Wednesday, September 14, 2011

Սեփականության վերաբաժանում

«Լրագիր» 14-9-2011- Քանի դեռ հայերը քննարկում են Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գործերը, թե արդյոք նա շոկոլադի գործարան է գնել Ավստրիայում, Հայաստանում տեղի է ունենում սեփականության բացահայտ վերաբաժանում: Քանի որ մեզանում առեւտրային գործարքները թանձր վարագույրով են ծածկված, ինչպես ռազմական գաղտնիքը, բոլոր նորությունները հասարակությունն իմանում է այն մամուլից, որը Սերժ Սարգսյանը “դեղին է” անվանում:
Իսկ մամուլը գրում է, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Մաշտոցի պողոտայի փակ շուկան: Դա նշանակում է, որ Սամվել Ալեքսանյանի գործերը լավ են, որ նրան “կանաչ” լույս է տրված, եւ նա իր ձեռքում է հավաքում անշարժ գույք ու շուկաներ: Իսկ Գագիկ Ծառուկյանը, համապատասխանաբար, խնդիրներ ունի, եւ վաճառում է ակտիվները:
Մինչ այդ խոսում էին եւս մեկ գործարքի` Սթար ընկերության կողմից Ֆրեշ սուպերմարկետների ցանցի գնման մասին, ընդ որում, հատկապես “դեղինով էր” նշված, որ Սթարը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը` պատգամավոր Սաշիկ Սարգսյանին: Նշանակում է, որ նրա գործերը եւս լավ են:
Թե ուրիշ ինչ գործարքներ են կնքվել հայկական օլիգարխների աշխարհում, հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ ինչ-որ մեկը սեփականություն է վաճառում, կապիտալն է արտահանում, իսկ մեկ ուրիշն էլ, օրինակ Սամվել Ալեքսանյանը, էլ ավելի ազատ է զգում:
Անցյալ տարի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեծ շուքով ներկայացնում էր պաշտոնյաների սեփականության հայտարարգրման մասին օրենքը: Բոլոր նշված մարդիկ կամ պատգամավորներ են, կամ էլ գերատեսչությունների ղեկավարներ, եւ պարտավոր են եկամուտների մասին հայտարարագիր լրացնել: Սակայն հայտարարագրերը երեւի նույնպես ռազմական գաղտնիք են, եւ հասարակությունը ոչ մի կերպ չի կարող իմանալ, թե ինչի հաշվին են հարստանում պաշտոնյաները` լավ գործարարնե՞ր են, թե պետական լծակներն են օգտագործում:
Ըստ սահմանման, օլիգարխիան պետական իշխանության օգտագործումն է սեփական հարստացման համար: Նման պետական կարգ գոյություն է ունեցել Հին Հունաստանում, որտեղ այն օրենքից դուրս չէր համարվում: Ժամանակակից ժողովրդավարական աշխարհում դա Սահմանադրության ու Քրեական օրենսգրքի ուղղակի խախտում է, այսինքն` հանցագործություն: Սակայն հայ պաշտոնյաները նույնսիկ չեն փորձում հերքել իրենց օլիգարխությունը, ամեն դեպքում, վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանել է Հայաստանում օլիգոպոլիաների առկայությունը:
Դատելով աղմկոտ առեւտրային գործարքներից, Հայաստանում ոչ թե պայքար է ընթանում օլիգոպոլիաների դեմ, այլ նրանց միջեւ սեփականության վերաբաժանում է կատարվում:

No comments: