Thursday, September 29, 2011

Հայաստանը Ադրբեջանին С-300 համակարգերի վաճառքի հետ կապված խնդիր չի տեսնում. Դավիթ Տոնոյան

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել РИА-Новости գործակալությանը

–Ռուսաստանի կողմից Ադրբեջանին «С-300 ПМУ-2 Фаворит» զենիթահրթիռային համակարգերի վաճառքը, փոխե՞լ է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։
–Դրանում ոչ մի խնդիր չենք տեսնում։ Դա նորմալ գործարք է։ Ռուսաստանը սպառազինությունների առաքումն իրականացնում է միջազգային իրավական նորմերին համապատասխան։ Բացի այդ «С-300»–ները ոչ թե հարձակողական, այլ բացառապես պաշտպանական համակարգեր են։ Նշեմ նաև, որ Հայաստանը չունի խոցման այնպիսի միջոցներ, որոնց դեմ ուղղված է այդ հզոր զինատեսակը։ Ավելին, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում մենք չենք պատրաստվում հրթիռակոծել բնակավայրերը, հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար մենք այլա արդյունավետ միջոցներ ունենք։
Ավելացնեմ, որ մեր «С-300» համակարգերը վաղուց մարտական հերթապահություն են կատարում, ինչպես ԱՊՀ միավորված ՀՕՊ–ի, այնպես էլ ինքնուրույն և մենք լավատեղյակ ենք այդ համակարգերի առավելությունների ու թերությունների մասին, հաշվի առնելով դրանց կիրառումը լեռնային տեղանքում։

–Վերջերս Թուրքիան համաձայնություն էր տվել իր տարածքում ամերիկյան հակահրթիռային համակարգի շարժական ռադարի տեղակայմանը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունում հետևու՞մ են իրավիճակին։
–Թուրքիայում եվրոպական հակահրթիռային համակարգի տարրերի տեղակայումը պետք է անհանգստացնի այն երկրներին, որտեղ կան հրթիռային հարձակման տարրեր։ Մենք չունենք այդիսիք։ Ինչ վերաբերում նրան, որ այդ համակարգի միջոցով Հայաստանի ողջ տարածքը տեսանելի կլինի, ապա կարծում եմ, որ Թուրքիան առանց այդ էլ բավարար միջոցներ ունի։


–Ռուսաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ Գաբալայի կայանի վճարման հարցով և գործընթացը դեռ ավարտված չէ։ Հետևու՞մ եք զարգացումներին։
–Իմ կարծիքով, Ադրբեջանում Ռուսաստանի ներկայությունը դրականորեն է ազդում ողջ տարածաշրջանի իրավիճակի վրա։ Այդ տեսանկյունից, Գաբալայի շուրջ իրավիճակը կարևոր է մեզ համար։ Եթե ենթադրենք, որ ռուսներն այնտեղից կհեռանան, ապա դրանից ոչ ոք չի շահի։ Ավելին, կարծում եմ, որ Գաբալայի կայանն ավելի խոցելի կդառնա։

–Հայաստանը ՀԱՊԿ–ի անդամ է և միևնույն ժամանակ ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ–ի հետ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։
–Վաղուց ակնհայտ է, որ ՀԱՊԿ–ը և ՆԱՏՕ–ն անվտանգության խնդիրների լուծման համար միանգամայն տարբեր մոտեցումներ ունեն, իսկ սպառնալիքների գլոբալ ծավալը հետին պլան է մղել հակասությունները, ստիպելով կողմերին ընդլայնել համագործակցության շրջանակները։ Այս իմաստով, Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է վարում, հաշվի առնելով ինչպես մեր, այնպես էլ մեր գործընկերների ու դաշնակիցների շահերը։
ՆԱՏՕ–ի շրջանակներում համագործակցությունը փոխլրացնող գործընթաց է, և այն առավել կարևոր է, քանի որ հայկական բանակը ստեղծվել է խորհրդային սպաների կողմից, խորհրդային կանոնագրքերի ու ռազմական դասագրքերի հիման վրա։ Կարծում եմ, ղարաբաղյան պատերազմի ժամանակ խորհրդային ռազմարվեստը ապացուցեց իր կայացածությունը։ Սակայն ժամանակն առաջ է գնում։ ՆԱՏՕ–ական համակարգը շատ բյուրոկրատական է և տակտիկական, և օպերատիվ–տակտիկական մակարդակներում, սակայն այնքան ավտոմատացված է, որ թույլ է տալիս շատ արագ որոշումներ ընդունել։ Այս փորձով ենք զինվում։
Ինչ վերաբերում է Հայաստանին ու ՀԱՊԿ–ին, ապա վերջին որոշումների լույսի ներքո կցանկանայի առանձնացնել հատուկ նշանակության 3–րդ բրիգադի կազմավորման հարցը, որն արդեն ընդգրկվել է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում, ինչպես նաև դրա մասնակցությունը այդ ուժերի ամենամյա զորավարժություններին։
Աղբյուր՝ Tert.am. 28-9-2011.

No comments: