Thursday, September 29, 2011

Ե՞րբ կգա Հայաստան ԱՄՆ նոր դեսպանը

Panorama.am. 29-9-2011- Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը դժվարանում են ասել ժամկետները, թե երբ Հայաստան կժամանի մեր երկրում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Հեֆերնը, որի թեկնածությունը միաձայն հաստատվել էր ԱՄՆ Սենատում, սեպտեմբերի 26-ին: ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից Panorama.am-ին ասացին, որ ըստ կարգի, Սենատի հաստատումից հետո մինչև իր պարտականություններին անցնելը ԱՄՆ նոր դեսպանը ԱՄՆ Պետքարտուղարությունում պետք է երդվի, այնուհետև Հայաստան գալուց հետո պետք է Հայաստանի կառավարությանը հանձնի իր հավաստագրերը:
Հիշեցնենք, որ ամերիկյան Սենատը սեպտեմբերի 26-ի երեկոյան միաձայն հաստատել է Ջոն Հեֆերնին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում: «Հիասթափված մնալով Սենատի հարցադրումներին նրա տված մի շարք պատասխաններից, ակնկալում ենք առաջիկայում աշխատել դեսպան Հեֆերնի հետ` ընդլայնելու ԱՄՆ -Հայաստան հարաբերությունները ընդհանուր արժեքների և շահերի հիման վրա, առանձնապես կենտրոնանալով երկկողմ առևտրի և ներդրումների վրա», - թեկնածության հաստատման փաստը մեկնաբանել էր Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նրա համոզմամբ, Հեֆերնը կարող է «կարևորագույն դեր» խաղալ ԱՄՆ-Հայաստան երկկողմ առևտրի ընդլայնման հարցում և ընդգծել Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի (TIFA) կնքման և Կրկնակի հարկման մասին պայմանագրի փոփոխության նշանակությունը։ Համբարյանը համոզված է, որ դա հնարավորություն կտա առաջիկա հինգ տարիների ընթացքում երկու երկրների միջև առևտուրը հասցնել տարեկան մեկ միլիարդ դոլարի։
Ջոն Հեֆերնը մինչև վերջերս ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունում առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Նրա թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է նախագահ Բարաք Օբաման: Հեֆերնը 90-ականներին օգնական է աշխատել ԱՄՆ առավել թուրքամետ ու հակահայ կոնգրեսական Դագ Բերոյթերի մոտ:

No comments: