Thursday, September 22, 2011

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կերգեն Սթիվի Ուոնդերը, Ալ Ջերոն, Փիթեր Գաբրիելն ու Մոնսերատ Կաբալիեն

Tert.am. 22-9-2011- Ֆլորա Մարտիրոսյանը, Արտո Թունջբոյաջյանը, Սերժ Թանկյանը, Սթիվի Ուոնդերը, Ալ Ջերոն ու համաշխարհային ճանաչում ուեցող շատ աստղեր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համատեղ համերգով նոյեմբերի 1-ին հանդես կգան Լոս Անջելեսում: «Այս համերգը միայն սկիզբն է այն մեծ նախագծի, որ որոշել ենք իրականացնել մինչև 2015 թվականը: Մինչ այդ` տարին առնվազն մեկ համերգով կներկայանանաք աշխարհի շատ երկրներում: Մեզ կմիանան աշխարհահռչակ շատ երգիչներ, որոնք դեմ են բռնությանն ու տեռորին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վերջերս ժողովրդական երգչուհու կոչում ստացած Ֆլորա Մարտիրոսյանը: Նա հավելեց, որ համերգաշարը հրաշալի հնարավորություն է հայ ազգի համար ներկայանալու միջազգային ասպարեզում: «Ընդ որում, կարող ենք ներկայանալ ոչ միայն մեր արվեստով ու երգերով, այլև մեր ազգային արտադրանքով:
Համերգին նախորդելու է կարմիր գորգը, որի դատարկ լինելը մեզ համար ուղղակի պատվաբեր չի լինի: Մենք պետք է ցույց տանք մեզ բոլոր կողմերից: Հայկական ապրանքանիշեր ներկայացնող գործարարները նույնես կարող են օգտվել ընձեռնված բացառիկ հնարավորությունից ու միջազգային ասպարեզ հանել իրենց արտադրանքը»:
Խաղաղության ակցիայի հաջորդ համերգը նախատեսվում է անցկացնել Եվրոպայում 2012-ի մայիսին: «Մի քիչ առաջ անցնեմ ու ասեմ, որ եվրոպական համերգաշրջանում ավելի մեծ անակալներ են սպասվում: Այնտեղ նախնական պայմանավորվածությամբ մեզ կմիանան այնպիսի համաշխարհային մեծություններ, ինչպիսիք են Փիթեր Գաբրիելն ու Մոնսերատ Կաբալիեն: Եվրոպայում անպայման կերգի նաև Շառլ Ազնավուրը և ուրիշ շատ իրական աստղեր, որոնց անունները ուղղակի հիմա չեմ ուզում տալ»,- նշեց երգչուհին:
Մեծ Եղեռնին նվիրված համաշխարահային շրջագայությունը կազմակերպիչները նախատեսում են ամփոփել 2015 թվականին Հայաստանում: «Հուսանք, որ կկարողանանք մեր երկրում հյուրըկալել բոլոր համաշխարհային մեծություններին, որոնք մեզ հետ կլինեն այս չորս տարվա ընթացքում: Բացի նրանց մեզ մոտ հրավիրելու բարդությունից, մենք պետք է լուծենք նաև ֆինանասական խնդիրները: Մի մտավախություն էլ կա: Թուրքական կողմը կարող է խոչընդոտել համերգաշրջանի հարթ ընթացքին: Դեռևս ձայն չեն հանում, հուսանք, որ նույնքան էլ լուռ կմնան ամբողջ համերգաշրջանի ընթացքում»,- ասաց համերգաշրջանի հայկական կողմի կազմակերպիչ Ժիրայր Դադասյանը:

No comments: