Saturday, September 3, 2011

Ադրբեջանում կրոնական «պատերազմ» է. Իլհամ Ալիեւն ու Ալահշուքյուր Փաշազադեն տարբեր ճամբարներում են հայտնվել

News.am. 3-9-2011- Ադրբեջանում նամազը նշելու հետ կապված լուրջ տարածայնություններ են առաջ եկել, որի արդյունքում տարբեր ճամբարներում են հայտնվել երկրի նախագահն ու հոգեւոր առաջնորդը:
«Ադրբեջանի հավատացյալների մի մասն աշխարհի հավատացյալների մեծամասնության նման Ռամադանի տոնական նամազը կատարում է օգոստոսի 30-ին, իսկ մյուս մասը` 31-ին: Փաստորեն, Ադրբեջանում հերթական անգամ «երկակի» մոտեցում է ցուցաբերվում Ռամադանի հանդեպ»,-գրում է ադրբեջանական «Մուսավաթ» թերթը:
Թերթը նշում է, որ Ադրբեջանի կրոնական օրենքներով, տոն օրը պաս պահելը, իսկ պասի օրը տոնելը պղծություն է համարվում, սակայն Ադրբեջանում ամեն տարի նույն իրավիճակն է ստեղծվում, երբ մարդիկ պասի օրը տոնում են:
Անցած տարի Կովկասի մահմեդականների վարչության հայտնել էր, որ ստեղծված իրադրության միակ ելքը դա նամազը մեկը օրում նշելն է. շեյխը նամազի համար ընտրել էր օգոստոսի 31-ը, որը համապատասխանում է միայն Իրանի կրոնական օրենքներին: Մինչդեռ, իսլամական աշխարհի հեղինակավոր երկրները` Թուրքիան, Ինդոնեզիան, արաբական երկրները, Միջին Ասիայի, Ռուսաստանի եւ Վրաստանի մահմեդականները տոնական նամազը նշում են օգոստոսի 30-ին: Կրոնական կենտրոն Մեքքայում եւս տոնական նամազը օգոստոսի 30-ին են կատարում:
«Մուսավաթ»-ը հարց է բարձրացնում, թե ո՞րն է Ադրբեջանում ստեղծված «երկակիության» պատճառը, ինչու՞ Կովկասի մուսուլմանների վարչությունը ջանքեր չի գործադրում դրա վերացման ուղղությամբ, ինչո՞ւ Կովկասի շեյխ Ալահշուքյուր Փաշազադեն չի քայլում մուսուլմական աշխարհի եւ Կովկասի մուսուլմանների հետ միասին:
«Մուսավաթ»-ը նշում է մեկ այլ հետաքրքիր հանգամանք. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օգոստոսի 30-ին շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին տոնական նամազի առթիվ: Նման կերպ են վարվել նաեւ մի շարք ընդդիմադիր առաջնորդներ: Սակայն պարզվել է, որ տոնական նամազը ոչ թե 30-ին, այլ 31-ին է, քանի որ Կովկասի մուսուլմանների վարչությունն այդպես է որոշել:

No comments: