Thursday, September 15, 2011

«ԷՐԴՈՂԱՆԸ ԿՐԱԿԻ ՀԵՏ Է ԽԱՂՈՒՄ»

Գրում է գերմանական թերթըՙ գնահատելով նրա այցելությունը Եգիպտոս
«ԱԶԳ», 15-09-2011- Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Եգիպտոս այցելությունը լայն արձագանք է գտնում Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս: Մինչ թուրքական լրատվամիջոցները, ընդգծելով այցելության ռազմավարական նշանակությունը, հետեւություն են անում, թե տարածաշրջանում սկիզբ է դրվում թուրքական դարաշրջանի, Իսրայելը կասկածի տակ է դնում Էրդողանի այցին կամայականորեն վերագրվող այս նշանակությունը:
Այդ ընթացքում Էրդողանը Եգիպտոսի վարչապետ Ասամ Շարաֆի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում, ապա նաեւ Կահիրեի համալսարանում, նախ քննադատում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, այնուհետեւ Իսրայելին: Ասադի պարագայում նրա ելույթը խորհրդատվական, իսկ Իսրայելիՙ սպառնալիքի բնույթ էր կրում եւ հաճախ ընդհատվում էր ողջույնի բուռն բացականչություններով:
Սիրիայի առնչությամբ, ըստ թուրքական հանրային հեռուստատեսության հաղորդման, Էրդողանն ասաց. «Մենք ի սկզբանե ամեն տեսակի աջակցություն ենք առաջարկել մեծարգո նախագահ Ասադին, նրան ներշնչել ենք կատարելու Սիրիայի ժողովրդի օրինական պահանջներից բխող բոլոր բարեփոխումները: Առիթ ենք ընձեռել, որ Սիրիայի վարչակարգը կյանքի կոչի դրանք: Սակայն տեսնում ենք, որ երկրում օրեցօր աճում է սպանված խաղաղ բնակիչների թիվը, իսկ բարեփոխումները ոչ մի կերպ չեն իրականացվում: Սեփական ժողովրդին կոտորածի ենթարկողը օրինական լինել չի կարող: Ներկա պահին Սիրիայի ժողովուրդը չի վստահում Ասադին, նա ճշմարտությունը չի ասում, ես նույնպես չեմ վստահում: Նրան չենք վստահում մենք բոլորս: Սեփական ժողովրդին սպանող ամեն մի առաջնորդ կզրկվի օրինականությունից: Ավելին, նա հավերժ կդատապարտվի մարդկանց խղճում: Սիրիայի առաջնորդը, շարունակելով իր բռնած սխալ ուղին, չի կարող խաղաղություն եւ կայունություն բերել երկրին: Ցանկանում ենք, որ այս ճշմարտությունը մեծարգո Ասադի գլխավորությամբ հնարավորինս շուտ ըմբռնեն երկրի իշխանությունները»:
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա վարչապետ Էրդողանը այդ երկրին անդրադարձավ իր այցի ռազմական նշանակությանն իսրայելական կողմին տված բացասական գնահատականի ենթատեքստում:
Նա նշեց. «Այս կարգի այցերի, Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը հավանաբար Իսրայելից կախված չէ: Ռազմավարությունը մենք ենք սահմանում, ըստ այդմ էլ համապատասխան քայլեր կատարում: Եգիպտոսի հետ ձեռք բերված փոխհամաձայնության մասին արդեն արտահայտվել եմ: Միջազգային ջրերում Իսրայելը սպանել է մեր 9 քաղաքացիներին: Օրերս եգիպտացի մեր 5 եղբայրներին սպանողը այդ նույն Իսրայելն է: Իսրայելը նույնիսկ իրավունք չունի խաղաղություն բառը բերանն առնելու: Քանի դեռ Թուրքիայից ներողություն չի խնդրել, փոխհատուցում չի վճարել զոհվածների համար եւ չի վերացրել Գազայի շրջափակումը, ուժի մեջ կմնան Իսրայելի նկատմամբ մեր պատժամիջոցները»:

Այս ելույթի լույսի տակ անգլիական «Ինդեփենդենթը» Էրդողանի Եգիպտոս այցելությունը գնահատելիս գրեց. «Թուրքիայի վարչապետը նպատակադրվել է դառնալ արաբական աշխարհի առաջնորդը», «Գարդիանը» նշեց. «Մի քանի տարի առաջ Թուրքիան չէր էլ կարող մտածել Իսրայելի նկատմամբ կոշտ դիրքորոշում որդեգրելու մասին: Սա արտաքին քաղաքականության մեջ Անկարայի անկախության հռչակագիրն է», իսկ «Դեյլի տելեգրաֆը» ավելացրեց. «Տեսնելով, որ ապարդյուն են անցնում Եվրոմիությանն անդամակցության ձեռնարկումները, Էրդողանը զորավիգ է կանգնում արաբների համար խիստ զգայուն պաղեստինյան դատին, որ տարածաշրջանում նպաստի Թուրքիայի հզորացմանը: Սակայն Եգիպտոսի ժամանակավոր զինվորական վարչակարգը կասկածանքով է նայում Էրդողանի այցին»:
Էրդողանի այցը «Նյու Յորք թայմս»-ում բնութագրվել է իբրեւ շոու, «Հաարեցը» դրա առնչությամբ գրել է, որ Էրդողանը հակաիսրայելական կեցվածքով ծանր կացության մեջ է գցում Իսրայելի հետ հաշտությանն ընդվզող ժողովրդի պահանջները հակակշռելու ձգտում ունեցող եգիպտական իշխանություններին, որոնք միաժամանակ վախենում են, որ Էրդողանի ներկայությունը հակաիսրայելական ցույցերի պատճառ դառնա երկրում, իսկ գերմանական «Ռեյնիշխ փոստը» եզրակացրել է. «Էրդողանը կրակի հետ է խաղում: Նրա հաշվարկները պարզ են: Նա իր եւ արաբական երկրում մեծ ժողովրդականություն վայելող հակաիսրայելականությունը փորձում է օգտագործել որպես Թուրքիայի տարածաշրջանային գերտերություն դարձնելու միջոց»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: