Monday, September 12, 2011

Հայ-ամերիկյան խորհուրդն իր վրդովմունքն է հայտնել Քլինթոնին. Դուք գիտեիք, որ Եղեռնի վերաբերյալ արխիվը ոչնչացվում է

HayNews.am. 12-9-2011- Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հովանու ներքո գործող Հայ-ամերիկյան խորհուրդը (Armenian Council of America) բաց նամակով է ուղղել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որտեղ իր վրդովմունքն է հայտնել Թուրքիայում Հայոց ցեղասպանության արխիվների ոչնչացման կապակցությամբ, փոխանցում է Massispost-ը: ՀԱԽ-ի նամակում նաև նշվում է.
«Հայ-ամերիկյան խորհրդի և ամերիկահայերի անունից ցանկանում ենք Ձեզ հայտնել, որ վրդովված ենք նաև ԱՄՆ-ի պետքարտուղարության պահվածքից: Դուք գիտեիք, որ Թուրքիայում ոչնչացվում է Ցեղասպանության հետ կապ ունեցող կարևոր արխիվ, և միևնույն ժամանակ կոչ էիք անում Հայաստանի և Թուրքիայի կառավարություններին հայ-թուրքական Արձանագրությունների մեջ մտցնել «երկու երկրների միջև առկա պատմական խնդիրների քննարկման և արխիվների ուսումնասիրման» մասին դրույթը:
Որպես Միացյալ Նահանգների քաղաքացիներ, մենք հույս ունեինք, որ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման անաչառ միջնորդը: Չնայած դրան` WikiLeaks-ի գաղտնազերծած դիվանագիտական փաստաթղթերից երևում է, որ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունն ամբողջովին տեղյակ է Թուրքիայում պատմական արխիվի ոչնչացման փաստից, և այդ պայմաններում պնդում է հայ-թուրքական Արձանագրությունների կենսունակությունը:
Խաղաղությունն ու համագործակցությունը հանդիսանում են տարածաշրջանի բարգավաճման կարևորագույն նախապայման, և Հայ-ամերիկյան խորոհւրդը պատրաստ է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, սակայն ընդունելի չէ, որ այդ առաջխաղացումը ձեռք բերվի պատմական արդարության հաշվին: Նմանատիպ դիրքորոշումը նախադեպ է, որպեսզի 21-րդ դարում տեղի ունենան այլ ցեղասպանություններ:
Տիկին Պետքարտուղար, մենք համառորեն հորդորում ենք Ձեզ, որպեսզի Ձեր ղեկավարած կառույցը փոխի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մենք նաև հույս ունենք, որ ԱՄՆ-ի կառավարությունը կստիպի Թուրքիային հաշտվել իր անցյալի հետ և ընդունել Ցեղասպանության փաստը»,-ասված է Հայ-ամերիկյան խորհրդի բաց նամակում:

No comments: