Thursday, September 22, 2011

Կիրոն եւ ամերիկյան «հովանոցը»

«Լրագիր» 22-8-2011- ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը հարցազրույց է տվել հայաստանյան գործակալություններից մեկին, որտեղ անդրադարձել է Թուրքիայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրելու խնդրին: Հարգարժան դաշնակցական գործիչը համարում է, որ այդ հեռանկարը Հայաստանի համար մտահոգիչ է, քանի որ Թուրքիան Հայաստանի հիմնական սպառնալիքն է, ու եթե ԱՄՆ տարածաշրջանի ամենավստահելի երկիր է դիտարկում Թուրքիան, ուրեմն Հայաստանի խնդիրները չեն նվազի: Կիրո Մանոյանը նաեւ համարում է, որ քանի որ ԱՄՆ իր անվտանգության հիմնական պատվարներից մեկը դարձնում է Թուրքիան, վտանգի տակ է հայտնվում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունը: Կիրո Մանոյանը համարում է, որ Հայաստանն այդ ամենը պետք է ճիշտ ներկայացնի ԱՄՆ-ին, հասկանալի դարձնելով, որ Թուրքիան Հայաստանի համար մնում է սպառնալիք, ինչի վկայությունն, ըստ Կիրո Մանոյանի, հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրն է:
Նախ, կարծես թե ակնհայտ է ՀՅԴ գործչի հիշողության մեջ որոշակի տրամաբանական խզվածքը: Բանն այն է, որ նա չէր կարող հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը դիտարկել իբրեւ Հայաստանի հանդեպ Թուրքիայի անբարյացակամության ապացույց կամ փաստարկ, այն պարզ պատճառով, որ Դաշնակցությունը հենց այդ արձանագրություններն էր այդպիսին դիտարկում` այսինքն համարում Հայաստանի անվտանգության սպառնալիք եւ Սերժ Սարգսյանին կոչ անում մերժել դրանք: Հետեւաբար, ինչպես կարող է դաշնակցական Կիրո Մանոյանը, եթե իհարկե նա անհամաձայն չէ կուսակցության ընդհանուր գծին, այդ արձանագրությունների ճակատագիրը համարել ԱՄՆ-ին Թուրքիայի անբարյացակամության մասին հավաստող փաստարկ: Դաշնակցությունը պետք է որ գոհ լինի արձանագրությունների ճակատագրից, որ Թուրքիան դրանք քնացրել է եւ չի ուզում արթնացնել:
Բայց դա թերեւս միակ տրամաբանական խզվածքը չէ, որ առկա է Կիրո Մանոյանի մեկնաբանությունում: Եթե ԱՄՆ Թուրքիային դարձնում է իր անվտանգության հենարան, ապա ով ով, բայց գոնե երկար տարիներ արտերկրում ապրած եւ շատ խորհրդա-ռուսական կարծրատիպերից ենթադրաբար զերծ գտնված Կիրո Մանոյանի համար պետք է որ պարզ լիներ` դա ոչ թե վկայում է Հայաստանի համար Թուրքիայի վտանգավորության, այլ առավել վերահսկելիության մասին: Հայաստանի համար վտանգավոր է Արեւմուտքի հետ գործերը փչացրած եւ դրա վերահսկողության տակից դուրս եկած Թուրքիան, առավել եւս, եթե նրան այդ գործում օգնում է Ռուսաստանը: Հարգարժան Կիրո Մանոյանը պետք է որ լավ տեղյակ լինի, թե պատմության ընթացքում Հայաստանի եւ հայերի համար ինչպիսի հետեւանքներ են ունեցել ռուս-թուրքական մերձեցումները, երբ ռուսները փորձել են Թուրքիային կտրել արեւմտյան կապերից:
Հենց նույն արձանագրությունների պատմությունը պետք է որ դրա վառ վկայությունը լինի: Այդ գործընթացը շատ արագ հասունացել ու առաջ էր շարժվում, զուգահեռ նաեւ Ղարաբաղի ուղղությամբ Ռուսաստանի ակտիվացած ջանքով, եւ միայն հայ-թուրքական գործընթացին արեւմտյան ակտիվ միջամտության արդյունքում հաջողվեց հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը սառեցնել: Իսկ ներկայում էլ հակահրթիռային համակարգի տեղադրման գործընթացով փորձ է արվում պարզապես կոնսերվացնել այդ գործընթացը, Ռուսաստանին ընդհանրապես զրկելով այն թարմացնելու հնարավորությունից: Համենայնդեպս, այն տեսքով, ինչ կար նախկինում: Ակնհայտ է, որ հակահրթիռային պաշտպանության գործընթացում թուրք-ամերիկյան հարաբերությունը բավական լուրջ հարված է հասցնելու ռուս-թուրքական հարաբերությանը, որը Հայաստանի համար արդեն գրեթե գենետիկ սպառնալիք է:
Հետեւաբար զարմանալի է, որ բավական փորձառու դաշնակցական գործիչը, ով բացի անձնական կենսափորձից, նաեւ կուսակցական ավելի քան հարյուրամյա փորձառության կրողն է ու հարազատ կուսակցության հետ կյանքում շատ արգելքներ, պատնեշներ, սյուներ ու փոսեր է հաղթահարել, անհանգստություն է հայտնում Թուրքիայի արեւմտյան վերահսկելիության տանող գործընթացից:
Հազիվ թե Դաշնակցության համար գաղտնիք լինի, որ Ղարաբաղի պատերազմի տարիներին թուրքական միջամտությունը ոչ այնքան ռուսական վահանն է (չշփոթել Հովհաննիսյանի հետ) զսպել, այլ ամերիկա-նատօական վերահսկողությունը, ու այդ ուղղությունից Հայաստանը պակաս օժանդակություն չի ստացել, քան ասենք Ռուսաստանից կամ թեկուզ Իրանից:
Ու եթե այժմ Իրանն անհանգստացած է, ամենեւին կարիք չկա այդ անհանգստությունը պրոյեկցել հայկական շահի վրա, որքան էլ որ ՀՅԴ առնչություն ունենա Իրանի հետ: Իրանն ինքն իր հոգսերը կարող է հոգալ, ինքն իր շահը կարող է պաշտպանել, ու պետք չէ «մասնավոր շահերը» խառնել Իրանի պետական շահին ու դա փաթաթել Հայաստանի Հանրապետության վզին: Առանց այդ էլ այդ վզին շատ բան է փաթաթված, ու պետք չէ մոռանալ, որ վիզը սյուն չէ, ու ավելորդ ծանրությանը կարող է երկար չդիմանալ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: