Thursday, September 15, 2011

Զինվորին ու նրա մորը պետք է զինենք բանակի հանդեպ վստահությամբ. Սերժ Սարգսյան

Tert.am. 14-9-2011- Բանակի մարտունակությունը բարձրացնելու ենք` ժամանակին համաքայլ սպառազինությամբ ու մարտական տեխնիկայով ապահովելով մեր զինված ուժերը: Այս մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հրավիրած տոնական ընդունելության ժամանակ։ Ընդունելության մասնակցել են ՀՀ արդարադատության համակարգի, ուժային կառույցների ներկայացուցիչները և դիվանագետները: Նախագահը շնորհավորել է ընդունելության մասնակիցներին Անկախության տոնի առթիվ, մաղթել հաջողություններ:

Սերժ Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.
«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
Սա հրաշալի տոն է: Սա նաև մեր քսանամյա ուղին, մեր անելիքներն ու ապագայի պատկերացումները վերաիմաստավորելու լրջագույն առիթ է: Իսկ օրվա խորհուրդը մեր հնարավորությունն է սերունդներին փոխանցելու այն արժեքներն ու ժառանգությունը, որ մեզ թողել են նրանք, ովքեր քրտինքով ու արյամբ կերտել, պաշտպանել ու կայացրել են ազատ և անկախ Հայաստանը:
Ավելի քան երեք միլիոն հայաստանցիների հայրենիքը:

Միլիոնավոր աշխարհասփյուռ հայերի հայրենիքը:

Տունը, որտեղ ապրելու և երջանկության իրենց բաժինն են վայելելու մեր զավակները:
Երկիրը, որ պիտի շենանա, ծաղկի ու դեպի հավերժություն ընթանա նրանց արդար ջանքերով:
Անկախություն, որ ձեռք ենք բերել ոչ թե ճակատագրի քմահաճույքով, այլ նախ և առաջ ազատ ու անկախ Հայաստանի մասին մեր նախնիների հավերժող երազանքի անմար հուրը նոր ուժով բորբոքելով:
Ձեռք ենք բերել արդարության հաղթանակի հանդեպ վստահությամբ:
Ձեռք ենք բերել հերոսամարտերում մեր պապերի ու հայրերի կորովի ու ինքնազոհության անջնջելի պարտքի կանչով, որ մեզ է հասել հերոսության ու երազանքի հավերժական վկաների՝ մեր հողի ու ջրի ամեն բռով, մեր բաժին երկնքի ամեն պատառով ու մեզ ջերմացնող լույսի յուրաքանչյուր ճառագայթով:

Մենք մեր անկախությունը վաստակել ենք աշխարհին ու ինքներս մեզ ապացուցելով, որ մեր հողի վրա իրավունք ունենք ապրելու մե՛ր կերպով ու մե՛ր արժեքներով:

Ապացուցել ենք առաջին հերթին մեր բանակի հաղթանակներով:

Բանակ, որը ծնվեց մարտի դաշտում ու պատերազմի հնոցում դարձավ մեր նորանկախ պետականության կուռ վահանը և անխախտ հենասյունը:

Եվ հզորանալով ու ամրանալով` Հայոց բանակն այսօր ապավենն է ոչ միայն հայաստանցու անվտանգ ու ստեղծագործ կյանքի, այլև խաղաղության ու կայունության մշտարթուն երաշխավորն է մեր տարածաշրջանում:

Նա պատրաստ է խոյանալու Հայաստանի անկախության յուրաքանչյուր արտաքին սպառնալիքի դեմ` լինի մեր սահմաններին, զավթիչի տանիքի տակ, թե ցանկացած այլ կետում:

Այսպիսին է մեր բանակն այսօր:

Հայոց զինվորնե՛ր ու հրամանատարնե՛ր,

Պարոնա՛յք սպաներ,

Քաղաքակրթությունն ու մարդու պրպտուն միտքն այսօր ստեղծագործ աշխատանքի ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում, քան երբևէ:

Ցավոք, ահագնացել ու բազմացել են ստեղծագործ կյանքով ապրող շինարար ժողովրդի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող մարտահրավերները: Դրանց դիմակայելու համար պետք է մշտապես քայլենք առաջ, բարձրացնենք բանակի ոգին ու մարտունակությունը:

Բանակ, որի զինվորը ռազմի դաշտում ոչ միայն պաշտպանում, այլև կերտում էր իր պետության քաղաքացուն: «Զինվորը` զինվոր է, երբ ունի պետական մտածողություն». սովորեցնում էր անցած դարավերջի ասպետը՝ Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Մոնթեն, ով բոլոր կոչումներից գերադասեց մեկը՝ զինվորինը:

Պետական մտածողություն ունեցող, կրթված ու կարգապահ զինվորը և նրա ոգին են մեր բանակի մարտունակության գրավականը:

Մեր բանակի մարտունակությունը բարձրացնելու ենք` ժամանակին համաքայլ սպառազինությամբ ու մարտական տեխնիկայով ապահովելով մեր զինված ուժերը:

Սակայն ամենից առաջ ու ամենից ավելի պիտի զինվորին ու որդուն բանակ ճանապարհող մորը զինենք բանակի ու նրա հրամանատարների հանդեպ վստահությամբ:

«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»: Քսանամյա Հայաստանի Հանրապետության համար պիտի մեկընդմիշտ վերաիմաստավորենք մեծ Նժդեհի այս պատգամը: Եվ հավատացնում եմ, որ կունենանք առյուծածին մայրեր, որոնց որդիների արիությունը պակաս կարևոր կդարձնի Հայաստանը պաշտպանող ձեռակերտ ամրությունները:

Մեր մարտունակությունը պիտի գնահատենք ու զորացնենք ոչ միայն տարածաշրջանի այլ բանակների այսօրվա, այլև մեր իսկ բանակի երեկվա համեմատությամբ: Հետևողական աշխատանքով:

Ամեն օր, քայլ առ քայլ ամրացնելու ենք այն լարերը, որոնք բանակը կապում են քաղաքացիական հասարակության հետ: Զինվորին դարձնում քաղաքացի ու քաղաքացուն` զինվոր:

Միաժամանակ, սակայն, պետք է անխնա կտրատենք այն վնասակար թելերը, որոնք ոչ թե ամրացնում, այլ թուլացնում են բանակը, որոնք զինվորին ու սպային խճճում են կենցաղային ու տնտեսական խնդիրների հորձանուտում:

Միայն այս կերպ զորացնելով մեր բանակը` կարող ենք վստահ լինել, որ կկարողանանք խափանել մեր երկրի ազատությանն ու անկախությանը սպառնացող ոխակալ թշնամու հարվածը:

Մենք ամուր ենք առավել, քան երբևէ: Ու առանց երկիմաստության ասում ենք բոլորին.

Մենք պատրաստ ենք հաղթելու: Բայց կամենում ենք հաղթել միայն մտքով ու աշխատանքով:

Մենք պատրաստ ենք նվաճումների: Բայց կամենում ենք նվաճել արարման բարձունքները:

Մենք չենք վարանի թեկուզ արյան գնով պաշտպանել այն ամենը, ինչն իրականում մերն է: Բայց գերադասում ենք խաղողի արյունն ու որդան կարմիրը:
Իրավամբ, մեր ազատության ու անկախության պաշտպանը հայ զինվորն է:
Սակայն զինվորի կյանքն ու անվտանգությունը մեծապես կախված են նաև մեր դիվանագետների հաջող գործունեությունից:
Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար մենք պատրաստ ենք վճարել մեր դիվանագետների աշխատանքով` պահպանելով սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի կյանքն ու առողջությունը:

Հազարավոր զինվորներ ապահով իրենց ընտանիքների գիրկն են վերադարձել հենց մեր դիվանագետների շատ ու շատ անքուն գիշերների ու տքնաջան աշխատանքի արդյունքում:
Դիվանագիտական հաղթանակները մենք կարևորում ենք ոչ պակաս, քան հաղթանակը ռազմի դաշտում:
Մենք կարևորում ենք նաև մեր երկրի առջև ծառացող մարտահրավերներին դիմակայելու հարցում Ազգային անվտանգության մարմինների աշխատանքը: Մարդկանց, ովքեր, կարծես, ճակատի առաջին գծում չեն, բայց իրականացնում են բարդ և առանձնահատուկ աշխատանք: Նրանց ծառայությունը մեր ժողովրդի ապահովության, պետության անվտանգության և հասարակության բնականոն գործունեության կարևոր և հուսալի բաղկացուցիչն է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

No comments: