Wednesday, September 7, 2011

«Հայոց աշխարհ». Հայաստանում անորոշության գլխավոր պատճառը Ռուսաստանն է

News.am. 7-9-2011- Թերթը զրուցել է Հարցազրույց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի հետ…
Ընտրությունների մոտենալուն զուգահեռ կտրուկ ավելանում է կանխատեսումների քանակը։ Ինչպե՞ս եք դրանց վերաբերվում։
Հազար ու մի կանխատեսումներ են արվում: Ոմանք նույնիսկ նշում են, թե որ ուժը ոչ թե քանի տոկոս, այլ քանի մանդատ է ստանալու: Բայց ընտրություններից հետո բոլորին պարզ կդառնա, որ դրանք փուչ խոսակցություններ են: Մեր հարցումները ցույց են տալիս, որ ապագա խորհրդարանում խմբակցություն ունենալու շանսեր ունեն Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը», բայց որը քանի տոկոս կստանա` հստակ կարելի է կանխատեսել միայն ընտրություններից մի քանի օր առաջ:
Շատ հավանական է, որ ընտրությունների արդյունքները բոլորովին այլ լինեն, քան հիմա որեւէ մեկը պատկերացնում է: Իհարկե շատ էական է՝ առաջիկա համապետական ընտրությունները արտահերթ, թե հերթական կլինեն: Եվ այս հանգամանքը բոլորովին ՀԱԿ-ի պահանջների հետ կապ չունի:
Եթե առավել ուշադիր լինենք, խոսքը ոչ թե խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արտահերթության, այլ դրանց հաջորդականության մասին է: Անորոշության գլխավոր պատճառը Ռուսաստանում դեռ պահպանվող անորոշությունն է: Հենց որ, ինչպես ակնկալվում է, սեպտեմբերի կեսերին, «Եդինայա Ռոսիյան» որոշում կայացնի, թե ում թեկնածությունն է առաջադրելու, Հայաստանում եւս որոշակիություն կառաջանա:
Եթե նախագահի թեկնածու առաջադրվի Պուտինը, ապա արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը կմեծանա: Իսկ եթե թեկնածուն լինի Մեդվեդեւը, ապա մեզ մոտ, ինչպեսեւ նախանշված է, կլինեն հերթական խորհրդարանական, նոր միայն նախագահական ընտրություններ: Հասկանալի է, որ այստեղ ՀԱԿ-ը դերակատարում չունի, թեեւ կարող է շահադիտություններ ունենալ, բայց որոշողը, ակներեւաբար, իշխանությունն է կամ Հանրապետական կուսակցությունը:
Անվիճելի է, որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները շատ թելերով են կապված ռուսաստանյան իրողություններին:

No comments: