԱՄՆ հետ հակամարտության տեսակետից:
Թուրքիան ոչնչի չհասավ որեւէ սկզբունքային ուղղությամբ, ոչինչ ձեռք չբերեց, Իրանի ու Ռուսաստանի հասցեին ռեւերանսներ անելով, ընդհակառակը, նա նույնիսկ հայտնվեց այս երկու պետությունների հետ կապված որոշ հանգամանքներից կախվածության մեջ:
Ամերիկացիները Թուրքիային ցույց տվեցին վերջինիս ջանքերի զուր լինելը կովկասյան եւ կենտրոնականասիական ուղղություններով, սակայն, որն ամենակարեւորն է, Թուրքիան խոշոր պարտություն կրեց Մերձավոր Արեւելքում: Թուրքիան չկարողացավ ճեղքել «շիա գոտին», եւ հասկացավ, որ առանց ԱՄՆ հետ համագործակցության ի վիճակի չէ Մերձավոր Արեւելքում ձեռք բերել կարեւոր դիրքեր:
Թուրքիան լռեց, հետեւելով, թե ինչպես է ԱՄՆ ռազմաքաղաքական ներկայությունն ուժեղանում Սեւծովյան-կովկասյան տարածաշրջանում: Այսինքն, այսպես թե այնպես, Թուրքիան որոշել է սեփական որոշումները համաձայնեցնել ԱՄՆ հետ, թեեւ անհիմն կլինի խոսել այն մասին, թե թուրքերը հրաժարվել ենտարածաշրջանային ուղղություններով իրենց հավակնություններից:
Այս իրավիճակում, Իրանը, ով չէր շտապում Թուրքիայի հետ «եղբայրական հարաբերությունների» մեջ մտնել եւ այդպես էլ չպատասխանեց առաջարկվող ծառայություններին, փաստացի ոչինչ չկորցրեց:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա հույսերը՝ Թուրքիայի հետ սերտ հարաբերություն հաստատելու եւ ամերիկյան ներկայությունը Սեւծովյան-կովկասյան տարածաշրջանում սահմանափակելու քաղաքականության վերաբերյալ փոխընբռնման հասնելու հարցում գործնականում ի դերեւ ելան: Ռուսաստանը չափազանց շատ հավատաց Թուրքիայի քաղաքականության մեջ հակաամերիկյան տրենդին (կամ էլ նրան օգնեցին հավատալ, երբ ինչ որ մեկը խաղաց Ռուսաստանի ներկայիս ղեկավարության դիլետանտիզմի վրա):
Այսպիսով, ակնհայտ է դարձել, որ ԱՄՆ որոշ չափով վերադարձրել է իր դիրքերը Թուրքիայի վրա վերահսկողության հարցում, եւ դա նշանակում է Թուրքիայի գործողությունների կանխատեսելիությունմ այդ թվում Հարավային Կովկասում: Թուրքիան չի կարող, լինելով ԱՄՆ հետ համաձայնեցման ռեժիմում, ձեռնարկել հակահամակարգային գործողություններ: Ադրբեջանն, անշուշտ, զգացել է այս նոր հանգամանքը, երբ ռուսների ու ամերիկացիների հետ արկածախնդրական որոշումների վերաբերյալ «նախազգուշական» երկխոսությունների մեջ Թուրքիան չաջակցեց նրա միլիտարիստական տրամադրություններին:
Կարելի է վստահաբար պնդել, որ ռազմավարական իմաստով, ԱՄՆ վերահսկողությունը Թուրքիայի վրա ձեռնտու է Հարավային Կովկասի եւ Բալկանների փոքր երկրներին, նաեւ որոշ իմաստով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իրանը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Եգիպտոսը, որոնք պատասխանատվություն են կրում Մերձավոր Արեւելքի ճակատագրի համար:
Այս հանգամանքը ենթադրաբար շատ կարեւոր է տարածաշրջանի երկրների համար, հետագա գործողությունների ճիշտ ընկալման եւ որոշումների ընդունման տեսանկյունից, այդ թվում նաեւ Հայաստանի, որին, անշուշտ, սպասում է Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման նոր փուլ, ասել է Իգոր Մուրադյանը:
Իգոր Մուրադյանը:

No comments: