Tuesday, September 6, 2011

Թուրքիան պատրաստվում է Իսրայելի դեմ հայցադիմում ներկայացնել Հաագայի միջազգային դատարան

Panorama.am. 5-9-2011- Թուրքիան պատրաստվում է Գազայի հատվածի շրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարան Իսրայելի դեմ հայցադիմում ներկայացնել:
«Բլումբերգ» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերով, պաշտոնական Անկարան այդ քայլին կդիմի «մոտակա շաբաթվա ընթացքում»:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ օրը Ահմեդ Դավութօղլուն հայրարարել էր այն մասին, որ Թուրքիան երկրից վտարում է Իսրայելի դեսպանին և դադարեցնում է այդ երկրի հետ ռազմական համագործակցությունը:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել էր, որ նման որոշման պատճառ է հանդիսացել Իսրայելի իշխանությունների՝ «Մավի Մարմարա» շոգենավի գրոհի ժամանակ Թուրքիայի քաղաքացիների զոհվելու կապակցության ներողություն հայցելուց հրաժարվելու որոշումը:

Հիշեցնենք նաև, որ 2010թ մայիսի 31-ին «Մավի Մարմարա» շոգենավը գրավվել էր իսրայելական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից: Գրոհի ժամանակ զոհվել էին 9 թուրք գրոհայիններ: Իսրայելական կողմի հավաստմամբ՝ իսրայելցի զինվորները ստիպված են եղել կրակ բացել, քանի որ նավի վրա գտնվող թուրք ակտիվիստների կողմից հարձակման էին ենթարկվել:
Իր հերթին ՄԱԿ-ի՝ միջադեպը քննող հատուկ հանձնաժողովը Իսրայելի կողմից ուժի կիրառումը համարել է անհամաչափ:
Պաշտոնական Անկարան իրավական ուժ չունեցող որոշում էր որակել ՄԱԿ-ի սույն հայտարարությունը` հավելելով որ այն կազմվել է ոչ թե «դատավորների այլ քաղաքական գործիչների կողմից»:

No comments: