Thursday, September 1, 2011

«Օրհնված ոտը» երերում է բլրի վրա

«Լրագիր» 1-9-2011- է ունեցել Պատվո Բլուր հուշահամալիրի հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Ռուսաստանի Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Յուրի Մուրադովը, «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահներ Վիկտոր Կրիվոպուսկովն ու Անդրանիկ Նիկողոսյանը, գիտության, արվեստի, ռուսական բիզնեսի ներկայացուցիչներ:
Ռուսաստանի դեսպանը ելույթ է ունեցել եւ ինչպես հաղորդագրության մեջ է նշվում` «քննադատության ենթարկեց հայ-ռուսական ընդհանուր պատմական հիշողության աղավաղման` վերջին շրջանում մեծ թափ ստացած փորձերը»: «Մենք իրավունք ունենք հիշեցնելու քաղաքական գործիչներին և գաղափարախոսներին, ինչպես նաև նրանց դրդողներին, որոնք իրենց են վերապահում պատմությունը ձևափոխելու իրավունքը, առանց ետ նայելու ամենը վերից վար շրջողներին, իրենց ժողովուրդների գիտակցությունը կլոնավորողներին, որ այդպիսի գործելաոճով իրենք կորցնում են կողմնորոշումը ժամանակի և տարածության մեջ: Նրանց հարկ կա հիշեցնելու անտիկ փիլիսոփաների բառերը. անգամ աստվածները չեն կարող չեղածը եղած դարձնել», հայտարարել է դեսպանը: Նա հավաստիացրել է ներկաներին, որ Ռուսաստանն այն երկիրն է, որի վրա կարելի է հույս դնել ազգային լուրջ խնդիրների լուծման հարցում:
Թե ինչպես կարելի է հույս դնել Ռուսաստանի վրա, այն էլ ազգային հարցերում, հայ ժողովուրդն առանց դեսպան Կովալենկոյի էլ լավ գիտե: Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում մի քանի անգամ հույս դրել է ռուսների վրա, անգամ օրհնել է ինչ որ սհաթներ: Արդյունքը եղել է այն, որ ռուս-թուրքական գործարքների հետեւանքով Հայաստանը զրկվել է իր մասերից, կրել տարածքային ու մարդկային կորուստներ:
Բոլորովին վերջերս էլ Սերժ Սարգսյանը երեւի հույսը կրկին ռուսների վրա դրած որոշեց Մոսկվայից հրավեր ուղղել Գյուլին ու ֆուտբոլային դիվանագիտություն սկսել, եւ միայն աշխարհաքաղաքական հանգամանքների բարեհաջող բերումով էր, որ ռուսների վրա դրված հերթական հույսի զոհ չդարձավ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը:
Այդ պայմաններում, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը բնականաբար պետք է մտահոգվի հայ ժողովրդի պատմական գիտակցության «կլոնավորման» վտանգով, որովհետեւ հայերի վրա Ռուսաստանի տնտեսա-քաղաքական մեծ իշխանությունը պայմանավորված է առաջին հերթին այն բարոյահոգեբանական ազդեցությամբ, որ պատմական գիտակցության շնորհիվ ներարկվել է հայությանը, թե հայերի բարեկամն աշխարհում միայն Ռուսաստանն է եւ միայն Ռուսաստանն է, որ պատրաստ է հայերին պաշտպանել նրանց թշնամիներից:
Ռուսաստանի համար բնականաբար դժվար է պատկերացնել, որ հայերը հանկարծ կարող են վերանայել պատմական իրադարձություններն ու դրանք փորձեն դիտարկել բազմակողմանիորեն: «Անգամ Աստվածները չեն կարող չեղածը եղած դարձնել», փորձում է հեթանոսական տերմինաբանութամբ հայ ժողովրդին դաս տալ Ռուսաստանի դեսպանը: Այդ ի՞նչն է ըստ նրա չեղածը: Երեւի ըստ նրա չեղած բան է, որ հայ ժողովուրդը սկսի պրագմատիկ վերլուծության եւ դատողության ենթարկել Ռուսաստանի «փրկիչ» դերն իր կյանքում: Բայց եթե ռուսներն իրապես մտածեին, որ դա չեղած բան է, հազիվ թե դեսպանը այդպես անհանգստանար հայ ժողովրդի գիտակցության «կլոնավորմամբ»: Ռուսաստանն ըստ ամենայնի շատ լավ է հասկանում, որ իրականում Ռուսաստանի դերի եւ նշանակության հարցի վերանայումը հայ ժողովրդի կյանքում բավական արդիական եւ հրատապ թեմա է դառնում եւ արդեն իսկ արձանագրել է հասարակական լուրջ առաջընթաց:
Հայաստանում քաղաքացիականության վերելքը նաեւ փոխել է պատմական իրադարձություններին եւ դրանցից բխող կարծրատիպերին անդրադառնալու տեսանկյունն, ու Ռուսաստանն աստիճանաբար դադարում է հայ ժողովրդի գիտակցության մեջ լինել միակն ու անկրկնելին, այլ ընկալվում է իբրեւ Հայաստանի համար գործընկերային պոտենցիալ ունեցող պետությունների շարքում մի պետություն, որի հետ հարաբերությունն իհարկե չափազանց կարեւոր է Հայաստանի համար, բայց ինչը պետք է կառուցվի միմիայն Հայաստանի քաղաքացիական ապագայի առաջնահերթություններից ելնելով, հաշվի առնելով Հայաստանի պետական շահը: Իսկ Հայաստան ասելով էլ տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ Հայաստանի քաղաքացիներին, ոչ թե Հայաստանի իշխանությանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: