Monday, September 12, 2011

«Լիբերմանի պլանի» իրականացման դեպքում կխզվեն նաև իսրայելա–ադրբեջանական հարաբերությունները

Tert.am. 11-9-2011- Եթե կյանքի կոչվի Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի՝ Թուրքիային համարժեք պատասխան տալու ծրագիրը, կխզվեն Բաքվի և Թել Ավիվի միջև առկա հարաբերությունները։ Այս մասին գրում է IzRus կայքը՝ միևնույն ժամանակ կասկածի տակ դնելով «Լիբերմանի պլանի» իսկությունը։
«Ինչպես պնդում է «Եդիոտ Ահրոնոտ» թերթը, Իսրայելի արտգործնախարարը պատրաստ է աջակցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Սակայն նման քայլը կնշանակի համարյա Ադրբեջանի հետ հարաբերությունների խզում։ Իսկ այդ հարավկովկասյան երկիրը, հակառակ Անկարայի և Թեհրանի կողմից Բաքվի վրա գործադրվող ճնշումներին, մուսուլմանական աշխարհում գործնականում մնում է Իսրայելի միակ ռազմավարական գործընկերը։ Բացի այդ, հենց Լիբերմանն է համարվում Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքի ճարտարապետներից մեկը»,– գրում է IzRus–ը՝ ընդգծելով, որ հենց այդ պատճառով է, որ Լիբերմանի գլխավորած «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունն ամեն անգամ Կնեսետում խոչընդոտում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը։
Նշենք, որ երեկ իսրայելական «Եդիոտ Ահրոնոտ» թերթը գրել էր այն մասին, թե Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը որոշել է անպատասխան չթողնել Անկարայի կողմից Թել Ավիվի դեմ իրականացվող քայլերը և այդ նպատակով պատրաստել է հատուկ ծրագիր։ «Լիբերմանի պլանի» կետերից մեկի համաձայն՝ Թել Ավիվն աջակցելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

No comments: