Saturday, September 3, 2011

Մոսկվան սառեցրեց Թուրքիայի համար ձեռնտու Սամսուն–Ջեյհան նախագիծը

Tert.am. 3-9-2011- Սամսուն–Ջեյհան նավթամուղը տնտեսապես ձեռնտու նախագիծ չէ, ինչի պատճառով ռուսական կողմը սառեցնում է նախագծի առնչությամբ իրականացվող բանակցային գործընթացը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է «Տրանսնեֆտ» ընկերության փոխնախագահ Միխաիլ Բարկովը։
«Թուրքական կողմն աջակցում է նախագծին, սակայն այն տնտեսապես աննպատակահարմար է։ Բանակցությունները սառեցված են, սակայն գնդակը Թուրքիայի կիսադաշտում է»,– ասել է Բարկովը՝ ընդգծելով, որ Թուրքիան կարող է պայմաններ ստեղծել, որպեսզի նախագիծը դառնա շահութաբեր։
Սամսուն–Ջեյհան նավթամուղը բավականին ձեռնտու նախագիծ է Թուրքիայի համար։ Այն ձգվելու է Թուրքիայի սևծովյան Սամսուն քաղաքից մինչև միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ։
Նշենք, որ տարիներ առաջ «Հարավային հոսք» նախագծի առնչությամբ Անկարայի և Մոսկվայի միջև իրականացվող բանակցություններում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի միջև համաձայնություն էր ձեռք բերվել այն մասին, որ նախագծի ստորջրյա հատվածի երթուղին անցնելու է հենց թուրքական տարածքով։ Փոխարենը Մոսկվան համաձայնել էր Թուրքիայի համար ձեռնտու Սամսուն-Ջեյհան նավթատարի կառուցմանը՝ ի վնաս Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս սեփական նախագծի, ինչպես նաև ընդառաջել Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման հարցում։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Մոսկվան որոշում կայացրեց սառեցնել Սամսուն–Ջեյհան նախագծն այն բանից հետո, երբ երեկ Անկարան հանդես եկավ Թուրքիայի տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակայելու մասին հայտարարությամբ, ինչի առնչությամբ Ռուսաստանը հայտնեց իր մտահոգությունը։

No comments: