Monday, September 26, 2011

Սաակաշվիլիի հայտարարությունը քաղաքական ռևերանս է Հայաստանին. Ադրբեջանցի քաղաքագետ

Tert.am. 26-9-2011- Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը քաղաքական ռևերանս է Հայաստանին և Վրաստանում բնակվող հայերին։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է SalamNews–ը, ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆիքրեթ Սադըխովը։
«Սաակաշվիլիի հայտարարությունը միջազգային հարաբերությունների խնդիրներին ուղղված խորը վերլուծական մոտեցման արդյունք չէ։ Վրաստանի առաջնորդն իմպուլսիվ և էմոցիոնալ մարդ է, այդ պատճառով նրա խոսքերը զարմանալի չեն։ Սաակաշվիլիի հայտարարությունը Վրաստանում բնակվող հայերին և Հայաստանին ռևերանս անելու փորձ է»,– ասել է ադրբեջանցի քաղաքագետը՝ նշելով, թե Վրաստանի նախագահի հայտարարությունը «անլուրջ է, պաթոսային և էմոցիոնալ»։
Հիշեցնելով Սաակաշվիլիի՝ Մառնեուլ կատարած այցի ժամանակ ադրբեջաներենով ունեցած ելույթի մասին՝ Ֆիքրեթ Սադըխովն ասել է. «Չնայած Վրաստանը մեր ռազմավարական գործընկերն ու մոտ հարևանն է, նա չի հրաժարվում Հայաստանի հետ հարաբերություններից։ Իսկ Ադրբեջանը չի կարող պահանջել այդ հարաբերությունների խզում։ Վրաստանն իր շահերն ունի Հայաստանում»։
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրացական «Հատուկ ռեպորտաժ» ծրագրի եթերում ասել էր, որ իր համար մեծ պատիվ կլիներ հայ լինելը, սակայն միակ խնդիրն այն է, որ ինքը հայ չէ։

No comments: