Monday, September 12, 2011

«Asbarez». թուրքական կառավարության հակահայ խելացնորությունը

News.am. 11-9-2011- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Asbarez»-ում հրապարակված Կարեն Եգպարյանի հոդվածը.

««WikiLeaks» -ի փաստաթղթերից մեկը վերաբերում է թուրքական կառավարության հակահայկական խելացնորությանը: Այդ տեղեկատվությունը կարող է բացատրել, թե ինչու են նրանք հայերին կապում Քրդական աշխատավորական կուսակցության եւ, ընդհանրապես, քրդական հուզումների հետ: Փաստաթղթում մասնավորապես ասվում է . «Անկարան իր կասկածները հիմնավորել է ընտանեկան գծով բնակչության մանրակրկիտ ռեեստրի (nufus kutugu) տվյալներով, որը ցույց է տալիս, թե հատկապես արեւելքում եւ հարավ-արեւելքում որքան շատ են հայկական ծագում ունեցող քաղաքացիները, որոնց նախնիները հայերի զանգվածային տեղահանումների եւ կոտորածների ժամանակ կամավոր կամ բռնի կրոնափոխ են եղել»:
Այսպիսով, թուրքական կառավարությունը ցանկացած հայից կամ հայկական կազմակերպությունից շատ ավելի լավ գիտի, թե որքան ծպտված հայեր կան Թուրքիայում: Եւ դա նույնիսկ չի ներառում նրանց, ովքեր ստիպողաբար հավտափոխ են եղել Օսմանյան կայսրության գոյության ժամանակ:
Այնպես որ, մեր գիտնականների համար ժամանակն է ուսումնասիրել «nufus kutugu»-ի փաստաթղթերը եւ հզոր տոհմածառ կազմել: Միաժամանակ` այն հայերը, ովքեր այցելում են մեր արեւմտյան գրավված տարածքներ, պետք է մազեր հավաքեն: Նրանք պետք է մազեր վերցնեն իրենց պատահած ցանկացած ծպտված հայից, ինչպես նաեւ հավաքեն ընտանեկան ցանկացած տեղեկատվություն, այդ թվում` տոհմածառի մասին: Եւ այդ ժամանակ էլ կսկսվի ԴՆԹ-ի անալիզը:
Այդ գենետիկ տվյալների բազան եւ թուրքերի կողմից հավաքված ծագումնաբանական տվյալները Թուրքիայից դուրս գտնվող հայերի գենետիկ եւ ծագումնաբանական էկվիվալենտների հետ համադրելու միջոցով հնարավոր է եւս մեկ հզոր իրավական փաստարկ ստեղծել մեր իրավունքներին հասնելու համար:
Ո՞վ գիտե: Հնարավոր է` մի քանի միլիոն մարդ հնարավորություն կունենա վերադառնալ իր արմատներին: Եվ դա ի հավելումն համշենցիների` իսլամացած հայերի, ովքեր մինչեւ հիմա մայրենի լեզվով են խոսում»:

No comments: