Thursday, September 1, 2011

Ղարաբաղցիները կարող են փոխարինել Հայաստանի նախագահին. Ալեքսանդր Իսկանդարյան

Tert.am. 1-9-2011- «Քսան տարի առաջ փոքր տարածքում ապրող փոքրաթիվ ժողովրդի կողմից, տարբեր շրջափակումների, օդային ու ցամաքային բարդ հաղորդակցության պայմաններում, իրականացրած գործողությունները այն ժամանակ մոտ վեց միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանի դեմ հրաշքի պես բան էին»,– լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով Ղարաբաղի քսանամյա անկախության մասին։ Որպես Արցախի ժողովրդի և պետության կայացման կարևորագույն գործոն՝ նա մատնանշեց ղարաբաղցիների կողմից նախկինի պես Ղարաբաղը վերահսկելն ու պետական ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը։
«Ղարաբաղում իշխանություններ են ձևավորվում, նաև տեղի է ունենում իշխանության ռոտացիա, ինչը բարձր է գնահատվում վերլուծաբանների կողմից՝ որպես ժողովրդավարական պետության կայացման գործընթացի բաղկացուցիչ մաս»,– հավելեց քաղաքագետը։ Նրա կարծիքով՝ քսանամյա անկախության մեջ ամենակարևորն այն է, որ Ղարաբաղում սերունդ է աճել, ովքեր ապրում են այլ իրականության մեջ, ապրում են անկախության մեջ։
«Քաղաքական առումով ԼՂ–ն էական աստիճան ունի անկախության առումով. ղարաբաղցիներն իրենք են ընտրում իրենց իշխանություններին, նախագահին։ Նրանք չեն ընտրում Հայաստանի նախագահին, կամ Հայաստանի քաղաքացիները չեն ընտրում ԼՂ նախագահին։ Սա շատ կարևոր է։ Ղարաբաղցիները կարող են փոխարինել Հայաստանի նախագահին»,– հայտարարեց քաղաքագետը։
Անդրադառանալով ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց.
«Ես ոչ մի հնարավորություն չեմ տեսնում ԼՂ կարգավորման հարցում, եթե Ադրբեջանը շարունակի չհամաձայնել Արցախի անկախության փաստի հետ։ Ոչինչ տեղի չի ունենա, քանի որ կողմերի պատկերացումները այն փոխզիջումների շրջանակի շուրջ, որոնք պարբերաբար հնչում են, այդպիսի հեռանկար չեն ստեղծում։ Հայկական կողմի դիրքորոշումն անընդունելի է Ադրբեջանի համար և հակառակը»,–ասաց նա։
Ըստ բանախոսի,Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարևարագույն դերակատարում, թեև ոչ Մոսկվայի նախաձեռնությամբ, այդուհանդերձ վերապահված է Ռուսաստանին։
«Մինսկի խմբի հիմնական շարժիչը Ռուսաստանն է։ Եղել են այնպիսի շրջափուլեր, երբ Մինսկի խմբի մյուս անդամներն առավել ակտիվ են եղել, քան Ռուսաստանը։ Բայց ներկայումս Մոսկվայի մասնակցությունը բանակցային գործընթացին որոշակիորեն ակտիվացել է, քանի որ հաղթահարվել են 2008 թվականի օգոստոսյան հակամարտության հետևանքով առաջացած հանգամանքները, բացի այդ, մյուս համանախագահներն իրենք ոչ պակաս խնդիրներ ունեն»,– ասաց քաղաքական վերլուծաբանը։

No comments: