Thursday, September 22, 2011

Աքչամ. Հայոց ցեղասպանությունը ժխտող գիտնականները Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից կաշառված են

Panorama.am. 22-9-2011- Բրիտանական «Times Higher Education» պարբերականը տպագրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդված, որը վերնագրված է. «Արդյո՞ք մենք կարող ենք Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ճշմարտությունն իմանալ»:
«Թուրքիայում «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին 2007 թ-ին սպանեցին այն բանի պատճառով, որ նա տարիներ շարունակ քննադատում էր երկրի՝ ցեղասպանությանն ուղղված ժխտողական քաղաքականությունը: Դինքի սպանությունից առաջ դատական գործ էր հարուցվել նրա դեմ՝ «թուրքերին քննադատելու համար»: Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկի դեմ նույնպես նույն խնդրի պատճառով, դատական գործ էր հարուցվել: Ներկայումս մի շարք գիտնականներ պնդում են, որ այն գիտնակները, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից կաշառված են»,-գրում է պարբերականը:
Թաներ Աքչամը՝ Մասաչուսեթսի Քլարկ Համալսարանի դասախոսը, Բուխարեստում Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի ժամանակ, հայտարարել է, որ իրեն Ստամբուլից տեղեկացրել են, ով ցանկացել է անանուն մնալ, որ խոշոր չափերի հասնող գումարներ են տրվել այն գիտնականներին, ովքեր պատրաստ են հայտարարել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել:
«Եթե ինչ-որ մեկը աշխատում է Հայոց ցեղասպանության խնդրի վրա և օգտագործում այդ տերմինը, ապա նա կարող է անմիջապես կորցնել իր աշխատանքը: Եվ սա է պատճառը, որ մի շարք գիտնականներ չեն օգտագործում ցեղասպանություն տերմինը: Եթե ես ցանկանամ Թուրքիայում աշխատել, ապա ես որևէ աշխատանք չեմ կարող գտնել այնտեղի համալսարաններում: Ոչ մեկ ինձ չի կարող աշխատանքի ընդունել, քանի որ կառավարությունն անմիջապես կահաբեկի նրանց»,- նշել է Աքչամը:
«Եթե Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանն ու կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, ապա դա դրական ազդեցություն կունենա ցեղասպանության և մի շարք այլ բնագավառների ուսումնասիրության վրա: Հարաբերությունների կարագավորումը կարևոր քայլ կհանդիսանա, որ այս բնագավառում ավելի անկախ գիտական աշխատանքներ իրականացվի»,- նշել է Աքչամը:

No comments: